«Սա անհեթեթություն է». Գևորգ Կոստանյանը՝ Արտակ Զեյնալյանի հայտարարության մասին
«Այս հայտարարությունը և հայտարարության մեջ տեղ գտած կետերն ընդհանրապես որևէ կերպ չեն կարող նպաստել մեր մտահոգությունների փարատմանը»,- այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության հեղինակած 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հայտարարությանը, թե ՀՀ-ի կողմից առարակություն է ներկայացված եղել ՄԻԵԴ, որ Մարտի 1-ի զոհերի սպանությունը եղել է բացարձակ անհրաժեշտ, Գ. Կոստանյանն ասաց. «Սա անտրամաբանական էլ չէ, սա անհեթեթություն է: Նման արտահայտություն չի կարող լինել, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ասում: Այսինքն՝ Մարտի 1-ի գործը գտնվում է Եվրոպական դատարանում, և կառավարությունը՝ ի դեմս ինձ կամ որևէ մեկի, ասել է՝ լավ են արել, բացարձակ ճիշտ է եղե՞լ: Տրամաբանությունն էլ պետք է լինի տրամաբանական, ոչ թե մտացածին»: