«Մեր կենտրոնում ունենք գրանցված երիտասարդ, ով ունի սրտի անբավարարություն, բայց ծառայում է Ջաբրաիլում»

168.am-ին է դիմել Գյումրու «Մարզամշակութային ներառական կենտրոն» հ/կ-ի («Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն») աշխատակազմի ղեկավար Անահիտ Կիրակոսյանը՝ ասելով, որ իրենց կենտրոնում 300-ից ավելի անդամագրված երեխաներ կան, որոնց մի մասն ունի հաշմանդամություն, մյուս մասը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են:

«Մենք ունենք աուտիզմով, շաքարային դիաբետով տառապող երեխաներ: Երիտասարդներ ունենք, որոնք տեսողական լուրջ խնդիրներ ունեն, բայց այսօր չեն կարող թոշակավորվել, կարգից օգտվել, նույնիսկ բանակ են գնալու: Մենք մեր կենտրոնում ունենք մի գրանցված երիտասարդ, ով ունի և շնչառական խնդիրներ, և սրտի անբավարարություն, և թույլ տեսողություն, բայց այսօր նա ծառայում է Ջաբրաիլում:

Մի փաստ նշեմ՝ մեր կենտրոնում գրանցված երեխաներից մեկի խոցն էր պայթել, անկենդան վիճակում տարել էին «Գյումրի» ԲԿ, այդ երեխան ինչ է թե հաշմանդամության կարգ չունի, երեխային անտերության են մատնել, ուզում է՝ մեռնի, ուզում է՝ չմեռնի, մեկ է՝ կարգ չունի: Էլի մեր կենտրոնի տնօրենը բոլորին իրար խառնեց, որ փորձեն այդ երեխային ինչ-որ օգուտ տալ: Պատկերացնո՞ւմ եք, ինչ վիճակ է: Գյումրիում բարձիթողի վիճակ է»,- ասաց Ա.Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ կարող ենք այցելել «Հաշմանդամների մարզամշակութային» կենտրոն և զրուցել հաշմանդամների և նրանց ծնողների հետ, նաև այնպիսի անձանց հետ, ովքեր բազմաթիվ հիվանդություններ ունեն, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում հաշմանդամության կարգ ձեռք բերել:

Կարդացեք նաև

«Հաշմանդամների մարզամշակութային» կենտրոնի տնօրենի խոսքով, առողջական խնդիրներ ունի նաև իրենց կենտրոնի հիմնադիր-նախագահ Արտյոմ Դիլանյանը. նա աչքի հետ կապված շատ լուրջ խնդիր ունի:

«Մի աչքն ընդհանրապես չի տեսնում, իսկ մյուս աչքը 3 % տեսողություն ունի: Իր մոտ աչքի եղջերաթաղանթի մաշվածություն կա, որը տանում է լրիվ կուրացման: Իր մոտ մնացորդային տեսողություն է: Երևանի Մալայանի կենտրոնում բուժվելու համար կենտրոնի աշխատողներով և կամավորներով որոշել ենք հրապարակում տարածել: Ինքը չի կարող անվճար բուժօգնությունից օգտվել, պետք է վճարի, որպեսզի կարողանա օգտվել:

Սկզբի համար իրեն 200.000-300.000 դրամ օգնություն է պետք, թե հետագա բուժումն ինչպիսին կլինի, դա արդեն չեմ կարող ասել: Եթե յուրաքանչյուրը, թեկուզ մեր օլիգարխներից էլ, չնչին չափով այդ մարդուն օգնեն, գոնե մնացորդային 3% տեսողությունը կպահպանվի: 8 տարի է՝ ինքը կազմակերպության ղեկավար է, բոլորին օգնում է, ուղղակի այս պահին ինքն ունի օգնության կարիք»,- հավելեց մեր զրուցակիցը:

Անահիտ Սիմոնյան

Հ. Գ. Ըստ որոշ փորձագետների՝ հաշմանդամության կարգ ձեռք բերելու գործընթացը գնալով դժվարանում է, և շատ ավելի բարդ է, քան ԽՍՀՄ տարիներին: Պատահական չէ նաև հանրապետությունում թոշակառուների թվաքանակի կրճատումը: Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա համեմատ՝ մոտ 14 000-ով կրճատվելու է հաշմանդամների, հետևաբար՝ թոշակ ստացողների թիվը: Իշխանություններին այս գործընթացը ձեռնտու է, քանի որ, որքան քիչ լինեն հաշմանդամները, այնքան քիչ կլինի նաև թոշակ ստացողների թիվը, այդպիսով բյուջեում որոշակի գումար կտնտեսվի:

«2018 թվականին մենք ունենալու ենք մոտ 14 000 կենսաթոշակառուների կրճատում: Սա պայմանավորված է նրանով, որ հաշմանդամության խմբերի տրամադրման ոլորտում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Վերջին ամիսներին հիմնականում կրճատումներ ենք ունեցել 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամների մասով»,- հայտարարել էր սոցապ փոխնախարար Արայիկ Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս