Արգենտինական սուզանավի որոնումների գոտում չճանաչված օբյեկտ է հայտնաբերվել
Արգենտինայի ռազմածովային ուժերի «Սան Խուան» կորած սուզանավի որոնումների գոտում՝ Հարավային Ատլանտիկայում, չճանաչված օբյեկտ է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Արգենտինական նավատորմի ներկայացուցիչ Էնրիկե Բալբիի խոսքով՝ այն գտնվում է 950 մետր խորության վրա եւ հեռու չէ սուզանավի գտնվելու վերջին հայտնի վայրից: Ավելի վաղ Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ դադարեցնում են կորած «Սան Խուան» սուզանավի անձնակազմի 44 անդամներին փրկելու գործողությունը: Էնրիկե Բալբին պարզաբանել է, որ ավելի քան 15 օր տեւած որոնումներն ընթացել են կրկնակի ավելի երկար, քան փրկության գործողության համար սահմանված է նման դեպքերում: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ քանի դեռ նավը չի գտնվել, ռազմածովային ուժերը չեն հայտարարի անձնակազմի զոհվելու մասին:
Ըստ որում նշվել է, որ, եթե սուզանավին չի հաջողվել ջրի մակերես բարձրանալ, այնտեղ թթվածնի պաշարը կբավականացներ 10 օրվանից ոչ ավելի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: