«Մոսկվայում գոյություն չունի Արցախի Հանրապետության ոչ մի ներկայացուցչություն». Զախարովա
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցի՝ ՌԴ-ում ստեղծված «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» հասարակական կազմակերպության մասին հարցին, որն, ըստ ռուսական մամուլի հրապարակումներին, ՌԴ-ում Արցախի ներկայացուցչությունն է հիմնադրել, ասել է, թե ՌԴ-ում Արցախը ներկայացուցչություն չունի:
«Մոսկվայում գոյություն չունի Արցախի Հանրապետության ոչ մի ներկայացուցչություն: Նշված հաղորդագրություններում պարոն Անդրյանն իրականում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան խորհրդականն է: Ամեն դեպքում նա Ռուսաստանի ԱԳՆ-ում հենց այդպես է հավատարմագրված»,- ասել է Զախարովան:
Իսկ ինչ վերաբերում է միությանը, ապա Զախարովան ասել է. «Ռուսաստան-Արցախ բարեկամության միության» ստեղծման վերաբերյալ մեկնաբանություն անելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Մեզ մոտ գործում են ամենատարբեր հասարակական կազմակերպություններ: Կարևորը, որ դա չհակասի ՌԴ օրենսդրությանը»:
Նշենք, որ Ռուսաստանում ստեղծված «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» հասարակական կազմակերպության նպատակն է նպաստել Ռուսաստանի և Արցախի ժողովուրդների միջև երկխոսության զարգացմանը: Գործունեության հիմնական ոլորտներն են՝ ռուս-արցախյան բազմակողմանի համագործակցության զարգացումն ու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ամրապնդումը, բազմազգ ռուսական հասարակությանը հայերի բազմադարյա պատմության հետ ծանոթացնելը: