Բաժիններ՝

Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել անկախության կողմնակից Ռոժե Տորենը

«Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ռոժե Տորենը, որը պաշտպանում է ինքնավարության անկախությունը, հունվարի 17-ին ընտրվել է տարածաշրջանային խորհրդարանի նախագահ: Նրա թեկնածությունը հաջողվել է հաստատել կատալոնյան պալատում կայացած երկրորդ քվեարկության արդյունքում։

Պատգամավորները առաջին նիստին էին հավաքվել անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո:

Այսպիսով, 38-ամյա Տորենը դարձել է տարածաշրջանային պալատի ամենաերիտասարդ խոսնակը: Նա 2007 թվականից զբաղեցնում էր Սարիա դե Տեր մունիցիպալիտետի ղեկավարի պաշտոնը:

Նոր խոսնակի եւ խորհրդարանի ղեկավար մարմնի վեց անդամների ընտրվելուց հետո սկսվում է տասն աշխատանքային օրվա շրջանը, որի ընթացքում կոնսուլտացիաներ են անցկացվելու Ժեներալիտետի՝ տեղական կառավարության նոր նախագահի հնարավոր թեկնածության շուրջ: Մինչեւ հունվարի վերջը պալատում այդ հարցի շուրջ պետք է կայանան առաջին բանավեճերը: Դրանց ընթացքում Կատալոնիայի ղեկավարի պաշտոնի հավակնորդը կներկայացնի իր ծրագիրը եւ կխնդրի պատգամավորների վստահությունը: Բանավեճերի արդյունքներով կանցկացվի քվեարկություն, որտեղ թեկնածուին հարկավոր է ապահովել խորհրդարանականների բացարձակ մեծամասնության աջակցությունը:

Մինչ այժմ պարզություն չկա, թե ով կգլխավորի տարածաշրջանն ընտրություններից հետո: Չնայած այն բանին, որ «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունը ընտրությունների արդյունքներով ավելի շատ տեղեր է ստացել խորհրդարանում, քան մյուս քաղաքական ուժերը, նա բավարար աջակցություն չունի, որպեսզի առաջադրի իր թեկնածուին:

«Միասին հանուն Կատալոնիայի» կազմակերպությունը պնդում Է, որ ինքնավարությունը գլխավորի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը: «Կատալոնիայի ձախ հանրապետականները» հավաստել են, որ պատրաստ են պաշտպանել նրա թեկնածությունը, սակայն կուսակցությունը չի պարզաբանել, թե ինչ կերպ է դա արվելու՝ հաշվի առնելով այն, որ Պուչդեմոնը գտնվում է Բրյուսելում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս