Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ
Ակնաշեն բլուր-բնակատեղիում այս տարի իրականացված պեղումները վաղագույն արտադրող տնտեսության փաստեր են ի հայտ բերել: Ակնաշենում իրականացվող պեղումների արշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հնավայրը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է:
«Ակնաշենն այն վայրն է, որտեղ մենք Հայաստանի տարածքի համար ֆիքսում ենք բնակարանաշինության, խեցեգործության հետքեր: Այս պեղավայրը նշանակալի է նրանով, որ այստեղ ներկայացվող մշակույթը Հայկական լեռնաշխարհի վաղագույն արտադրող տնտեսության առկայության փաստեր է պարունակում»,-ասաց նա: Բադալյանի խոսքով` հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբն այս տարի աշխատանքներ է տարել ուսումնասիրելու Ակնաշենի ստորին վաղագույն շերտը, որը Ք.ա 6-րդ հազարամյակի առաջին կեսն է:
«Հուշարձանի այն շերտերում, որտեղ մենք տեղական խեցեղեն չենք հայտնաբերել, պեղել ենք ներմուծված նմուշներ, որոնք շատ բնորոշ են Հյուսիսային Սիրիայի, Իրաքի համար»,-ասաց նա, հավելելով, որ Ակնաշենից այս տարի օձաքարից զարդեր, ուլունքներ, մալախիտի եւ ազուրիտի կտորներ են պեղվել, որոնք, ըստ երևույթին, բնակչությունն օգտագործում էր որպես հումք` ներկ պատրաստելու համար:
ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշենի նեոլիթ-էնեոլիթյան բնակատեղիում աշխատանքները սկսվել են 2004 թ.-ից: Այն Կովկասի ամենալայն ուսումնասիրված հուշարձանն է, գտնվում է Քասախ գետի ստորին հատվածում` Վերին Խաթունարխ վայրում: Պեղումներն իրականացվում են հայ-ֆրանսիական համագործակցության սահմաններում: