«Քաղաքացիական պայմանագիր»-ը «Ելք»-ից առանձին հանրահավաք կանցկացնի. օրակարգը դեռևս հստակ չէ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան: Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գևորգյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրազեկումը Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել:
Կուսակցությունը նախատեսում է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել ապրիլի 3-ին, ժամը 18:00-22:00-ն: Բացի հանրահավաքից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երթ կանցկացնի Ազատության հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Հանրապետության փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ ներկայացնել հանրահավաքի նպատակի և օրակարգի վերաբերյալ: «Մենք Երևանի քաղաքապետարան հանրահավաքի անցկացման մասին իրազեկման փաստաթղթեր ենք ներկայացրել, իսկ մնացած հարցերի մասին հետո կխոսենք»,- ասաց Հարությունյանը:
Հարցին` դեռևս հստակ չի՞ հանրահավաքի օրակարգը, Հարությունյանը պատասխանեց. «Այս պահին այսքանը կարող եմ ասել»:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունում շարունակվում են քննարկումները դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած ճանապարհային քարտեզի շուրջ կառավարության ապագա կազմի ձևավորման դեմ փողոցային պայքարի վերաբերյալ: Դաշինքի ներկայացուցիչները իրենք էլ չեն հերքում, որ խմբակցության ներսում տարաձայնություններ կան կապված պայքարի մեթոդների հետ, թեև հույս են հայտնում, որ ամեն ինչ անելու են ընդհանուր հայտարարի գալու համար: