ԱՄՆ-ում բացվում է «Սանդենս» փառատոնը. ծրագիրը ներառում է հարյուր համաշխարհային պրեմիերա
ԱՄՆ-ի Յուտայի նահանգի Փարք Սիթիում հունվարի 18-ին մեկնարկում է անկախ կինոյի՝ երկրում խոշորագույն «Սանդենս» փառատոնը, որի ծրագրում ներառված է հարյուր համաշխարհային պրեմիերա։
Ինչպես հայտնել են կազմակերպիչները, այս տարի փառատոնին մասնակցելու համար ընտրվել են 29 երկրների 121 լիամետրաժ կինոնկարներ, 53 ֆիլմ դեբյուտային են:
Փառատոնի մասնակիցներին ընտրել են 13 հազար 468 հայտերից, որոնցից գրեթե 4 հազարը կարճամետրաժ ֆիլմեր են: Այդ ֆիլմերի հեղինակների կեսից ավելին օտարերկրյա մասնակիցներ են:
Ավանդաբար մրցութային ծրագրում 16-ական կինոնկարներ կներկայացնեն այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են՝ «Լավագույն ամերիկյան դրամատիկական ֆիլմը» եւ «Լավագույն ամերիկյան վավերագրական ֆիլմը»: «Համաշխարհային վավերագրություն» կատեգորիայում ներառված է 12 ֆիլմ:
«Համաշխարհային գեղարվեստական կինոնկարներ» կատեգորիայում ներկայացված են Չինաստանի, Թուրքիայի, Բրազիլիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Կուբայի ռեժիսորների 12 ֆիլմեր: Փառատոնին բոլոր ֆիլմերի մասնակցությունը կդառնա պրեմիերային ցուցադրություն:
Փառատոնի մրցութային ծրագրի հաղթողները կհայտարարվեն փակման օրը՝ հունվարի 28-ին:
«Սանդենս» փառատոնն անկախ կինոյի առավել ազդեցիկ ստուգատեսներից մեկն Է ԱՄՆ-ում: Այն հիմնվել է ամերիկացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդի կողմից եւ կոչվել «Բուչ Քեսիդին եւ «Սանդենս Քիդը» կուլտային վեսթեռնում Ռեդֆորդի հերոսի պատվին: Ամեն տարի փառատոնի շրջանակներում Փարք Սիթիում, Սոլթ Լեյք Սիթիում եւ Օգդենում կազմակերպվող դիտումներին այցելում է ավելի քան 50 հազար մարդ:
Կինոնկարները, որոնց պրեմիերաները կայացել են փառատոնում, հաճախ տոն են տալիս հետագա ամբողջ կինոտարվան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: