«Ոչ մի քաղաքական փաստաթղթում նման համապարփակ գնահատականներ չեն եղել». Ինչո՞վ է կարևոր ԵԺԿ հռչակագիրը

«Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդների կողմից տրված գնահատականներն
իրենց միասնականության մեջ աննախադեպ են, որովհետև ոչ մի քաղաքական փաստաթղթում նման համապարփակ գնահատականներ, որ կվերաբերեին և՛ Մինսկի խմբի համանախագահներին աջակցությանը, և՛ 1994թ. հրադադարի պահպանմանը, և՛ 3 սկզբունքներին, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշմանը, և՛ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի գագաթնաժողովներին, այս պահի դրությամբ չկան, որևէ այլ փաստաթղթում գրված չեն այն սկզբունքները, որոնց շրջանակներում խնդրի կարգավորման գործընթացը պետք է ընթանա: ԵԺԿ այս հռչակագիրը դրանով է կարևորվում, որ իր մեջ ներառել է վերջին զարգացումների հետ կապված բոլոր սկզբունքները, մոտեցումներն ու բանաձևերը: Սա շատ կարևոր է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով երեկ Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագիրը, որում անդրադարձ է կատարվում ԼՂ խնդրին:

Ըստ նրա` տարբեր ժամանակահատվածներում տարբեր քաղաքական ինստիտուտների կողմից եղել են առանձին հայտարարություններ տարբեր բաղադրիչների հետ կապված, բայց նման համապարփակ գնահատական չի եղել:

Հարցին` կարելի՞ է ենթադրել, որ ԱԼԳ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվելիք հռչակագրի տեքստը մոտ կլինի ԵԺԿ հռչակագրին, Ա.Աշոտյանը պատասխանեց.

«Չեմ կարող զուգահեռներ անցկացնել, որովհետև ԵԺԿ-ն, իհարկե, Եվրոպայի ամենամեծ, ամենախոշոր ու ամենաազդեցիկ քաղաքական ընտանիքն է, բայց այդ ընտանիքներից միայն մեկը և մնացած քաղաքական կուսակցությունների վերաբերմունքի հետ կապված նման մոտեցում կանխատեսել չեմ կարող:

Երկրորդ` ԱԼԳ հռչակագրի քննարկումն արվում է ոչ թե կուսակցությունների մակարդակով, այլ` ազգային պետությունների, հետևաբար` եթե այս դեպքում ունենք քաղաքական ամենաուժեղ եվրոպական կուսակցությունների գնահատականները, ԱԼԳ հռչակագիրը լինելու է անդամ պետությունների միջև համաձայնեցված տարբերակ, ոչ թե քաղաքական ուժերի»:

Ա.Աշոտյանը նշեց, որ ԱԼԳ գագաթնաժողովը պետք է ավարտվի այսօր և, եթե պետք է ընդունվի հռչակագիր, ապա այն պետք է ընդունվի այսօր:

Հիշեցնենք, որ ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագրում մասնավորապես ասվում է.

«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ հարգելով 1994-1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերը, կիրառել վստահություն կառուցող միջոցներ, նվազեցնել լարվածությունը շփման գծում, ինչպես նաև կիրառել այն միջոցները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովների ընթացքում»:

Տեսանյութեր

Լրահոս