Հանձնարարվել է խստորեն վերահսկել ու բացառել Մարտի 8-ի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը՝ հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:
«Հատկապես հաշվի առնելով, որ օրեր անց Մարտի 8-ն է, մեկ անգամ ևս խստորեն նախազգուշացրեք կրթօջախների տնօրեններին՝ կանխել ու բացառել դրամահավաքության հնարավոր նախաձեռնությունները: Նաև նախազգուշացրեք, որ դրամահավաքության ցանկացած ահազանգ մանրակրկիտ կուսումնասիրվի և, հաստատվելու դեպքում, կրթօջախի տնօրենն անձամբ պատասխանատվություն կկրի դրա համար», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: