Հավաքի մասնակիցները փակել են Խանջյան փողոցից Ամիրյան տանող հատվածը. վարորդի և ցուցարարի միջև ծեծկռտուք սկսվեց
Երևանում կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ երկու կողմից փակել են Խանջյան փողոցից Տիգրան Մեծ մտնող` դեպի Ամիրյան փողոց տանող հատվածը: Նրանք երկու կողմից արգելափակել են փողոցը` տեղաշարժելով աղբամանները և այլ իրեր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հավաքվածների և վարորդներից մեկի միջև միջադեպ տեղի ունեցավ, որն ավարտվեց ծեծկռտուքով:
Վարորդներից մեկը մի քանի րոպե բանակցում էր նրանց հետ` խնդրելով, որ բացեն ճանապարհը, քանի որ ինքը շտապում է, սակայն հավաքի մասնակիցները հրաժարվեցին:
Այնուհետև վարորդը նստեց իր մեքենան և փորձում էր շրջանցել կազմած պատնեշը, երբ հավաքի մասնակիցներից մեկը նրան հայհոյեց: Վարորդը իջավ մեքենայից, ինչից հետո նրանց միջև ծեծկռտուք սկսվեց, որը շարունակվեց շուրջ մեկ րոպե: Հավաքվածներին հաջողվեց հանդարտեցնել վարորդին, ով նստեց իր մեքենան և հեռացավ: