«GetContact ներբեռնելով և ընդամենը ճշտելով, թե ձեզ ով է զանգել, ձեր և ձեր ընկերների անձնական տվյալներն եք զոհում այդ հավելվածին»

ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները և օրենսդրական կարգավորումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ Հայաստանում էական փոփոխություն տեղի ունեցավ 2015 թվականին՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի ընդունմամբ։

«Ի տարբերություն նախորդ՝ 2002 թվականից գործող «Անհատական տվյալների պաշտպանության մասին» օրենքի, այս նոր օրենքը սահմանում էր և անձնական տվյալների մշակման սկզբունքները, որոնցից պետք է բխեն անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում, և ուներ անձնական տվյալների պաշտպանության այլ կառուցակարգեր։ Օրինակ՝ գործակալությունը ստեղծվել է հենց օրենքի հիման վրա՝ որպես անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին։ Նախկինում չկար այսպիսի մարմին, որը պետական հոգածություն կդրսևորեր անձնական տվյալների պաշտպանության նկատմամբ։ Գործակալությունն ունի բազմաթիվ լիազորություններ, որոնցից ամեն մեկն առանձին փոքր կառույց է, օրինակ՝ քաղաքացիները կարող են դիմել, կամ գործակալությունն իր սեփական նախաձեռնությամբ հարուցի վարչական վարույթ ու պարզի այս կամ այն դեպքում անձնական տվյալների մշակման իրավաչափությունը»։

Նա ընդգծեց, որ 2016 թվականին, երբ օրենքը նոր էր ընդունվել, ունեցել են 11 վարույթ, իսկ 2017 թվականին վարույթները կրկնապատկվել են, ինչը, ըստ Հայրապետյանի՝ նշանակում է, որ որոշակիորեն բարձրացել է մարդկանց իրավագիտակցությունն ու տեղեկացվածությունն անձնական տվյալների պաշտպանության առումով, մարդիկ սկսել են ավելի շատ դիմել.

«Դաշտն ավելի է կարգավորվում, ու տարատեսակ խախտումներն ավելի են քչանում։ Հիմա բարձրաձայնողներն ու անհանգստացողներն են ավելի շատ դարձել։ Եթե 2016թ. սկզբին մեր գործընկեր ընկերության սոցիալական հարցումով հարցված քաղաքացիների 50-60 տոկոսն անտարբեր էր կամ իրենց ընդհանրապես հետաքրքիր չէր, թե իրենց անձնական տվյալներն ինչպես էին պաշտպանվում, հիմա մարդիկ ավելի ուշադիր են իրենց անձնական տվյալների նկատմամբ և գիտեն, թե անձնական տվյալների ապօրինի օգտագործումն իրենց հետագա կյանքի վրա ինչպիսի բացասական ազդեցություն կունենա»։

Ինչ վերաբերում է քաղաքացիների կրթվածությանը, նա ասաց, որ քաղաքացիների գիտելիքների ավելացման մի տարբերակը պրոակտիվ կրթությունն է, երբ գործակալությունը սեփական նախաձեռնությամբ հրապարակում է տեղեկատվական նյութեր, և ով գտավ, ով կարդաց, նա էլ կկրթվի։ Մյուս տարբերակը, ըստ Հայրապետյանի՝ այն է, որ գործակալությունն ակտիվորեն ինքն է թիրախային ուսուցումներ կազմակերպում.

«Օրինակ՝ հիմա ընտրել ենք թիրախ ավագ դպրոցներին։ Բայց մեր հասարակությունում երբեմն կա նաև մշակույթի խնդիր, օրինակ՝  GetContact-ի օրինակով ասեմ, որ սևով սպիտակի վրա գրված է, թե ինչ ահռելի քանակությամբ տվյալների հասանելիություն է ստանում այդ հավելվածը, ընդամենը պետք էր կարդալ դրա մասին և պատկերացում կազմել, թե ստանալով հնարավորություն՝ ընդամենը ճշտելու, թե ձեզ ով է զանգել, սեփական և հեռախոսագրքում ներառված ընկերների ինչքան տվյալներ եք զոհում այդ հավելվածին։ Սա գրված է, և ցանկացած մեկը, ով այդ հավելվածը տեղադրում է իր սարքի մեջ, առանց կարդալու՝ համաձայնությունը տալիս է, որպեսզի հավելվածը հասանելիություն ստանա այդ տվյալներին»։

Տեսանյութեր

Լրահոս