Բաժիններ՝

Գեղամովների առանձնատան պատմությունը

Գյումրեցի մեծահարուստ Գեղամովներին է պատկանել յուրօրինակ պատմաճարտարապետական ոճով աչքի ընկնող Գյումրու Աբովյան 182 հասցեում գտնվող այս տունը:

Պերճաշուք այս առանձնատունը, որն այժմ Իտալիայի պատվո հյուպատոսարանի տարածքն է, զարդարված է համաչափ զարդանախշերով: Այն անտարբեր չի թողնում Գյումրի ժամանող ոչ մի զբոսաշրջիկի:

Առանձնատան տարածքում է գտնվում նաև «Վիլլա Կարս» հյուրանոցը:

Կարդացեք նաև

Այն ներառված է «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում, կառուցվել է 1900 թվականին՝ իտալացի ճարտարապետի նախագծմամբ և գյումրեցի վարպետների ձեռքով:

Բավական հետաքրքիր է առանձնատան կառուցման պատմությունը:

Գեղամովները երեք եղբայրներ են եղել: Նրանցից մեկն ամուսնացած է եղել, սակայն երեխաներ չի ունեցել:

Երեք եղբայրները տեղեկություն են ստացել, որ Իտալիայից Թբիլիսի ճարտարապետ է եկել: Նրանք գնացել են Թբիլիսի՝ ճարտարապետի հետ հանդիպման՝ ասելով, որ ցանկանում են Գյումրիում սեփական առանձնատուն կառուցել: Դրա կառուցումից հետո երեք եղբայրներն այնտեղ են ապրել:

Նրանց հարսը՝ Ամալյա Դմիտրիևնան, ով բուժքույր է եղել, բավական գրագետ և արիստոկրատ կին, առանձնատանը կազմակերպել է ճաշկերույթներ և պարահանդեսներ:

Երեք եղբայրների մահվանից հետո Ամալյա Դմիտրիևնան տանը միայնակ է ապրել, հետո առանձնատունը վաճառել է Ածուխ Համոյին: Երկար տարիներ անց տունը գնվել է գյումրեցի Աիդա Մամիկոնյանի ամուսնու՝ Հենրիկի կողմից:

Տիկին Աիդան երկար ժամանակ տուն է փնտրել, անընդհատ գնացել-եկել են այն փողոց, որտեղ գտնվել է պատմական նշանակություն ունեցող առանձնատունը:

Այն գնել են 1964 թվականի սեպտեմբերի 4-ին՝ պայմանով, որ Ամալյա Դմիտրիևնան պետք է ապրի իրենց հետ:

Աիդա Մամիկոնյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տան հետ կապված բավական շատ հիշողություններ ունի պահպանված: Հատկապես հետաքրքիր են անցել առաջին երեք տարիները, երբ դեռևս կենդանի էր Ամալյա Դմիտրիևնան:

«Նա երեք տարի ապրեց մեզ հետ: Ամռանը, երբ մենք գնացել էինք Յալթա հանգստանալու, մեզ զանգահարեցին՝ տեղեկացնելով, որ Ամալյա Դմիտրիևնան մահացել է: Մենք չկարողացանք ետ գալ և մասնակցել հուղարկավորությանը»,- ասում է Աիդա Մամիկոնյանը:

Տարիներ անց իտալական ճարտարապետական ոճով կառուցված այս առանձնատունն անտարբեր չէր թողնելու նաև իտալացի Անտոնիո Մոնտալտոյին:

Ա. Մամիկոնյանն իր ընտանիքով առանձնատանը բնակվելուց 47 տարի անց որոշում է Կովկասում նմանը չունեցող տունը վաճառել Գյումրիում ներկայիս Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին:

Տունը վաճառելու պատճառներից մեկն էլ եղել է դրա վերանորոգման հետ կապված մեծ գումարների անհրաժեշտությունը:

Այնուամենայնիվ, Ա. Մամիկոնյանը մեծ դժվարությամբ և հուզմունքով է բաժանվել սիրելի առանձնատնից՝ պահպանելով կարոտի զգացումը:

«Անտոնիո Մոնտալտոն այդ փողոցով պարբերաբար անցել է, շատ ուշադիր նայել մեր տանը, զգացել է իտալական ճարտարապետական շունչը և որոշել գնել առանձնատունը»,- պատմում է Ա.Մամիկոնյանը:

Երկրաշարժից հետո իր կյանքը Գյումրու հետ կապած Անտոնիո Մոնտալտոն քայլեր ձեռնարկեց Գյումրիում մշակութային կյանքն աշխուժացնելու համար՝ 2013 թվականին՝ Աբովյան փողոցի 118-ամյա առանձնատան վերանորոգումից հետո, դրա տարածքում բացելով «Վիլլա Կարս» հյուրանոցային համալիրը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս