«Սկրիպալի գործն» ու Ղարաբաղյան հակամարտությունը

Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ստեղծված անդունդն էլ ավելի է խորանում Բրիտանիայում մարտի 4-ին Ռուսաստանի նախկին գործակալ, ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով, որի համար Լոնդոնը մեղադրեց ՌԴ իշխանություններին` հակառուսական նոր արշավ սկսելով:

Ընդունելով Սկրիպալի սպանության Լոնդոնի վարկածը, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ը համերաշխություն հայտնեցին Լոնդոնին, ապա արևմտյան երկրները մեկը մյուսին հերթ չտալով՝ արտաքսեցին մի քանի տասնյակ ռուս դիվանագետների, ԱՄՆ-ը սպառնաց սառեցնել ՌԴ կառավարական ակտիվները, ապա տեղեկացրեց, որ պատժամիջոցներ է պատրաստում Պուտինի շրջապատի ռուս 6 օլիգարխների դեմ ամերիկյան ընտրություններին միջամտելու համար:

Եվրոպացի պաշտոնյաները չեն դադարում սպառնալ և քննադատել Ռուսաստանի իշխանություններին Սկրիպալների թունավորումը կազմակերպելու համար՝ խոստանալով ԵՄ և ՆԱՏՕ տարածքում անվտանգության հավելյալ միջոցառումներ նախաձեռնել: Այս ամենի ֆոնին Հայաստանում խորանում են մտահոգությունները, որ ՌԴ-Արևմուտք լարվածությունը կհարվածի նաև Հայաստանին ու ԼՂ հակամարտությանը:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ զարգացումները «Սկրիպալի գործով» և դրան զուգահեռ հնչող մի շարք հայտարարություններ առաջին հայացքից անհասկանալի ու հակասական են, սակայն՝ ոչ անբացատրելի:

Ըստ նրա, նախ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ չի շնորհավորելու Վլադիմիր Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, որից հետո հայտնի է դառնում, որ տեղի է ունեցել Թրամփ-Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողով կազմակերպել, սրան հաջորդում են միայն ԱՄՆ-ից 60 դիվանագետների արտաքսումը, պատժամիջոցների սպառնալիքները և հայտարարություններ կրկին գագաթաժողովի կազմակերպման մասին ու տեղեկություն, որ ՌԴ նախագահը հրավիրվել է Սպիտակ տուն այս ամենից հետո:

«Նման գործընթացները պետք է դիտարկել գլոբալ կոնտեքստում: Այս ամենը ցույց է տալիս, որ Արևմուտքի ազդեցության շարժը դեպի Արևելք որակական հետևանքների է հանգեցնում: Արևմուտքը կարիք ունի փոխել խաղի այն կանոնները, որոնք ինքն է սահմանել, քանի որ նոր պայմաններում նախկին կանոններն այլևս արդյունավետ չեն, ավելին, գործում են հենց որոշում կայացնողների դեմ:

Ու առաջանում է բնական ցանկություն՝ հեռու մնալ այս անբարենպաստ զարգացումներից, քանի որ արդեն կա գիտակցում, որ Ռուսաստանի դեմ չեն կարող արդյունավետ լինել այն նույն տնտեսական սահմանափակման գործիքները, որոնք Արևմուտքը կիրառեց ժամանակին Իրանի դեմ: Կա նաև ընկալում, որ չնայած Ռուսաստանը կախված է գլոբալ տնտեսությունից, չափազանց աննշան ազդեցություն է կրել Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացումից, քանի որ ազդեցության վերադասավորում է տեղի ունենում:

Գլոբալ խնդիրն այն է, որ փոխվում է ողջ աշխարհը, փոխվում է երկրների դասավորությունը, գերտերությունների ազդեցությունները, երկրագնդի աշխարհատնտեսական համակարգն է փոխվում, որը լուրջ մարտահրավեր է բոլոր երկրների համար: Սա պայքար է նրանց միջև, ովքեր կարծում են, որ ներկայիս` լիբերալ գլոբալիզացիոն համակարգը պետք է փոխվի, և նրանց միջև, ովքեր կարծում են, որ այն արդարացնում է իրեն»,- ասաց Լուկիանովը:

Վերջինիս կարծիքով՝ այս ամենն այս կամ այն կերպ կանդրադառնա նաև Հայաստանի վրա: «Բայց նման փոքր երկրները տուժում են, երբ իրենց ավագ գործընկերները և հովանավորները բախվում են, խնդիրներով շրջապատված՝ սկսում անուշադրության մատնել փոքր երկրներին, որոնք էապես ունեն շատ ոլորտներում հովանավորության կարիք: Այս ամենը վերաբերում է նաև քաղաքականությանը, Ղարաբաղյան հակամարտությանը, որը կարծես միջնորդների համար ետին պլան է մղվել, որն անթույլատրելի է չկարգավորված հակամարտության համար:

Ռուսաստանն իր կողմից անում է հնարավորը, որպեսզի Հայաստանը՝ լինելով պատերազմի մեջ գտնվող երկիր, քիչ հետևանքներ կրի իր վրա, ԱՄՆ-ը փորձում է որոշակի համագործակցություն ունենալ Հայաստանի հետ, մեծ ամերիկյան ներդրումներ կան Հայաստանում: Մեծ բացասական ազդեցություն ներկայումս Հայաստանը չի կրում, բայց չի բացառվում, որ կրի, քանի որ տնտեսությունն այդքան էլ կայուն վիճակում չէ»,- ասաց Լուկիանովը:

Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ «Սկրիպալի գործի» շուրջ ստեղծված աղմուկն արհեստական է: Ռարի բնորոշմամբ՝ կոշտ հռետորաբանությունից այն կողմ Արևմուտքը ոչինչ չի անում, և ամեն բան այդքան էլ լուրջ չի թվում: Ուստի, նրա կարծիքով, լուրջ տնտեսական հետևանքներ, որոնք կարող են նաև Հայաստանի վրա անդրադառնալ, չեն լինի, քանի որ նոր հակառուսական պատժամիջոցներ, ամենայն հավանականությամբ, չեն լինի:

«Խնդիրը շատ ավելի սուր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում, որի ուղղությամբ ուշադրության, դիվանագիտական ջանքերի պակասը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, ինչի ականատեսն ենք դարձել 2016 թվականին: Առավել տեսանելի է ամերիկյան ակտիվության անկումը հակամարտության գոտում, հատկապես՝ պայմանավորված Թրամփի աշխատակազմի աշխատանքով և նախընտրություններով:

Գուցե նոր պետքարտուղարն ինչ-որ հստակություն մտցնի, քանի որ ամերիկյան ներկայության բացը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ և ակտիվացնել այնպիսի երկրների այս հակամարտության կարգավորման գործընթացում, որոնց դերակատարությունը հակամարտության համար կարող է ճակատագրական լինել: Որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ պատերազմ տեղի ունենալ չի կարող, քանի որ տարածաշրջանում հավասարակշռություն է վերականգնվել, բայց ես այլ կարծիքի եմ, վտանգ կա, քանի որ կողմերը տիրապետում են հզոր սպառազինության, որը հակամարտությունը զենքի ուժով լուծելու ցանկություն է տալիս»,- նման կարծիք հայտնեց Ալեքսանդր Ռարը:

Նրա կարծիքով՝ անակնկալի չգալու համար հակամարտության ուղղությամբ աշխատանքը չպետք է դադարի՝ անկախ հակամարտող երկրներում ներքաղաքական զարգացումներից և աշխարհաքաղաքական հակամարտություններից:

Տեսանյութեր

Լրահոս