Բաժիններ՝

«Հոգևոր ֆաստ-ֆուդն ամենահաջողված ձևը չէ՝ շփվելու երեխաների հետ». Ռուբեն Բաբայան

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Մարտի 4-ին՝ Մանկական հեռուստատեսության միջազգային օրվան ընդառաջ, անդրադարձավ կարողանո՞ւմ է արդյոք հայկական հեռուստատեսությունը երեխաների համար ապահովել որակյալ և ճիշտ հաղորդումներ ու մուլտֆիլմեր հարցին, խոսեց նաև այսօրվա հեռուստատեսության դրական և բացասական կողմերի մասին:

Ռ. Բաբայանը հիշում է՝ 80-ական թվականներին Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը հատուկ կոնդակով հրահանգել էր, որպեսզի բոլոր կաթոլիկ դպրոցներում նայեն սովետական արտադրության մուլտֆիլմեր, որովհետև, ըստ նրա, դրանք բարություն և հումանիզմ էին քարոզում: Իսկ ի՞նչ են քարոզում այսօրվա մուլտֆիլմերը, կամ ովքե՞ր են այսօրվա մեր իրականության հերոսները.

«Իհարկե, առաջին հերթին և կարևորագույն հերոսը եղել և մնում է սահմանին իր կյանքը տվող զինվորը: Բայց չէ՞ որ կան նաև այլ ոլորտների արժանահիշատակ դեմքեր ու անուններ, ովքեր կարող էին հիանալի հերոսներ լինել պատանիների և նույնիսկ մանուկների համար՝ կրթության և առողջապահության ոլորտից, մշակույթի, գիտության, ինչո՞ւ չէ, նաև՝ և բիզնեսի ոլորտներից, և այլն: Սա շատ կարևոր է, որ երեխան, հետո նաև՝ պատանին, իր հույսերը կապի այս երկրի, այս հասարակության և այս պետության հետ: Պետական գաղափարախոսության կառուցման առումով՝ այստեղ ես մեծ թերություն եմ տեսնում՝ ի՞նչ է, այս երկրի համար կարելի է զոհվել, բայց այս երկրում ապրել հնարավոր չէ՞: Սա շատ վտանգավոր երևույթ է»:

Անդրադառնալով մանկական հաղորդումների բովանդակային մասին՝ Ռուբեն Բաբայանը նկատում է՝ մանկական ծրագրերում պետք չէ սահմանափակվել միայն ժամանցային հաղորդումներ պատրաստելով, որովհետև երեխաները նաև այլ պահանջներ ունեն.

«Պետք չէ որոշել երեխաների փոխարեն, թե նրանք ի՞նչ են ուզում: Պետք է հասկանալ՝ այն ամենը, որ արագ է ծամվում, միշտ չէ, որ որակյալ է: Երբ մենք մտածում ենք մեր երեխաների ֆիզիկական առողջության մասին, մենք նրանց ողջ օրը միայն կոնֆետներ չենք տալիս, միայն նրա համար, որ նրանք կոնֆետ շատ են սիրում: Անկախ նրանից՝ նրանք շա՞տ են սիրում, թե՞ ոչ, բայց մենք պարտավոր ենք նրանց տալ նաև այլ մթերքներ, որոնք պարտադիր և օգտակար են նրանց առողջ աճի համար: Իսկ հոգևոր առողջությունը մի՞թե ավելի պակաս կարևոր է, քան ֆիզիկականը: Հոգևոր ֆաստ-ֆուդն ամենահաջողված ձևը չէ՝ շփվելու երեխաների հետ: Երեխաների համար նախատեսված մշակույթ, գրականություն, արվեստ ստեղծելը և նրանց հաղորդակից դարձնելը բոլորովին անլուրջ կամ երկրորդական գործ չէ: Սերունդ դաստիարակելը, երեխային կրթելը, նրան դեպի կյանք հույս ներշնչելն ու դրա լավագույն ուղիները ցույց տալը շատ կարևոր ու անհրաժեշտ աշխատանք է»:

Անդրադառնալով ինֆորմացիայի տարերային հոսքին և դրա վերահսկման խնդրին՝ Ռուբեն Բաբայանը նկատում է.

«Ես խնդիրը համացանցի մեջ չեմ տեսնում, այլ՝ ծնողների փոխանցած դաստիարակության որակի: Նախ պետք է հասկանալ, թե ծնողն ինքը ի՞նչ արժեքային համակարգի կրող է և ի՞նչ է փոխանցում իր երեխային: Երբ քեզ դրսում նեղացնում են՝ քարը վերցրու տուր գլխի՞ն, կամ նոր-նոր խոսել սովորող երեխային հայհոյանքներ են սովորեցնում, և ընտանեկան խնջույքների ժամանակ այդ երեխային, ով նույնիսկ չի էլ հասկանում, թե ինչ է ասում, կրկնել են տալիս ամենակոպիտ ու գռեհիկ հայհոյանքներ ու հրճվում: Սա մեր կենցաղը չէ՞, սա մեր կյանքը չէ՞, սա համացանցի՞ց է եկել, թե՞ սարերից իջած մշակույթից:

Հասարակության քաղաքակրթական մակարդակը որոշվում է նաև նրանով, թե ինչպե՞ս են դրա ներսում կառուցվում ծերերի և մանուկների հետ հարաբերությունները: Հետևաբար՝ մինչ մենք մեր ծերերին ասում ենք ՝ձայնդ կտրի, քո դարն անցել է, իսկ երեխաներին վիրավորում ենք, ասելով՝ քո կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում, կամ քեզանից ոչ ոք կարծիք չի հարցնում, մենք չենք կարող մեզ համարել քաղաքակիրթ հասարակություն ունեցող երկիր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս