«Հայաստանը կարող է դառնալ անվտանգության այն կղզյակը, որը հրապուրիչ կթվա անկայուն Մերձավոր Արևելքի համար». Արաքս Փաշայան

Հարցազրույց Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանի հետ

Տիկին Փաշայան, վերջին շրջանում նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս խոսել է Հայաստանի արտաքին քաղաքական տարբեր ուղղությունների մասին, կարևորել Ռուսաստանի, Իրանի, ՎրաստանիԵվրամիության, ԱՄՆի հետ համագործակցությունը, իսկ ամենաթեժ կետերից մեկի՝ Մերձավոր Արևելքի մասին, կարծես թե, խոսք չկա։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է դապայմանավորված։

– Միջինարևելյան ուղղության մասին, կարծում եմ` պետք էր խոսել։ Հույս ունեմ, որ առաջիկայում այդ բացթողումը կվերանայվի։ Մինչև այս պահը, փաստորեն, շեշտադրվել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Խոսվել է այն մասին, որ ներքաղաքական գործընթացները Հայաստանում աշխարհաքաղաքական ենթատեքստ չունեն։ Ամեն պարագայում, կարծում եմ, որ միջինարևելյան ուղղությունը պետք է հավուր պատշաճի արժևորվի։ Եթե նախկինում այս ուղղությունն առաջնահերթություն չէր, ապա կարծում եմ, որ այսուհետ այն պետք է արտաքին քաղաքական գերակա ուղենիշերից մեկը դառնա։ Հայաստանը, աշխարհագրորեն գտնվելով Հարավային Կովկասում, քաղաքակրթական առումով իրականում պատկանում է Մերձավոր Արևելքին։

Բացի այն, որ այս պահին Մերձավոր Արևելքն ամենաթեժ կետերից է, այնտեղ նաև մեծ հայկական համայնք ունենք, նոր կառավարությունն ի՞նչ անելիքներ ունի այս ուղղությամբ։

– Իսլամի ի հայտ գալուց հետո հայ ժողովրդի պատմությունը՝ թե՛ ավանդական պատմական Հայրենիքում, թե՛ դրա սահմաններից դուրս, ուղղակիորեն առնչվել է Մերձավոր Արևելքին։ Ընդհանրապես, հայերն իսլամական հասարակությունների և արաբական, թյուրքական և իրանական ծագում ունեցող տարբեր էլիտաների հետ շփման և համագործակցության մեծ փորձ ունեն։ Կարելի է ասել, որ հայերը Մերձավոր Արևելքի խճանկարի կարևոր բաղկացուցիչն են եղել։

Մյուս կողմից, հայերն այս տարածաշրջանում պատմական տարբեր շրջափուլերում եղել են քաղաքական, զինվորական, առևտրական, արհեստավորական էլիտաներ։ Այդ իսկ պատճառով, ներկայումս, չնայած տարածաշրջանին բնորոշ բարդ ու խրթին իրողություններին, կարծում եմ՝ Հայաստանը պետք է իրեն ինքնավստահ զգա Մերձավոր Արևելքի պետությունների ու տարբեր շրջանակների հետ հարաբերություններում։ Հայաստանը պետք է հստակ ձևակերպի իր շահերն ու հետաքրքրությունները Մերձավոր Արևելքում։

Նշեցիք, որ Հայաստանը պետք է հստակ ձևակերպի իր շահերն ու հետաքրքրությունները Մերձավոր Արևելքում, նախ՝ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի համագործակցությունը մերձավորաևելյան երկրների հետ, և ո՞ր երկրների հետ է այսօր հիմնական համագործակցությունը։

– Ներկայումս Մերձավոր Արևելքում Հայաստանը բավական հաջող կերպով համագործակցում է Իրանի հետ։ Հայաստանը գործընկերային հարաբերություններ ունի արաբական մի շարք երկրների հետ, ինչպես, օրինակ՝ Սիրիա, Եգիպտոս, Լիբանան, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Հորդանան և այլն։ Մենք թե՛ Իրանի, թե՛ արաբական աշխարհի հետ քաղաքական հարցեր չունենք։ Բացի այդ, Հայաստանը հավասարակշռված դիրքորոշում ունի Մերձավոր Արևելքում առկա մի շարք խնդիրների ու հակամարտությունների վերաբերյալ։

Սակայն, թե՛ Իրանի, և թե՛ արաբական երկրների հետ Հայաստանի համագործակցությունը պետք է է՛լ ավելի ընդլայնվի։ Հայաստանը կարիք ունի ավելի սերտացնել համագործակցությունը Մերձավոր Արևելքի տարբեր շրջանակների հետ՝ խորհրդարանական, քաղաքական, գիտական, գործարար, մշակութային, տեղեկատվական, հասարակական և այլն։ Հայաստանը պետք է ավելի լավ ներկայացված լինի արաբական մեդիա դաշտում։ Նշված բոլոր երկրներում կան հայկական համայնքներ, որոնք Հայաստանի անկախությունից հետո շոշափելի դերակատարություն են ունեցել և ունեն մեր երկրի և Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների հետ հարաբերությունների սերտացման հարցում։

Իսկ Իսրայելի հետ Հայաստանի հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում, այդ երկրի փորձագիտական և քաղաքական տարբեր շրջանակների կողմից համագործակցության առաջարկներ են հնչում, թեկուզև՝ զենքզինամթերքի վաճառքի վերաբերյալ, սակայն Հայաստանը, կարծես թե, առանձնապես քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ։ Բացի այդ, Իսրայելը պատրաստվում է դեսպանություն բացել Երևանում, այս մասով ի՞նչ կասեք։

– Կարծում եմ՝ համագործակցությունն Իսրայելի հետ կարևոր է։ Այդ տեսանկյունից վերջերս ՀՀ արտգործնախարարի՝ Իսրայել կատարած այցելությունն անհրաժեշտ էր։ Իսրայելը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ ամենատարբեր, այդ թվում՝ ռազմական և ռազմաարդյունաբերության ոլորտներում։ Ապրիլյան պատերազմի ժամանակ այդ համագործակցությունն ի վնաս հայկական կողմի աշխատեց։

Տարիներ շարունակ Հայաստանը, ըստ ամենայնի, մտավախություն ունենալով չվնասել Իրանի հետ շատ կարևոր ու առանցքային նշանակություն ունեցող հարաբերությունները, զերծ է մնացել Իսրայելի հետ համագործակցությունից։ Կարծում եմ՝ կարելի է այդ բացը լրացնել։ Հայաստանի համար շահեկան կլինի համագործակցությունն Իսրայելի հետ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում։ Բացի այդ, Հայաստանն ունի շահեր Իսրայելում՝ հայ համայնք, հայկական ազգային հարստություններ, և այլն։ Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը կարողանա ուղիղ կապ ունենալ Իսրայելի հետ և ձևակերպի իր հետաքրքրությունները։

Ընդհանրապես, Հայաստանի համար շատ կարևոր է հավասարակշռել հարաբերությունները տարածաշրջանում։ Վստահ եմ՝ Իրանում գիտակցում են, որ Հայաստան-Իսրայել հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ պետության դեմ, եթե նկատի ունենաք, որ Թեհրանը և Բաքուն բավական սերտորեն համագործակցում են։

Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հիմնական խնդիրները որո՞նք են։

– Հայաստանը ցայսօր չունի հարաբերություններ իսլամական աշխարհի առաջատար պետություններից մեկի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ։  Նույնը վերաբերում է նաև միջազգային հարաբերություններում մեծ կշիռ ունեցող Պակիստանին և Թուրքիային, որոնք Սաուդյան Արաբիայի նման՝ Հայաստանի հետ հարաբերություններում առաջ են քաշում երրորդ պետության շահը, տվյալ դեպքում՝ նախապայման դնելով արցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունը։

Կարծում եմ, որ նոր իշխանությունների օրակարգում այս հարցերը նույնպես պետք է շարունակեն տեղ գտնել։ Հայաստանը պետք է փորձի ճեղքել այդ պատնեշը և բոլոր ուղղություններով աշխատել։ Բացի այդ, մտահոգիչ է, որ Իսլամական համագործակցություն կազմակերպությունը (ԻՀԿ), որի ամենաազդեցիկ անդամներից են հենց նշված պետությունները, տևական ժամանակ է, ինչ շատ կոշտ դիրքորոշում ունի Հայաստանի հարցում։

Հենվելով բացառապես ադրբեջանական տեղեկատվության վրա և առաջնորդվելով իսլամական համերաշխության գաղափարներով՝ այս կազմակերպությունն առաջ է տանում Ադրբեջանի հետաքրքրությունները։ Փաստորեն, Բաքուն ավելի քան երկու տասնամյակ արտահանում է արցախյան հակամարտությունն իսլամական աշխարհ։ Այս հանգամանքն իր գործնական կիրառությունն է ստանում ՄԱԿ-ում՝ արցախյան հակամարտության վերաբերյալ ԻՀԿ անդամ պետությունների քվեարկություններով։

Հայաստանի համար համագործակցության ի՞նչ այլ հակակշիռներ և ի՞նչ հեռանկարներ կան այս տարածաշրջանում։

– Պետք է նշել, որ հաջող է Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի հետ համագործակցությունը։ Հայաստանն այն բացառիկ պետություններից է, որն ունի դիտորդական առաքելություն այդ կազմակերպության մեջ և կարող է արտահայտել կամ առաջ քաշել իր տեսակետները։ Բացի այդ, Հայաստանը դիվանագիտական առաքելություններ ունի ներքաղաքական անկայուն կամ պատերազմական իրավիճակներ ունեցող առանձին երկրներում, ինչպես, օրինակ՝ Իրաքում և Սիրիայում։ Հայաստանն այն բացառիկ պետություններից է, որ հյուպատոսություն ունի Հալեպում, իսկ Դամասկոսում՝ դեսպանություն։

Իսկ ի՞նչ կասեք հեռանկարների մասին։

– Կարծում եմ՝ Հայաստանը Մերձավոր Արևելքի հետ համագործակցության ավելի մեծ հեռանկարներ կարող է ունենալ։ Եթե Հայաստանում իսկապես վերանան տնտեսական մենաշնորհները, և ներդրումների ու տնտեսական այլևայլ ձևաչափերով համագործակցության նորանոր հնարավորություններ ստեղծվեն, Հայաստանը կարող է դառնալ անվտանգության այն կղզյակը, որը հրապուրիչ կթվա անկայուն Մերձավոր Արևելքի համար։ Մեծ թափ կարող է ստանալ զբոսաշրջությունը։ Բազմաթիվ այլ ոլորտներ կարող են ավելի հրապուրիչ թվալ ներդրողների համար։ Հայաստանը Մերձավոր Արևելքի համար կարող է դառնալ նաև գիտական հարթակ, որը միջնորդություն կարող է ստեղծել տարբեր կողմերի համար՝ ազատ ու անկաշկանդ քննարկումներ կազմակերպելու համար։

Արդյո՞ք Հայաստանն ունի անհրաժեշտ ռեսուրսներ:

– Շատ հետաքրքիր մի փաստ եմ ուզում առանձնացնել։ Ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Մերձավոր Արևելքի նկատմամբ։ Հայաստանում արաբագիտությունը, թուրքագիտությունը, իրանագիտությունը և արևելագիտության այլևայլ ճյուղեր վաղուց ի վեր զարգացած ակադեմիական ուղղություններ են։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շրջանակներում գործում է Արևելագիտության ինստիտուտը, իսկ ԵՊՀ-ում կա Արևելագիտության ֆակուլտետ։

Սրանք այն ռեսուրսներն են, որոնք կարող են ծառայելի ի շահ Հայաստան-Մերձավոր Արևելք համագործակցության ամրապնդման համար։ Ի դեպ, վերջերս Արևելագիտության ինստիտուտը և եգիպտական հայտնի ալ-Ահրամ ռազմավարական հետազոտությունների կենտրոնը կազմակերպեցին համատեղ գիտաժողով «Հայ-արաբական առնչություններ․ Հայոց ցեղասպանությունից մինչև արդի մարտահրավերներ» խորագրով։

Իսկապես շատ կարևոր գիտաժողով էր, որը տեղի ունեցավ Եգիպտոսի հայ համայնքի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ։ Եգիպտոսից ժամանած մեր գործընկերների հետ քննարկեցինք արաբական երկրներում, այդ թվում՝ Եգիպտոսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, Հայաստան-արաբական աշխարհ հարաբերությունների զարգացման տարբեր պատմական փուլերը և դրանց հեռանկարները։

Իսկ ի՞նչ արդյունքներ եղան

– Եգիպտոսի մեր գործընկերները փաստեցին, որ Եգիպտոսում տարբեր մակարդակներում արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Եգիպտոսի հասարակական տարբեր շրջանակներ՝ մշակութային, պատմագիտական, իրավական, և այլն, արդեն քննադատել են Հայոց ցեղասպանությունը։ Եգիպտոսի օրենսդիր մարմնում այս խնդրի վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվել։ Մենք եկանք այն եզրակացության, որ հայ-արաբական հարաբերությունները մեծ թափով զարգանալու հնարավորություններ ունեն և երբեք ու երբեք չպետք է պայմանավորված լինեն թուրքական գործոնով։ Եվ ընդհանրապես, Հայաստան-Մերձավոր Արևելք համագործակցության հարցում ակադեմիական գիտության նշանակությունը շատ կարևոր պետք է լինի։

Տեսանյութեր

Լրահոս