«Ամբոխը հարցի լուծում չի կարող տալ». Արա Բաբլոյանը հորդորում է գնաճը մեղմել «ժողովրդավարական» եղանակներով
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովը մերժեց «Ծառուկյան» խմբակցության առաջարկը՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն էր խանագարում, որ «Ծառուկյան» խմբակցության նախագծերը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվեին, ու պատգամավորները որոշեին՝ ուզո՞ւմ են այդ օրենսդրական փոփոխությունները, թե՞ ոչ.
«Եթե արտահայտվելու ազատությունն ազդեցություն չի ունենում որոշումների վրա, դա կրում է ձևական բնույթ: Մեկը որոշում է կայացնում, մյուսներն ուղղակի իրականացնում են: ԱԺ-ում չի որոշվում՝ կո՞ղմ ենք այդ նախագծին, թե՞ ոչ»:
Ի պատասխան՝ Ա. Բաբլոյանը նշեց, որ ինքը հենց դրա համար է առաջարկել խորհրդարանական լսումներ անցկացնել.
«Գտնում եմ, որ, եթե մենք ունենք խնդիր, չենք կարողանում հարցի լուծումը գտնել հանձնաժողովի մակարդակով, ապա կարող ենք ավելի լայն քննարկում կազմակերպել՝ հրավիրելով հավելյալ մասնագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոչ թե գնալ, հարցի քննարկումը տեղափոխել դեպի փողոց, որտեղ, միանշանակ է, որ ամբոխը հարցի լուծում չի կարող տալ, այսինքն՝ ոչ թե ուժային ճանապարհով ազդեցություն ունենալ, այլ գնալ ժողովրդավարական ճանապարհով, կազմակերպել խորհրդարանական լսումներ: Այն բոլոր խնդիրներ, որոնք մենք այստեղ ուզում ենք քննարկել, կարող ենք լսումների ժամանակ քննարկել»:
«Դուք բողոքի դուրս եկող քաղաքացիներին անվանում եք «ամբոխ» և փորձում եք դրանով ինչ-որ նեգատիվ երանգավորում տալ, ճիշտ կլինի՝ նման բառապաշար չօգտագործվի, և ուղղեք ձեր ձևակերպումը»,- դիմելով ԱԺ նախագահին՝ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ն. Փաշինյանը համոզված է՝ իշխանություններն իրենց երթի սպառնալիքից ելնելով են խորհրդարանական լսումներ կազմակերպում: