ԱՄՆ-ը կարգավորման իր ծրագիրն է սկսում Ղարաբաղում
Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգների հակառուսական պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգի տակ է: Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:
«Եղել է ծանուցում այլ երկրների կառավարություններին և մասնավոր ընկերություններին, որ ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքների դեպքում՝ հնարավոր է պատժամիջոցների կիրառում: Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան, և, եթե այդպիսիք կան»,- նշում են դեսպանատան մամուլի ծառայությունից՝ ի պատասխան հայաստանյան թերթերից մեկի հարցմանն առ այն, թե հնարավո՞ր է արդյոք՝ այդ պատժամիջոցների թիրախում հայտնվի Հայաստանը, և արդյոք թեմայի վերաբերյալ քննարկումներ ընթանո՞ւմ են ՀՀ իշխանությունների հետ:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ հայտարարեց Ռուսաստանի դեմ, որոնք առաջին գլոբալ ֆինանսական, ռազմական պատժամիջոցներն են Ռուսաստանի դեմ և կարող են լրջագույն հետևանքներ թողնել ռուսական տնտեսության վրա: Հակառուսական պատժամիջոցները վերջին մի քանի ամիսների ընթացքում ունեն նաև ռազմական բաղադրիչ, քանի որ ուղղվում են մի շարք պաշտպանական ձեռնարկությունների դեմ: Բացի այդ, դեկտեմբերին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ էր սահմանել ռուսական մի շարք ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ: Ռուս և ամերիկացի քաղաքագետներն այդ ժամանակահատվածում արդեն չէին բացառում, որ ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ պատժամիջոցների շարքն ընդլայնվի:
Ամերիկայի Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը հենց այդ շրջանում էլ նշել էր, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրներին զերծ պահել ռուսական զենքի գնումներից.
«Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»: Բլանկի խոսքով, թեև հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողները, այդ թվում և՝ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել. «Ընդհանրապես հնարավոր է պատժամիջոցների ենթարկել ամբողջ մի կառավարություն»:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ այս թեմայի շրջանառության հենց սկզբում կարծում էր, որ Միացյալ Նահանգները չի կարող արգելել Հայաստանին զենք գնել Ռուսաստանից: Սակայն, ըստ նրա՝ եթե առանձին պատժամիջոցներ են հնարավոր Հայաստանի, հետևաբար՝ նաև Ադրբեջանի նկատմամբ, ապա գործ ունենք շատ ավելի լայն գործընթացի հետ, քան միայն որոշ խնդիրների համար Ռուսաստանին «պատժելն» է:
«Եթե պնդում եք, որ նման պատժամիջոցների հնարավորության մասին հայկական կողմին տեղեկացրել են, նշանակում է, որ Ադրբեջանին ևս տեղեկացրել են, և այս երկրների դեմ ԱՄՆ-ը պատժամիջոցների այլ փաթեթ է նախատեսել, քանի որ արգելել զենք գնել հնարավոր չէ, բայց ԱՄՆ-ը` իր հարուստ լծակներով, կարող է այս երկրների համար թեթև պատժամիջոցների փաթեթներ սահմանել` սահմանափակելով ռուսական զենքի մուտքը տարածաշրջան։ Ըստ էության, ժամանակի ընթացքում կողմերն իրենք կխուսափեն սպառազինություն ձեռք բերել Ռուսաստանից, քանի որ Միացյալ Նահանգները կարող է լուրջ ֆինանսական դժվարություններ ստեղծել այս երկրներում «մատի թեթև շարժումով»:
