Արարատի մարզային իշխանությունները հասան իրենց նպատակին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզային իշխանություններին հաջողվեց ազատվել աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված Արտաշատի թիվ 1 դպրոցի արդեն նախկին տնօրեն Անահիտ Վարդանյանից։

Դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքում օրերս հաղթող է ճանաչվել մարզի Գետազատ համայնքի դպրոցի տնօրեն Թինա Մարգարյանը։

Անցած տարեվերջին մրցութային հանձնաժողովը տապալեց միակ թեկնածու առաջադրված Վարդանյանի ընտրությունը, գրանցվեց չորս կողմ, երեք դեմ ձայն, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ էր հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին՝ հինգ ձայն:

Այդ օրերին, երբ մենք գրել էինք մրցույթի մասին, տնօրենի թեկնածուն խիստ վրդովված զանգել էր խմբագրություն եւ մարզպետին ու մարզպետարանն էր փառաբանում՝ շարունակ կրկնելով, որ շատ արդար մրցույթ է կայացել։ Հավանաբար, հույս ուներ դրանով կրկնամրցույթում հաղթելու շանս ապահովել իր համար։

Հիշեցնենք, որ Վարդանյանից առաջ այս դպրոցի տնօրենը Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն էր, որը 2012-ից ԱԺ պատգամավոր է: Նրան փոխարինելու եկած Վարդանյանը նույն դպրոցի անգլերենի ուսուցչուհին էր եւ այդ պաշտոնում հայտնվեց Աբրահամյանի քվոտայով:

Թեեւ ժամանակի ընթացքում Վարդանյանը սահուն ճամբարափոխ եղավ ու հարմարավետ տեղավորվել էր նաեւ մարզի ներկայիս իշխանությունների թիմում, սակայն անվստահելի մարդու համբավ ունի։ 2013 թվականին նա պարտադրաբար Սերժ Սարգսյանի քարոզարշավին էր տանում ուսուցչական կոլեկտիվին եւ աշակերտներին, որի առիթով նրա դեմ ծնողական կոմիտեն բողոքի ձայն բարձրացրեց»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս