ԵԱՏՄ-Իրան համագործակցությունը մեծ հեռանկարներ է բացում Հայաստանի համար. Մեսրոպ Առաքելյան

«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները միշտ էլ եղել են Հայաստանի տնտեսության թույլ կետերից մեկը, քանի որ առկա պոտենցիալը չենք կարողացել լիարժեք օգտագործել: Իհարկե, կան օբյեկտիվ պատճառներ` Իրանի նկտամամբ պատժամիջոցները, որոնք, օրինակ, ֆինանսական համակարգից դուրս են թողել Իրանին, որը բավականին լուրջ խնդիր է լիարժեք տնտեսական հարաբերություններ ունենալու համար: Սակայն, միևնույն է, եթե դիտարկենք Իրանի հետ առևտրաշրջանառությունը, ապա դրա մեջ բավականին փոքր մաս է կազմում արտահանումը, որը մեզ համար հատկապես կարևոր է, գերակշիռ մասը գազի և էլեկտրաէներգիայի բարտերն է: ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը մեծ հեռանկարներ է բացում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը` անդրադառնալով ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի կնքմանը:

Ընդ որում, ըստ նրա՝ այստեղ ոչ թե ԵԱՏՄ անդամ լինելով պետք է օգտագործենք մեր հնարավորությունները` համագործակցելով այդ երրորդ երկրի հետ, այլ բացառիկ հնարավորություն է ընձեռվում դառնալ այս համագործակցության հիմքը՝ հաշվի առնելով, որ Իրանի հետ մեր սահմանի առկայությունը բավականին մեծ հնարավորություններ է տալիս, և համագործակցության ակտիվացման նախորդ փորձը` ազատ տնտեսական գոտու ստեղծումը, անհրաժեշտություն ունի ավելի մեծ ակտիվությամբ իրականացնել, և կունենանք ավելի լավ արդյունք:

«Հիմնական մեր նպատակը պետք է դառնա արտահանման ավելացումը դեպի Իրան, և նաև որոշ չափով արտահանման գոտի կդառնանք նաև Ռուսաստանի համար, որ իր ապրանքների մի մասն Իրան կարտահանի Հայաստանի միջոցով»,- ասաց Մ.Առաքելյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ երրորդ երկրները ևս փորձեն Հայաստանի միջոցով իրենց ապրանքներն արտահանել Իրան, տնտեսագետը պատասխանեց, որ այդ տարբերակներն ընդունելի են ամբողջ աշխարհում, որ օգտվելով արտոնություններից՝ չի բացառվում, որ երրորդ երկրները, այդ թվում` եվրոպական, փորձեն Հայաստանի միջոցով այստեղ արտադրություն կազմակերպել և արտահանել Իրան.

«Նման օրինակ ունենք` «Ռուսալը» և իր դուստր ընկերությունը` «ՌուսալԱրմենիան»: «Ռուսալի» նկատմամբ եվրոպական պատժամիջոցների պարագայում «ՌուսալԱրմենիայի» միջոցով փաստացի ռուսական արտադրանքը, իսկ իրականում` ռուսական, ազատ արտահանվում է: Այսինքն` նման մոդելներն աշխարհում կիրառելի են, և կարծում եմ՝ այդ շանսը պետք է օգտագործել»,- ասաց Մ.Առաքելյանը:

Նա կարևորեց, որ Իրանի հետ համագործակցությունը մեծացվի փոքր ու միջին բիզնեսի մակարդակում, և չփորձենք միայն պետական գլոբալ ծրագրերն առաջ տանել. «Մասնավոր մակարդակի բիզնեսն ակտիվացնելով՝ ավելի շուտ հաջողության կհասնենք, քան՝ անընդհատ մտածելով ինչ-որ գլոբալ ռազմավարական համագործակցության մասին»:

Տեսանյութեր

Լրահոս