Քաղաքական ուժերի մինիմում ծրագիրը
Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի հետ
– Պարոն Վարդանյան, մինչև ապրիլի 17-ը, երբ ընտրվելու է ՀՀ վարչապետը, մնացել է մոտ 2 շաբաթ: ՀՀԿ-ն պնդում է, թե դեռ որոշում չունի, սակայն Սերժ Սարգսյանն ինքն էլ խոսեց իր վարչապետության հավանականության մասին, միաժամանակ ձևավորվել են ընդդիմադիր տարբեր նախաձեռնություններ՝ «Մերժիր Սերժին», «Հանուն Հայաստան պետության» ճակատ, Նիկոլ Փաշինյանն էլ մարտի 31-ից քայլերթ է սկսել Գյումրիից։ Ինչպե՞ս կբնութագրեք ստեղծված քաղաքական իրավիճակը և ի՞նչ կանխատեսումներ կանեք։
– Նման իրավիճակներում կանխատեսումներ անելը շատ բարդ է, և երևի թե՝ նաև անիմաստ, որոհետև բազմաթիվ անհայտ գործոներ կան այս առումով, և մենք չենք կարող իմանալ, թե արդյունավետ շարժում սկսելու համար ինչ նպաստավոր կամ խոչընդոտող գործոներ կարող են ի հայտ գալ ընթացքում։ Ընդամենը կարելի է ասել, որ այս պահի դրությամբ ճնշումն իշխանությունների նկատմամբ դեռևս ուժեղ չէ, և, եթե այն մնա նույն մակարդակին, ինչ այսօր է, կամ մի փոքր ավելանա, այդ դեպքում, կարծում եմ, իշխանություններն իրենց ծրագիրը կիրականացնեն առանց որևէ դժվարությունների։ Եթե ճնշումն ուժեղանա, գտնվի արդյունավետ ֆորմատ ավելի հզոր ճնշում իրականացնելու համար, այդ դեպքում, իհարկե, կստեղծվի նոր քաղաքական իրավիճակ, երբ իշխանությունները պետք է ստիպված ինչ-որ զիջումների գնան։ Այդ առումով տարատեսակ սցենարներ հնարավոր է պատկերացնել։
– Ուժեղ ճնշում ասվածը հնարավո՞ր է ներկայիս առանձին գործող շարժումների պարագայում, թե՞ այնուամենայնիվ անհրաժեշտ է ջանքերը միավորել։
– Չեմ կարծում, որ մեխանիկական միացումը կարող է էապես իրավիճակ փոխել։ Մեխանիկական միացումը կարող է մի փոքր ավելի շատ մարդ ներգրավել գործընթացներին, բայց չեմ կարծում, որ այդ միավորումը կարող է լրիվ նոր մթնոլորտ ստեղծել և հիմք հանդիսանալ, որ կտրուկ կերպով մթնոլորտը փոխվի։ Կարծում եմ, որ մթնոլորտը կարող է փոխվել այն ժամանակ, երբ հանրության համար այս կամ այն նախաձեռնողը կարողանա համոզիչ կերպով ներկայացնել գործողությունների ծրագիր, որը մարդկանց կհամոզի, որ այն արդյունավետ և գործուն է, և կան բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները հաջողության հասնելու համար, և արժե դրա համար որոշակի ջանք ու ժամանակ ներդնել։ Այս պարագայում, անկախ նրանից, թե միավորում կլինի՞, թե՞ ոչ, կարող է մթնոլորտ փոխվել։
– Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում կա՞ այդ հնարավորությունը։ Նախկինում Փաշինյանը խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, հիմա, առանց «Ելքի» իր մյուս գործընկերների, դուրս է եկել փողոց։
– Այստեղ պետք է նշել, որ, երբ ասվում էր՝ ինստիտուցիոնալ ընդդիմություն, և «Ելքի» անդամները պարբերաբար հնչեցնում էին տեսակետներ, նրանք չեն բացառել նաև թավշյա հեղափոխության մեթոդը և նշել են, որ, ինչպես խորհրդարանում կարելի է պայքարել, կարելի է պայքարել նաև դրսում, կարելի է դրանք զուգակցել։ Եվ որևէ հակասություն չկա այն հայտարարությունների ու գործողությունների միջև, որ նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Սա կարևոր է։ Թե որքանո՞վ է արդյունավետ ձևաչափ և կարո՞ղ է այն մթնոլորտ փոխել, կարծում եմ, այս նախաձեռնությունը որոշակիորեն նոր էլեմենտ, թարմություն մտցրեց Սերժ Սարգսյանի կամ ընդհանրապես իշխանությունների վերարտադրության օրակարգի մեջ: Բայց տեսնում ենք, որ դրա նկատմամբ կա նաև քննադատություն, այնպես չէ, որ այն այս պահի դրությամբ առաջացրել է մթնոլորտի կտրուկ փոփոխություն, և հանրության զգալի հատվածներ, ի դեմս այդ նախաձեռնության, տեսել են համոզիչ ու արդյունավետ ձևաչափ պայքարի համար։ Սակայն այն որոշակի աշխուժություն մտցրել է, և որպես առանձին գործոն՝ կարող է նպաստել արդյունավետ պայքարի ձևաչափի ստեղծմանը։
Այստեղ ամենակարևորն այն է, թե արդյոք այսօր հանրության զգալի հատվածն ունի՞ ցանկություն և պատրաստակամություն՝ մղելու փողոցային պայքար Սերժ Սարգսյանի փաստացի երրորդ ժամկետի դեմ։
Այստեղ շատ բան կախված է նաև քաղաքական և քաղաքացիական նախաձեռնությունների մոտեցումներից, արդյոք նրանք կկարողանա՞ն պայքարի անհրաժեշտությունը, կարևորությունը ձևակերպել հանրության համար։ Դա առաջնային խնդիրն է։ Ես կարծում եմ, որ, եթե ցանկություն կա մոբիլիզացնել հանրությանը, ճիշտ կլինի՝ առաջարկվի ինչ-որ ֆորմատ, որը թույլ կտա տարբեր գաղափարախոսություններ ունեցող մարդկանց՝ անկախ իրենց կուսակցական, այս կամ այն սոցալական խավին պատկանելությունից, միասնական կերպով իրենց դժգոհությունն արտահայտել՝ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի հետ կապված։ Սա թույլ կտա մարդկանց ակտիվանալ։
Օրինակ՝ այսօր շատերը կարող են դժգոհել իրավիճակից, գտնում են, որ հակաժողովրդավարական քայլ է իշխանությունը երկարացնելու համար Սահմանադրություն փոփոխելը, բայց դուրս չգալ փողոց մի շարք պատճառներով, օրինակ՝ չեն կիսում պայքարի մեթոդոլոգիան, կամ չեն կիսում այս կամ այն ուժի գաղափարախոսությունը։ Եվ ճիշտ կլինի ստեղծել ֆորմատ, որ մարդիկ առանց կաշկանդվելու՝ կարողանան միասնական կերպով իրենց բողոքն արտահայտել։ Սա պետք է լինի քաղաքական ուժերի մինիմում ծրագիրը։ Եվ այս դեպքում հանրությունը պարտված դուրս չի գա յուրաքանչյուր ելքի դեպքում, այսինքն՝ քաղաքացիներն առնվազն բավարարված կմնան և կմտածեն, որ կարողացան իրենց դժգոհությունը հանրայնորեն, կազմակերպված ձևով արտահայտել։