«Ակնհայտ է, որ Հայաստանը եղել է Ռուսաստանի անուղղակի շանտաժների ներքո». Ստյոպա Սաֆարյան

«Տպավորություն է, որ Հայաստանին հիշեցվում է, որ 2013-ին ետքայլ արեց Ասոցացման համաձայնագրից, բայց ես ավելի շատ տեսնում եմ Բրեմերի կողմից մոդերատորության, քննարկում գեներացնելու պոզիտիվ սադրանք, ուղղակի հարցնելու, թե ինչպես Հայաստանը կարողացավ ԵՄ-ի հետ ունենալ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, իսկ մյուս կողմից՝ լինել ԵԱՏՄ անդամ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովում Սերժ Սարգսյանին «Եվրասիա խմբի» նախագահ ու հիմնադիր Յան Բրեմերի կողմից ուղղված հարցին, թե ափսոսո՞ւմ է Սերժ Սարգսյանը, որ 2013 թվականին մերժել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և մտել Եվրասիական միություն։

Ըստ նրա՝ իրադարձություններն այդպես զարգացան և այդպես էլ ընկալվեցին, որ 1 գիշերվա ընթացքում բան փոխվեց։ Ս.Սաֆարյանի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանը պատմության բոլոր կողմերը չէ, որ ներկայացնում է, որովհետև որոշումը, այնուամենայնիվ, անակնկալ կայացվեց նաև իր կուսակցության համար, բայց մյուս կողմից՝ նա ասում է, որ Հայաստանը որևէ մեկից թաքուն ոչինչ չի արել, այսինքն՝ հասկացնում է, որ ԵՄ-ում տեղյակ են եղել, որ Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև բանակցություններ գնում են։

Սակայն, Ս.Սաֆարյանի կարծիքով, այստեղ էլ ամբողջ կողմը չի ներկայացվում, որովհետև, համենայն դեպս՝ այն ժամանակ, Հայաստանը չի խոսել ԵԱՏՄ-ին իր անդամակցության մասին, այլ խոսել է հատուկ կարգավիճակի մասին, խոսել է նաև Ռուսաստանը. «Այսինքն՝ շատ բան է փոխվել, ամեն մեկը ներկայացնում է այդ բարդ պատմության մի կողմը, որը սխալ անվանել չես կարող։ Վստահաբար կարող եմ ասել, որ թե՛ բաց, թե՛ փակ քննարկումներում Հայաստանն այդ ակնարկներին, քննադատություններին, թե ճնշում եղել է ռուսների կողմից, երբեք դրական չի պատասխանել։

Բայց ակնհայտ է, որ Հայաստանը եղել է Ռուսաստանի անուղղակի շանտաժների ներքո՝ թե՛ Ղարաբաղյան խնդրով, թե՛ գազային, և թե՛ այլ հարցերով։ Այս առումով, քանի որ Սերժ Սարգսյանը հրապարակավ և միգուցե փակ հանդիպումներում չի կարող դրա համար բավարար ապացույցներ բերել, կամ ներկայացնել՝ որպես ուղղակի ճնշում, բնականաբար, խուսափում է այդ ամենից և ներկայացնում, որ Հայաստանը ճնշումների տակ որոշում չի կայացրել։ Իրականում Հայաստանի նկատմամբ ճնշումներ եղել են։ Ես չեմ բացառում, որ ճնշումներ եղած լինեն նաև անձնապես իշխանությունների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի վրա։ Հետևաբար՝ այս պատմությունն ամեն մեկը ներկայացնում է յուրովի, այն հատվածով, որը ցանկանում է, և ստացվում է, որ պատմածը ոչ կարող ես հերքել, և ոչ էլ կարող ես ամբողջական համարել»։

Բրեմերի ռուս-թուրքական սիրո և ՀՀ հնարավորությունների մասին դիտարկման վերաբերյալ Ս.Սաֆարյանը նշեց, որ ընդհանրապես նկատելի է, որ Սերժ Սարգսյանը խուսափում է Ռուսաստանի մասին խոսել. «Այս կտրվածքով, որքան էլ ռուս-թուրքական հարաբերությունների մասին է ակնարկը, Սերժ Սարգսյանը խոսում է Ադրբեջանին Թուրքիայի սատարելու մասին։ Եվ, կարծում եմ, Սերժ Սարգսյանն այդ հարցուպատասխանում մի քանի խնդիր ուներ լուծելու, առաջինը՝ հիշեցնել, որ Ալիևը բացարձակապես կապ չունի փոխզիջումային տրամաբանությունների հետ։ Ս.Սարգսյանը նույնիսկ ադրբեջանցի դիվանագետի հետ հարցն օգտագործեց այդ մեսիջը տարածելու համար, որ Ալիևը կորցրել է ողջախոհությունը և արդեն Երևանն է պահանջում։ Երկրորդ՝ Թուրքիայի սատարման հարցն էր՝ որպես հակամարտության կարգավորումը բարդացնող հարց, և երրորդ՝ նկատելի էր, որ առնվազն ակնկալում էր, որ Եվրոպան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գոնե կհամագործակցեն Ղարաբաղյան հակամարտության գործում»։

Տեսանյութեր

Լրահոս