Քաղաքական ուժերի՞, թե՞ տեխնոկրատների կառավարություն

Մայիսի 8-ին ՀՀ վարչապետի ընտրության կայացման հարցում կասկածողներ արդեն գրեթե չկան։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իրենք փաստում են, որ մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ ընտրությունը կայանալու է, և Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է վարչապետ։

Այժմ առավել «արդիական» թեման դրանից հետո ժամանակավոր կառավարության ձևավորման հարցն է։ Ինչպիսի՞ կառավարություն կունենա Հայաստանը՝ քաղաքակա՞ն, թե՞ տեխնոկրատ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ կառավարության կազմում կարող են լինել ոչ քաղաքական դեմքեր, սակայն այդ հարցը դեռևս չի քննարկվել։ Չի քննարկվել նաև Նիկոլ Փաշինյանի վարչապետությանն աջակցող խորհրդարանական ուժերի հետ կառավարության ձևավորման հարց քննարկելու հարցը։

«Որևէ քննարկում չի եղել, այդ թվում՝ նաև քաղաքական ու ոչ քաղաքական դեմքերի հետ կապված։ Իմ դիրքորոշումն է, որ նախընտրելի է ոչ քաղաքական կազմը, կարող են լինել տեխնոկրատ նախարարներ, հատկապես՝ կառավարությունը ժամանակավոր է լինելու։ Բայց ո՛չ կազմի, ո՛չ բովանդակության հետ կապված առայժմ մեզ մոտ քննարկում չի եղել, որովհետև մայիսի 8-ը հանգրվանային է։ Մինչև վերջին օրը ամսի 8-ի հետ կապված անորոշություններ կային, որոնք հիմնականում այս պահին փարատված են։ Կարծում եմ, առաջիկա 1-2 օրվա ընթացքում այդ խնդրին էլ կանդրադառնանք»,- ասաց Ա.Հարությունյանը։

Ըստ նրա՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի կադրային բավարար ռեսուրսներ, բայց նոր կառավարությունը չի լինելու միանձնյա ձևավորման կառավարություն, այլ լինելու է ազգային համաձայնության կառավարություն, նաև սփյուռքից կան մասնագետներ, ովքեր ցանկություն են հայտնել քննարկել ծրագրային դրույթներ և առաջարկներով հանդես գալ. «Թե ինչպիսին կլինի կազմը, կիմանանք ամսի 8-ից հետո»։

«Ծառուկյան» խմբակցությունում դեռևս չեն քննարկել հարցը՝ արդյո՞ք իրենք պատրաստ են Նիկոլ Փաշինյանի վարչապետությանն աջակցելուց հետո միանալ նրա ժամանակավոր կառավարությանը և ստանձնել քաղաքական պատասխանատվություն այդ կառավարության համար։ Մեզ հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ներկուսակցական տարբեր քննարկումներ լինում են, բայց դեռ պատեհ ժամանակ չէ դրանց մասին ասելու։ «Այս պահին նման որոշում չունենք և պաշտոնական դիրքորոշում չունենք»,- ասաց նա։

Ըստ Մ.Մելքումյանի՝ դեռ վաղ է խոսել, կարող է Ազգային ժողովի կազմում փոփոխություններ լինեն։ Նա չբացառեց, որ կարող է լինել փոքրամասնության կառավարություն. «Բայց դա բարդ բան է, որովհետև ԱԺ գալու են օրենքներ, որ պետք է ընդունվեն, որովհետև, եթե ուզում են բարեփոխումներ անել, պետք է օրենքներ բերեն։ Ինչ-որ ձևաչափ պետք է լինի, այսինքն՝ պետք է որոշակի կոնսենսուս օրենքների ընդունման համար»։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխման հարցին՝ Մ.Մելքումյանը նշեց, որ այն պետք է շատ լուրջ քննարկվի. «Մենք ասել ենք, որ կողմ ենք հիմնականում 100% համամասնական ընտրակարգին, ոչ թե՝ այն արատավոր համակարգին, որ կոչվում է ռեյտինգային, սակայն իրականում նույն մեծամասնական համակարգն է»։

Փաշինյանի ժամանակավոր կառավարության ձևավորմանը մասնակցության հարց դեռևս չկա նաև Հայ հեղափոխական դաշնակցության օրակարգում։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը մեզ տեղեկացրեց, որ Ն.Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ քննարկել են բացառապես այլ հարցեր։ Նրա խոսքով՝ ամեն ինչ կքննարկեն՝ ըստ հաջորդականության. «Եթե ընտրությունից հետո նման օրակարգ քննարկելու անհրաժեշտություն առաջանա, բնականաբար, կիրազեկվեք»։

Հարցին՝ պատրա՞ստ է ՀՅԴ-ն փոքրամասնության կառավարություն ձևավորել և պատասխանատվություն վերցնել, Ա.Համբարձումյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իրավիճակը պետք է գնահատենք՝ առկա իրողությունները հաշվի առնելով։ Հայաստանում առկա է ֆորս-մաժորային իրավիճակ, և լուծումներն էլ ըստ այդմ պետք է տրվեն»։

Ա.Համբարձումյանի խոսքով՝ Հայաստանում ունեցել ենք և՛ տեխնոկրատների կառավարություն, և՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից բաղկացած կառավարություն. «Պետք է կոնկրետ իրավիճակում նայենք դրա անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը, և շատ կարևոր է նաև հասկանալ, թե ձևավորվելիք կառավարությունն ինչ ժամանակահատվածի համար է պատասխանատվություն ստանձնելու։ Ամբողջ խնդիրն այն է, թե արտահերթ ընտրություններն ինչ ժամկետում է հնարավոր կազմակերպել։ Ես կարծում եմ, որ ժամկետների հարցը հավելյալ քննարկման առարկա պետք է դառնա քաղաքական ուժերի կողմից, որովհետև բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները հստակ պետք է տրվեն և, ըստ այդմ, ժամանակացույցը ձևավորվի»։

Իշխող կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ համագործակցության եզրեր չի տեսնում։ Նա Associated Press-ին ասել է, որ, եթե ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, ապա Հանրապետական կուսակցությունը կդառնա ընդդիմություն՝ չնայած խորհրդարանում ձայների մեծամասնությանը։

Նա հավելել է, որ Հանրապետականը նոր կառավարության մաս չի կազմի: «Իմ անձնական տեսակետն այն է, որ նոր քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորություն չկա»,- ընդգծել է Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը կրկին հաստատել է, որ, եթե «պայմանավորվածի պես» փողոցը հանգիստ լինի, Հանրապետականը կպաշտպանի խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությունների ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս