«Եթե նույնիսկ ԸՕ-ն չփոփոխվի, ապա ՀՀ-ում ձևավորված մթնոլորտը թույլ կտա լուծել մեր առջև դրված խնդիրները». Արայիկ Հարությունյան

«Եթե նույնիսկ ԱԺ-ն ցրվի, դրա հետ կապված էլ լուծում ունենք։ Այն հանրային աջակցությունը, որ այս պահին ունի համաժողովրդական շարժումը, կարծում եմ՝ մեզ թույլ կտա լուծել ազատ ընտրություններ անցկացնելու հարցը՝ տոտալ վերահսկողության միջոցով՝ նույնիսկ ռեյտինգային համակարգի պայմաններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը։

Միևնույն ժամանակ, նա վստահ է՝ ձևավորվելու է նոր կառավարություն՝ ժողովրդի թեկնածուի գլխավորությամբ, և լինելու են օրենսդրական փոփոխություններ՝ Ընտրական օրենսգրքում. «Եթե նույնիսկ ԸՕ-ն չփոփոխվի, ապա ՀՀ-ում ձևավորված մթնոլորտը թույլ կտա լուծել մեր առջև դրված խնդիրները»։

Հարցին՝ իր կարծիքով՝ 10 հազար դրամների համակարգը հնարավո՞ր է արմատախիլ անել, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այլևս ամոթալի է դարձել հանրության լայն շրջանակներում 10 հազար դրամի դիմաց ընտրություն կատարելը»։

Անդրադառնալով վերջին օրերին կազմակերպված ակցիաներին, նա նշեց, որ դրանք ինքնաբուխ են եղել. «Անձնական վիրավորանքները մեզ համար անընդունելի են, վենդետաներն անընդունելի են։ Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, սա արժեհամակարգի փոփոխության հեղափոխություն է, և այդ համատեքստում անձնական վիրավորանքներն անընդունելի են»։

Տեսանյութեր

Լրահոս