Բաժիններ՝

«Եթե մեկին թվում է, որ այն պրոցեսը, որը մենք անցնում ենք, պետքական չէ, նա չարաչար սխալվում է». Հայկ Մարությանը Ֆրանսիայի հրապարակում է

Ցուցարարներին միացած դերասան Հայկ Մարությանը քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունեցավ։ Նա նշեց, որ հավաքված մարդիկ մի մարմին են, նույն ձևով են շնչում և շնչում են միայն մեկ մտքով, որպեսզի բոլորն ապրեն հիանալի և հիասքանչ Հայատանում։

«Ես զարմացած եմ, որովհետև անկախ մեկը մյուսից և կազմակերպիչներից՝ ամեն մեկն իր տեղում ինչ-որ բան է արել։ Երբ ես գնացի Երիտասարդական մետրոյի մոտ և տեսա երիտասարդությանը, որոնք ինքնաբուխ դուրս են եկել և քաղաքացիական անհնազանդություն են ցույց տվել, իմ աչքերը լցվել էին, որովհետև իրականում հենց իրենք են մեր ապագան։ Մենք դեռ ոտքի վրա ենք, մենք ուժեղ ենք, բայց միևնույն է՝ վաղը իրենք են կերտելու մեր երկրի պատմությունը։ Թվում էր, թե ուսանողությունը վերջնական խորասուզվել է իր պրոբլեմների ու ինչ-որ վախերի մեջ, բայց այդպիսի բան չկա։ Ինձ հաճախ հարցնում են՝ հը, մի բան կլինի՞. այ ձեր ցավը տանեմ, արդեն լինում է, արդեն եղել է։ Եթե մեկին թվում է, որ այն պրոցեսը, որը մենք անցնում ենք, պետքական չէ, նա չարաչար սխալվում է»,- ասաց նա։

Դերասանը նկատեց՝ բոլոր քաղաքակիրթ պետություններն անցնում են ինչ-որ պրոցես, որպեսզի գան ինչ-որ մի վիճակի.  «Մենք նույնպես անցնում ենք այս պրոցեսը։ Մենք ընդամենը 25 տարվա պետություն ենք, մեկ օրով ոչ մի բան չի լինում, և ամենակարևորը՝ նստած տեղը ոչ մի բան չի լինում։ Ես ձեզանից մեկն եմ, ես այնքան ոգևորված եմ, որ տեսնում եմ այսքան մարդ այստեղ։ Հավատացեք, եթե ազգը ոտքի է կանգնում, նրա ձայնը դառնում է լսելի։

Ես վստահ կարող եմ պատասխան տալ այն մարդկանց, ովքեր ասում են՝ 5-10 հազար հոգի է հավաքվել, բայց 3 միլիոնանոց ժողովուրդ է։ Եթե իրականում 5-10 հազար մարդ դեմ լիներ ինչ-որ մի բանի, ես կասեի, որ նրանք ճիշտ են, բայց ես մեկին չեմ հանդիպել, որը գոհ է այսօրվա դրությունից։ Ուղղակի ինչ-ինչ պատճառներով նրանք չեն գալիս և չեն արտահայտում իրենց դժգոհությունը։ Իրականում դժգոհ են շատերը։ Պետության 80 տոկոսը դժգոհ է իրենց վիճակից։ Պաշտոնական տվյալներով՝ 30 տոկոս աղքատություն կա, ո՞նց եք մտածում՝ այդ մարդիկ շա՞տ գոհ են իրենց կյանքից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս