Բաժիններ՝

Ընդառաջելով տնտեսվարողի դիմումին՝ ԱԻՆ աշխատակիցները ստուգայց կատարեցին «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում

Ապրիլի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ու փրկարար ծառայության աշխատակիցները հանդիպեցին «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի տնօրինության հետ: Հանդիպման նպատակն էր նախևառաջ տնօրինությանը հանձնել օրերս առևտրի կենտրոնում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության վերաբերյալ կարգադրագրերը, որոնցում նշված են առկա թերությունները և դրանք վերացնելու ժամկետները: ՓԾ ներկայացուցիչների հետ քննարկվեցին առևտրի տան հրդեհաշիջման օպերատիվ պլանների լրամշակման և հետագայում առևտրի կենտրոնում թեմատիկ ուսումնավարժությունների անցկացման հետ կապված հարցերը:

Միևնույն ժամանակ, ընդառաջելով առևտրի կենտրոնի ղեկավարության դիմում-հայտին, ԱԻ նախարարության նախաձեռնությամբ առևտրի կենտրոն էին հրավիրվել նաև շուկայի վերահսկողության և առողջապահության տեսչական մարմինները՝ ոլորտային ստուգումներ և հետազոտություններ կատարելու համար:

Լրագրողների հետ զրույցում ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Ս. Հայրապետյանը ընդգծեց տնտեսվարողների շրջանում սեփական նախաձեռնությամբ հակահրդեհային միջոցառումներ իրականացնելու մշակույթի և գիտակցության ձևավորման կարևորությունը՝ նշելով, որ բազմաթիվ ընկերություններից հրդեհատեխնիկական հետազոտություններ իրականացնելու դիմումներ են ստացվել:

– Բազմաթիվ դիմումներ ենք ստանում նաև ՀՀ տարբեր մարզերից՝ աջակցելու, համապատասխան հրահանգավորումներ տալու և թեմատիկ ուսումնավարժություններ կազմակերպելու վերաբերյալ: Ընդգծեմ, որ արդեն հետազոտություններ են իրականացվել հանրապետության բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին հանձնվել է շուրջ 30 կարգադրագիր, – ասաց Ս. Հայրապետյանը:

Նշենք, որ ի կատարումն ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից տնտեսվարողներին հանձնված թերությունների վերացման վերաբերյալ կարգադրագրերում նշված ժամկետների ավարտին կիրականացվի կրկնակի ստուգայց, կարգադրագրերում նշված թերությունները վերացրած չլինելու դեպքում տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս