«Կենսաթոշակ նշանակելու համար ցանկալի է դիմել 63 տարին լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում». Անահիտ Գալստյան
Կենսաթոշակ նշանակելու կարգ, ժամկետներ, գործընթացին վերաբերող վիճահարույց հարցեր, Հանրային ռադիոյի «Սպառողի ժամը» հաղորդման շրջանակներում այս թեմաների շուրջ է խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող պայմաններն, ըստ պաշտոնյայի, երկուսն են՝ աշխատանքային ստաժ և տարիք: Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք անձը ձեռք է բերում 63 տարեկանում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, իսկ եթե անձը չի աշխատում, ապա նա իր իրավունքը կարող է իրացնել 1 տարի շուտ՝ 62 տարեկանում, բայց այդ դեպքում նա պետք է ունենա 35 տարվա աշխատանքային ստաժ: Աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից, քանի որ մասնակի գործունակություն քաղաքացին ձեռք է բերում հենց այդ տարիքից:
Խոսելով կենսաթոշակ նշանակելու ժամկետների և սահմանափակումների մասին՝ Անահիտ Գալստյանը նշել է, որ քաղաքացին իր կենսաթոշակի իրավունքը կարող է իրացնել տարիքը լրանալուց հետո ցանկացած պահի՝ միաժամանակ խորհուրդ տալով քաղաքացիներին դիմել 63 տարին լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում, որպեսզի կենսաթոշակը նշանակվի հենց ծննդյան օրվանից: «Ենթադրենք քաղաքացու 63 տարին լրանում է 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, եթե նա դիմի մինչև մարտի 1-ը, ապա նրա կենսաթոշակը կնշանակվի դեկտեմբերի 1-ից և նշանակվելուց հետո նրան կվճարվի դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների կենսաթոշակը: Իսկ եթե քաղաքացին դիմի մարտի 1-ից հետո՝ այսինքն 3 ամիս անց, ապա նրան կենսաթոշակ կնշանակվի դիմելու օրվանից. եռամսյա ժամկետը բաց թողնելու պարագայում հետադարձով վճարելու հիմքեր չունենք»,-ընդգծել է վարչության պետը:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, պաշտոնյայի խոսքով, անհրաժեշտ է նվազագույն ստաժ՝ 10 օրացուցային տարի, որի ունենալու դեպքում դրան գումարվում է այլ գործունեության ժամանակահատված ևս՝ մասնավորապես ուսման և երեխայի խնամքի տարիները: Մանրամասնելով գործընթացը՝ բանախոսը նշել է, որ աշխատանքային ստաժը հաշվարկելիս 1 տարվա համար 1 տարուց ավել ժամանակահատված չի հաշվարկվում. «Եթե քաղաքացին աշխատել է և երեխայի խնամքի արձակուրդում է գտնվել, ապա այդ ժամանակահատվածը արդեն իսկ աշխատանքային ստաժում հաշվառված է: Երեխայի խնամքի տարիները հաշվառվում են այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում քաղաքացին չի աշխատել, գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի եղել: Յուրաքանչյուր երեխայի խնամքի համար ստաժին գումարվում է 2 տարի, բայց ոչ ավել, քան 6 տարի: Ինչ վերաբերում է ուսման ժամանակահատվածին, ապա այդ ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է՝ ոչ ավել, քան 6 տարի, հեռակա և երեկոյան ուսուցման դեպքում այդ տարիները աշխատանքային ստաժում չեն հաշվառվում»:
Հարցին, թե ինչ պետական աջակցություն է սահմանված այն քաղաքացիների համար, ովքեր աշխատանքային ստաժ չունեն կամ առկա ստաժը բավարար չէ և քիչ է 10 օրացուցային տարուց՝ ոլորտի պատասխանատուն նշել է, որ այդ դեպքում 65 տարեկանում քաղաքացուն նշանակվում է ծերության նպաստ՝ 16 000 դրամ:
Կենսաթոշակ նշանակելիս արխիվային փաստաթղթեր ներկայացնելու հետ կապված, Անահիտ Գալստյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը արդեն այս տարվանից թույլ է տալիս, որպեսզի քաղաքացիներից արխիվային փաստաթղթեր չպահանջվեն. «Այժմ արխիվային հարցումները կատարում է կենսաթոշակ նշանակող մարմինը, և կենսաթոշակը նշանակվում է ոչ թե պատասխանները ստանալուց հետո, այլ քաղաքացու դիմելու օրվանից»,-ընդգծել է բանախոսը:
Անդրադառնալով կենսաթոշակին վերաբերող վեճերի կարգավորման կարգին՝ պաշտոնյան նշել է, որ համաձայն սկզբունքի և իրավական կարգավորման՝ վեճը բողոքարկվում է վերադասության կարգով, իսկ եթե դա էլ չի բավարարում՝ դատական կարգով. «Եթե կենսաթոշակ նշանակող մարմնի որոշումը բավարարը չէ, ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին դիմում ներկայացնել վերադասին՝ այսինքն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ մանրամասն կուսումնասիրվի խնդիրը, եթե նախարարությունում ևս խնդրին լուծում չտրվի, ապա քաղաքացին կարող է դիմել դատարան»,-պարզաբանել է վարչության պետը: