Բաժիններ՝

Ավելի շատ մարդիկ են կարողանում օգտվել բջջային հեռախոսից, քան հոսող ջրից և էլեկտրականությունից․ բջջային հավելվածներն ու թվային տեխնոլոգիաները՝ սեռով պայմանավորված բռնության դեմ

Ինչպես կարող են  բջջային հավելվածներն ու թվային տեխնոլոգիաների գործարկումը նպաստել սեռով պայմանավորված բռնության կանխարգելմանը։ Համաշխարհային բանկի խումբը և Սեռական բռնությունների հետազոտման նախաձեռնությունը 99.500 դոլար են շնորհել հայկական տեխնոլոգիաների բիզնես հիմնադրամին՝ սեռով պայմանավորված բռնությունների դեպքերի թիվը կրճատելու հարցում օգնելու նպատակով։

Մրցանակը կօժանդակի Հայաստանի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին՝ բջջային հավելվածների և թվային տեխնոլոգիաների գործարկման հարցում։ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացում ասաց, որ դրանք հնարավորություն կտան կանանց ապահովել իրական ժամանակներում փորձագիտական օժանդակությամբ և տեղեկություններով։

«Շատ կարևոր է, որ հավաքագրվելու են տվյալներ, որպեսզի քաղաքականության մակարդակով կարողանանք հիմնավորված որոշումներ կայացնել»,- ասաց նա՝ նշելով, որ չափազանց կարևոր է հասկանալ՝ սեռով պայմանավորված բռնությունը գլոբալ հիմնախնդիր է, որը սոցիալական, տնտեսական, պետական սահմաններ չի ճանաչում։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում 3 կանանցից մեկն իր կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական չարաշահման կամ բռնության։ Քանի որ զարգացած աշխարհում գրեթե բոլորն օգտագործում են բջջային հեռախոսներ, ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրների բնակչության մոտավորապես 60-ը բջջային հեռախոս է օգտագործում, և այս պահի դրությամբ ավելի շատ մարդիկ են կարողանում օգտվել բջջային հեռախոսից, քան հոսող ջրից և էլեկտրականությունից, ես ուրախությամբ պետք է նշեմ, որ այս պրոդուկտը մշակվել է Հայաստանում և կօգտագործվի ամբողջ աշխարհում»,- ասաց Սիլվի Բոսութղոն։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ սեռով պայմանավորված վնասը  կարող են երկրների համախառն ներքին արդյունքի մինչև 4 տոկոսը արժենալ՝ արտադրողական կորստի պատճառով, ի լրումն կանանց և տղամարդկանց պատճառվող ուղղակի վնասի։

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ սեռով պայմանավորված բռնության հասցրած վնասը ՀՆԱ-ին հնարավոր է հաշվարկել, խոսքը բավական բարդ բանաձևի մասին է, բայց սեռով պայմանավորված բռնության հետևանքով շատ կանայք չեն կարողանում աշխատել։ Դա նշանակում է, որ նրանք չեն կարողանում եկամուտ ստեղծել, չեն կարող սպառել այս ենթադրյալ եկամուտը, և այդ ամենն իր արժեքն է ունենում ընդհանուր տնտեսության վրա։

Նրա խոսքով՝ նախաձեռնության լուծումները փորձում են հասցեագրել երկու խնդիրների՝ կանխարգելել սեռով պայմանավորված բռնությունները, նպաստել հասարակությունում սեռով պայմանավորված ցանկացած բռնության հանդեպ անհանդուրժողականության ձևավորման։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ լուծումը կարող է գլոբալ լինել․ ըստ նրա՝ խնդիրն առկա է նաև Հայաստանում, ընդ որում՝ սպեկտրը լայն է՝ խոսքը ոչ միայն ֆիզիկական բռնության, այլև ընտանիքում տղամարդու գերակայության, աշխատավայրում վարվելակերպի մասին է, ինչը լուրջ ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման, մարդու ստեղծագործական մտքի օգտագործման վրա։ Նա նշեց, որ տեխնոլոգիաների, ինչո՞ւ չէ, նաև արհեստական բանականության օգտագործմամբ կփորձեն և հետաքրքիր եզրահանգումներ անել, ոչ միայն կարողանալ բացահայտել խնդիրները, այլև լուծումներ առաջարկել։

«Աշխատելու ենք առանց մարդուն բացահայտելու, թվային եղանակով mobile լուծումների միջոցով կարողանալ գտնել իրական խնդիրը, վայրը և տեղեկատվություն ստանալ դրա մասին։ Շատ բարդ խնդիր է, որը կլինի առաջին ուղղվածությունը»,- ասաց նա՝ նշելով, որ ունենալով վերլուծված որակական տվյալներ՝ կփորձեն լուծումներ առաջարկել։

Ըստ նրա՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդիրների ավելի քան 30 տոկոսը կարող է լուծվել տեղում բավարար խորհրդատվության տրամադրման դեպքում, իսկ այդ մարդիկ խուսափում են խորհրդատվությունից։ «Փորձելու ենք ոչ միայն վայրկենական հայտնաբերել մարդուն, օգնել շտապօգնության նման, այլ ստեղծել թվային միջավայր, համայնք, որտեղ մարդիկ նաև հետագայում կարողանան օգնել միմյանց»,- ասաց նա։ Աշխատանքները կսկսվեն մայիսի վերջից, կտևեն մեկ տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս