Հայաստանի վրացական ապաշրջափակման հեռանկարը մշուշոտ է

Դեկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  պաշտոնական այցը Վրաստան լայն  արձագանքներ է գտել ինչպես՝ հայաստանյան, այնպես էլ՝ ռուսական, վրացական և ադրբեջանական մամուլներում:

Պատճառը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի` ավելի վաղ արած հայտարարությունն էր, որ  ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտվել տրանսպորտային ուղիներից Աբխազիայով և Հարավային Օսիայով ՌԴ-ից ապրանքների ներկրման համար, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Վրաստանում:

Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ ֆորսմաժորային իրավիճակներում ՀՀ-ն կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից, քանի որ Հայաստանը ՌԴ-ին կապող Վերին Լարսի անցակետը հաճախակի է փակվում  եղանակային պայմանների պատճառով՝ դրանով իսկ անհնար դարձնելով կապը ՌԴ-ի հետ: Անդրադառնալով 2017-ի դեկտեմբերի 19-ին Բեռնում շվեյցարական SGS ընկերության հետ ստորագրած պայմանագրին, որի համաձայն՝ այդ ընկերությունը պետք է ապահովի բեռների վերահսկողությունը, Կվիրիկաշվիլին ասել է.

«Մեր ստորագրած պայմանագրի ոչ մի կետը մեր պետության շահերի դեմ ուղղված չէ։

Ընդգծում եմ` ֆորսմաժորային իրավիճակում այդ միջանցքից Ցխինվալի տարածքով (Ռոկի թունելով) կարող են օգտվել Թուրքիան, ՀՀ-ն և մյուս երկրները` տարանցիկ երկրի կարգավիճակով»։ Այսինքն` եթե վրացական այս առաջարկը  ստանա բոլոր կողմերի հավանությունը, ՀՀ-ն  հնարավորություն կստանա Ռոկիի թունելով ու աբխազական երկաթուղով կապվել ՌԴ-ի հետ: Այս ծրագրի իրագործման դեպքում, փորձագետների համոզմամբ, էապես կնվազի ՀՀ տնտեսաքաղաքական շրջափակումը:

Այս հայտարարությունից հետո ՀՀ նախագահի այցը դիտարկվեց՝ որպես այս խնդրի լուծման ուղղությամբ կատարվող քայլ, հատկապես, երբ Ս. Սարգսյանն ակնարկեց, որ թեման քննարկվել է Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիի հետ:

Ուշագրավ է, որ ՀՀ նախագահն ասաց, թե անդրադարձել են  2 երկրների ընդլայնվող առևտրատնտեսական օրակարգին՝ առաջին հերթին՝ կարևորելով ընթացիկ համագործակցության խորացումն այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը, այդ թվում նաև՝ իհարկե,  երկու երկրների տարանցիկ կարողությունների և դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացումը:

«Անշուշտ, պարոն նախագահի հետ մենք քննարկեցինք հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Այս համատեքստում կարևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական մոտեցումների պահպանումը: Մենք միակարծիք ենք, որ հակամարտությունների համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում և միայն ու միայն բանակցությունների միջոցով»,- ասել է նա:

Սակայն հարկ է տեղեկացնել, որ Վրաստանի հասարակությունը Կվիրիկաշվիլիի հայտարարությանը բավականին կոշտ է արձագանքել` պահանջելով վարչապետից պարզաբանել, թե ինչ է ստանալու Վրաստանը ՌԴ-ից նման զիջման փոխարեն, պահանջվել է նաև հրապարակել շվեյցարական ընկերության հետ կնքված պայմանագիրը, որին Վրաստանի կառավարությունը դեռ չի պատասխանել:

Նշենք, որ ռուսական կողմը դեռ չի ստորագրել այդ պայմանագիրը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս հայտարարել էր, որ Մոսկվան «դրական է գնահատում պայմանագրի ստորագրումը` առաջինը փաստաթղթերից, որ պետք է ընդունեն վրացական, ռուսական, շվեյցարական կողմերը համաձայնագրի լայնամասշտաբ իրականացման համար»:

Ադրբեջանական կողմն իր հերթին՝ փորձագիտական մակարդակում զգուշացրել է վրացական կողմին այդ քայլի հնարավոր ազդեցության մասին` հորդորելով վտանգի տակ չդնել տարածաշրջանային հզոր նախագծերը, որոնցում ներգրավված են Բաքուն և Թբիլիսին: Ադրբեջանական մամուլն այս միջանցքի վերագործարկման հարցը  որակում է՝ որպես Հայաստանի և ՌԴ-ի կողմից իրականացվող տարանցիկ ինտրիգներ, որոնք ուղղված են Թբիլիսի-Բաքու-Անկարա ռազմավարական առանցքի տապալմանը:

«168 Ժամի» հետ զրույցում Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն ասաց, որ Կվիրիկաշվիլիի հայտարարությունը  տարօրինակ հնչեց՝ հաշվի առնելով այն  հանգամանքը, որ Վրաստան-ՌԴ բանակցություններում որևէ առաջընթաց չկա:

Ավելին, ըստ նրա՝ 2008թ. ռուս-վրացական պատերազմի հետևանքները հասարակությունը դեռ լիովին «չի մարսել», այդ հետևանքներն օկուպացված տարածքներն են, որոնցով այդ միջանցքը պետք է անցնի: Ցինցաձեի խոսքով, եթե Վրաստանը գնա այս ուղիով, կնշանակի՝ ճանաչում և ընդունում է ռուսական օկուպացիան: «Ի՞նչ է դա նշանակում: Չեմ կարծում, թե Վրաստանի իշխանությունները դրան են ձգտում»,- ասաց Ցինցաձեն: Վրաց քաղաքագետի խոսքով՝ այստեղ խնդիրը նաև Հայաստանը չէ, որի խնդրանքով իբրև թե վրացական կողմը  փորձում է զիջումների գնալ, թե հայ-վրացական հարաբերությունները բավականին դրական են:

«Տևական ժամանակ խոսվում է, որ հայկական կողմն աշխատում է այս ուղղությամբ Վրաստանի հետ, փորձում է դուրս գալ շրջափակումից, ակտիվացնել առևտրաշրջանառությունը, քանի որ Լարսի անցակետը չունի ողջ ծավալի շրջանառությունն ապահովելու ներուժ: Սա էական հարց է ՀՀ-ի համար:

Կարծում եմ` ՌԴ-ն ևս շահագրգռված է առաջին հերթին՝ քաղաքականապես, ՌԴ-ն կցանկանա, որպեսզի Վրաստանը համաձայնի այս գործարքին, տնտեսապես մեծ օգուտներ սրանից Ռուսաստանին չեն լինի: Չստորագրելով  պայմանագիրը` ՌԴ-ն ցանկանում է ցույց տալ, որ շահագրգիռ չէ  այս հարցում:

Կարծում եմ՝ Վրաստանի վարչապետը, շատ լավ հասկանալով, որ հասարակությունը չի ընդունի, այնուամենայնիվ, հանդես է գալիս նման հայտարարությամբ, քանի որ եվրոպական կողմն է սրա  նախաձեռնողներից մեկը: Կարծում եմ` ՌԴ-ն ևս շահագրգռություն ունի:

Բայց ԵՄ-ն ստորագրելով ՀՀ-ի հետ համաձայնագիր՝ ըստ էության հանձն է առել նվազագույնի հասցնել Հայաստանի շրջափակման վնասները, ԵՄ-ն առաջ է մղելու նաև Իրանի հետ տարանցիկ կապերի ստեղծման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԵՄ-ն այսօր Թուրքիային չի կարող պարտադրել բացել հայ-թուրքական սահմանը` վերացնելով շրջափակումը, իսկ այս միջոցով ԵՄ-ն կարող է ՀՀ-ին այլընտրանքով ապահովել, հատկապես, երբ Վրաստանի հետ ԵՄ-ի հարաբերությունները լավն են: Բայց կարծում եմ` որոշիչ են ներվրաստանյան տրամադրությունները»,- ասաց Ցինցաձեն:

Անդրադառնալով վրաց-ադրբեջանական հարաբերություններին` դիվանագետն ասաց, որ այս գործարքին համաձայնելով՝ Վրաստանն իրեն է վնասելու, և ոչ՝ Բաքվին:

«Ադրբեջանական բացասական արձագանքների տրամաբանությունն այդքան էլ չեմ հասկանում: Չէ՞ որ Վրաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում մշտապես չեզոքություն է պահպանել, ակնհայտ չեզոքություն: Վրաստանը Հայաստանի համար բարեկամական երկիր է, հնարավորության դեպքում Վրաստանը պետք է նպաստի ՀՀ-ի շրջափակման վերացմանը, և այստեղ Բաքուն ի՞նչ դժգոհություններ կարող է հայտնել: Կարծում եմ՝ մեր ծրագրերը Բաքվի հետ՝ կապ չունեն Հայաստանի հետ մեր հարաբերությունների հետ, դրանք հավասարակշռված են, դրական՝ անկախ պատերազմներից: Վրաստանը չի կարող ծառայել ադրբեջանական ծրագրերին»,- ասաց Ցինցաձեն:

Նրա կարծիքով՝ այս այլընտրանքային ուղու գործարկումն այսօր հնարավոր չէ՝ ելնելով քաղաքական պատճառներից: Նրա խոսքով` Վրաստանը չի կարող իրեն զոհաբերել, Վրաստանի իշխանությունները չեն կարող ընթանալ ինքնասպանության ճանապարհով: Նրա համոզմամբ՝ պայմանագիրը պետք է հրապարակվի, որպեսզի հասարակությունը դադարի մեղադրել Վրաստանի իշխանություններին մութ գործարքների մեջ:

«Հասարակ քաղաքացուն դժվար է բացատրել բոլոր դետալները: Հայտարարելով դա՝ Կվիրիկաշվիլին թե՛ եվրոպական, թե՛ հայկական կողմին ցույց տվեց այն արձագանքը, որը եղավ Վրաստանում, իսկ դա սկանդալ էր: Կվիրիկաշվիլիին մեղադրում են Ռուսաստանի հետ գործարքների մեջ, ռուսական շահերին ծառայելու մեջ: Քանի դեռ կարևոր հարցերի շուրջ ՌԴ-ի և Վրաստանի միջև երկխոսությունը դրական ճանապարհով չի ընթացել:

Իսկ կառուցողական երկխոսություն կարևոր հարցերի շուրջ գոյություն չունի,  ինչպես կարող է հարակից հարցերի շուրջ համաձայնություն լինել: ՌԴ-ի համար ձեռնտու է փակել ընդհանրապես նախկին բոլոր թեմաները և հարաբերությունները վերսկսելու փորձեր անել հենց այս կետից՝ ստիպելով Վրաստանին ընդունել 2008թ. պատերազմի արդյունքները, բայց Վրաստանը դա չի անի»,- ասաց Ցինցաձեն:

Տեսանյութեր

Լրահոս