Իրականում, սա շատ ավելի համակարգային քաղաքականություն է, քան թվում է, քանի որ Նահանգների ծրագիրը հաջողության դեպքում կիջեցնի տարածաշրջանում ռազմականացման մակարդակը, քանի որ ներկայումս այն շատ բարձր է, բայց դա ամենևին չի նշանակում, որ կողմերը կմոտենան կարգավորմանը, այստեղ բաց կառաջանա՝ և՛ ռազմական, և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական:
Փաստորեն, ԱՄՆ-ը նպատակ ունի այդ բացը լցնել ոչ թե սպառազինության վաճառքով, այլ դիվանագիտական ակտիվությամբ կամ կարգավորման նոր ծրագրերով, այս տարածաշրջանում իր ներկայության ընդլայնմամբ:
Այսինքն` այս հակառուսական պատժամիջոցների օգնությամբ Նահանգները ոչ միայն Ռուսաստանին զսպում է մի շարք ուղղություններով, որոնք են Սիրիան, Ուկրաինան, այլև ԼՂ հակամարտությունը և այն կետերը, որոնցում Ռուսաստանն ակտիվ և հաջողակ խաղացող է: Ամերիկյան այս ծրագրի հաջողությունը կախված է Հայաստանից, Ռուսաստանից և Ադրբեջանից, առավել կարևոր կլինի Ռուսաստանն այս դեպքում, թե ինչպես նա կկարողանա բանակցել իր գործընկերների հետ, և ինչպես կլուծվեն այս խնդիրները, քանի որ ես չեմ կարծում, որ զենքի վաճառքը դադարի, եթե դրա համար արգելքներ չեն կարող լինել:
Զենքի վաճառքը կշարունակվի, բայց այն կարող է արդեն լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, և, ամենայն հավանականությամբ, ֆինանսական հետևանքների մասին կլինի խոսքը, քանի որ դա ԱՄՆ-ի ամենահզոր լծակն է այս և այն երկրների դեմ, դա նաև Թրամփի ոճն է, այդ մասին նա նաև ավելի վաղ հայտարարեց Իսրայելի քվեարկությունից առաջ և հետո` զգուշացնելով բոլոր «դավաճան» երկրներին»,- նման տեսակետ հայտնեց Պավել Ֆելգենգաուերը:
Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը՝ խուսափելու համար ամերիկյան պատժամիջոցներից, Պավել Ֆելգենգաուերը պատասխանեց, որ ամենահեշտ պատասխանն այն է, որ պետք է սպառազինություն ձեռք չբերի Ռուսաստանից, դադարեցնի այդ ոլորտում գործարքները Ռուսաստանի հետ:
«Բայց դա այդքան էլ հեշտ չէ՝ հաշվի առնելով ներկայիս Ադրբեջանի ռազմական հնարավորությունները, հայ-ռուսական ռազմավարական կապերն ու Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը, զենքի գնումը կարծես նաև հակառակորդին զսպող գործոն է դարձել: Բնականաբար, կարելի է զենք ձեռք բերել այլ կենտրոններից ևս, եթե կան միջոցներ դրա համար, իսկ Հայաստանի միջոցները սուղ են, որի պատճառով Հայաստանը Ռուսաստանից ներքին գներով է զենք գնում: Բնականաբար, կարելի է աշխատել, ամերիկյան կողմի հետ դիվանագիտական աշխատանք տանել, նաև բացատրել և այլն, քանի որ սրանք զգուշացումներ են և անպայմանորեն չեն կատարվելու:
Սակայն Միացյալ Նահանգները ցույց է տալիս իր հարավկովկասյան քաղաքականության ուղղությունը, որի նպատակը Ռուսաստանի ազդեցությունն էապես նվազեցնելն է, Ռուսաստանի հատուկ դիրքերն այս տարածաշրջանում խարխլելը, և դա որոշակի առումով կհաջողվի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը լուծումներ չգտնեն Ռուսաստանի հետ:
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ անկանխատեսելի հետևանքներ կունենա տարածաշրջանի համար ռուսական դիրքերի խաթարումը, քանի որ Ռուսաստանը կողմերին միշտ փրկել է պատերազմից, Ռուսաստանի ջանքերով է մշտապես կնքվում հրադադարի ռեժիմը ճգնաժամային փուլերում, չլինի Ռուսաստանը՝ իր այդ լծակներով, այդ ազդեցությամբ, ո՞ր կողմը կունենա նման ազդեցություն:
Դժվար է ասել: Կարծում եմ, եթե որևէ միջնորդի հաջողվի դրական տեղաշարժ արձանագրել այս հակամարտությունում, այդ քայլը ողջույնի է արժանի»,- ասաց Ֆելգենգաուերը` շարունակելով պնդել, որ նման հույսեր չունի: