Ոչ մի երկիր պաշտոնապես չի հրաժարվել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից
Տեսակետը, թե որոշ երկրներ հրաժարվել են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից, չի համապատասխանում իրականությանը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ Ա. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ տնօրեն Գայանե Մելիք-Անդրեասյանը:
«Իրականությանը չհամապատասխանող տեսակետներ են առկա, թե իբր որոշ երկրներ հրաժարվել են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում իրականացնելուց: Ճապոնիայի կառավարությունը ոչ թե հրաժարվել է պատվաստում իրականացնելուց, այլ պարզապես չի քարոզում այն: Վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ պատվաստման պատճառով ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել այդ երկրում: Վակցինացիայից հետո կարող են լինել որոշ կարճաժամկետ բարդություններ` տեղային ցավ, այտուց, կարմրություն, ջերմության բարձրացում»,- ասաց Մելիք-Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ Ղազախստանում ևս իրականացվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման պիլոտային ծրագիր: Սակայն այնտեղ ներկայում պարզապես չունեն հնարավորություն պատվաստումը շարունակելու համար:
Հայաստանում պապիլոմայի դեմ պատվաստումը նորություն չէ: Դեռ 2006-ից պապիլոմա վիրուսի դեմ «Ցերվարիքս»-ի պատվաստումն իրականացվել է վճարովի հիմունքներով: «ԳԱՎԻ»-ն բոլոր երկրներին աջակցում է պատվաստանյութ ձեռք բերելու հարցում: «Հայաստանը դեռ տարիներ առաջ էր դիմել «ԳԱՎԻ»` ստանալու քառավալենտ «Գարդասիլ»-ը՝ երկու տարով: Դրանից հետո երկիրն իր միջոցներով պետք է պատվաստանյութ ձեռք բերի»,- նշեց Մելիք-Անդրեասյանը:
71 զարգացած երկրներում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումն ընդգրկված է իմունիզացիայի ծրագրում, այսինքն` պարտադիր է: Սակայն յուրաքանչյուր ոք կարող է հրաժարվել: Նախկին սովետական երկրներից պատվաստում են իրականացնում Լատվիան, Լիտվան: Մոլդովան և Վրաստանն արդեն սկսում են պատվաստման ներդրման գործընթացը: