Բաժիններ՝

ԱՄՆ-ը 11 մլն դոլար է առաջարկել թալիբների հետ կապված ահաբեկիչների մասին տվյալների դիմաց

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ընդհանուր առմամբ 11 մլն դոլար պարգեւ է առաջարկել «Թերիք-ե Թալիբան Պակիստան» ահաբեկչական խմբավորման այն երեք ահաբեկիչների վերաբերյալ տեղեկատվության դիմաց, որոնք կապված են Աֆղանստանի «Թալիբան» շարժման հետ։

ԱՄՆ-ը 5 մլն դոլար է խոստանում վճարել այն տեղեկատվության համար, որը կօգնի բռնել խմբավորման պարագլուխ Մաուլան Ֆազլուլային, 3-ական մլն դոլար է խոստանում Աբդուլ Վալիի եւ Մանղալ Բագի վերաբերյալ տեղեկատվության դիմաց: Պետդեպարտամենտի տեղեկատվության համաձայն, Ֆազլուլան մասնակցել է այն չհաջողված ահաբեկչական գործողությանը, որը փորձում էր 2010 թվականին Նյու Յորքում իրականացնել Ֆայսալ Շահզադը. նա պլանավորում էր ռումբ պայթեցնել Թայմս-սքվերում:

Նաեւ նրանց կողմից ղեկավարվող խմբավորումը պատասխանատուէ 2014 թվականին Փեշավարի դպրոցներից մեկում 148 երեխաների եւ ուսուցիչների սպանության եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր Մալալա Յուսուֆզայի վրա կատարված հարձակման համար, ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Վալին, ինչպես հայտարարել է Պետդեպարտամենտը, գլխավորում է «Ջամաաթ ալ Ահրար» խմբավորումը եւ պատասխանատու է Պակիստանում խաղաղ բնակչության, կրոնական փոքրամասնությունների եւ իրավապահ մարմինների վրա գրոհների, ինչպես նաեւ Փեշավարում ԱՄՆ-ի հյուպատոսարանի երկու աշխատակիցների սպանության համար:

Բագը «Լաշքար ե իսլամ» խմբավորման պարագլուխն է, որը հարձակվում էր ՆԱՏՕ-ի ավտոշարասյուների վրա, ինչպես նաեւ, ըստ Պետդեպարտամենտի հայտարարության, Պակիստանում ու Աֆղանստանում զբաղվում էր թմրանյութերի առեւտրով եւ մարդկանց առեւանգմամբ:

Ահաբեկիչների վերաբերյալ տեղեկատվության դիմաց պարգեւը հայտարարված է «Պարգեւ արդարադատության համար» ծրագրի շրջանակներում, որը 1984 թվականին գործարկման պահից ի վեր շուրջ 125 մլն դոլար է վճարել ԱՄՆ-ի ավելի քան 80 իրազեկիչների: Բացի այդ, ամերիկյան իշխանությունները ԱՄՆ տեղափոխվելու հարցում օգնություն են տրամադրում նրանց, ովքեր ահաբեկիչներին մատնել են արտասահմանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս