Բաժիններ՝

ԱԺ-ն ընդունեց հիվանդանոցներին դեղեր ներկրելու հնարավորություն ընձեռող օրինագիծը

ԱԺ-ն 91 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց հիվանդանոցներին դեղ ներկրելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը:

Քվեարկությունից առաջ Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ դաշինքն օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկի՝ պայմանով, որ բուժական հաստատություններին դեղերի ներկրման իրավունք վերապահվի բացառապես այն դեղերի մասով, որոնք վերաբերում են քրոնիկ և դիսպանսերային բուժման ծառայություններին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ հայտարարեց, որ «Ելքը»  կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ ենթադրվում է, որ դեղերի ինքնարժեքը կընկնի:

Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Հակոբ Հակոբյանը, արձագանքելով Միքայել Մելքումյանին, ասաց, որ հիվանդանոցում մատուցվող ծառայությունները բազմաթիվ են, և դրանք երբեք հնարավոր չէ բաժանել: Նրա խոսքով՝ առողջապահության համակարգի գործունեության սկզբունքն է, որ նման տարանջատում չի կարող լինել:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ պատասխանեց, թե իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, որ երկրորդ ընթերցմամբ նախագծում փոփոխություն կարվի և կամրագրվի, որ հիվանդանոցներին դեղերի ներկրման իրավունք կվերապահվի բացառապես այն դեղերի մասով, որոնք վերաբերում են քրոնիկ և դիսպանսերային բուժման ծառայություններին:

Նա նշեց, որ հակառակ պարագայում իրենք երկրորդ ընթերցմամբ օրենքի նախագծին դեմ կքվեարկեն:

Նշենք, որ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով մի խումբ պատգամավորներ առաջարկել են դեղեր ներկրելու հնարավորություն տալ այն հիվանդանոցներին, որոնք դեղերը պահելու վայր ունեն: Ենթադրվում է, որ դա կհանգեցնի դեղերի գների նվազման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս