Արդյո՞ք 120 դրամը բավարար է դպրոցներում երեխաների լիարժեք սննդի համար
Նոյեմբերի 3-ին Գյումրու «Գյումրի» հյուրանոցում ներկայացվեց դպրոցականների՝ տաք սննդի անցնելու մասին նոր ծրագիրը:
Պետբյուջեից և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից ՀՀ դպրոցներում 1-4 դասարանների աշակերտներին տրվող սննդակարգը փոխվելու է, անցում է կատարվելու տաք սննդին՝ համեմված բազմազան սննդատեսակներով:
Կայուն դպրոցական սնունդ վերապատրաստումների ծրագրի ղեկավար Պարույր Սանթրոսյանը նշեց, որ այս գործընթացը նախաձեռնել է Պարենի համաշխարհային կազմակերպությունը:
«Երեխաներին պետք է բազմազան, առողջարար ճաշ տրամադրել: ՀՀ-ն ևս այս ուղղությունն է վերցրել: Տավուշի մարզում 75 դպրոց անցում է կատարել ազգային ծրագրին: Դպրոցներից 61-ում իրականացվել է հիմնանորոգում կամ կոսմետիկ նորոգում՝ խոհանոցները և ճաշարանները բերվել են համապատասխան մակարդակի, սանիտարահիգիենիկ պայմանները բարելավվել են: Մենք պետբյուջեի ծախսային մասի աստիճանական աճ ունենք:
Կառավարության ծրագրով ամեն տարի մեկական մարզ Պարենի համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումից անցում է կատարելու ՀՀ պետբյուջեի ֆինանսավորման միջոցով «տաք սնունդ» ծրագրի իրականացմանը, որի շրջանակներում դպրոցներում նաև ջերմոցներ են կառուցվում: Շատ ծնողներ կան, ովքեր իրենց երեխաներին ասում էին, թե՝ ինչո՞ւ ես ճաշարանում հաց ուտում, սակայն իրավիճակը փոխվեց, և անկախ այն բանից, թե ով ինչ ընտանիքից է գալիս, բոլորը միասին սկսեցին դպրոցների ճաշարաններում ճաշել: Երեխաները տուն գնալով՝ հաճախ ծնողներին պարտադրում են իրենց համար տանն էլ դպրոցի սննդից պատրաստել»:
Կայուն դպրոցական սնունդ հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Եսայանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրն իրականացվում է բոլոր մարզերում, բացի Երևան քաղաքից:
«4 մարզում ծրագիրն իրականացվում է պետբյուջեի կողմից, 6 մարզերում՝ Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից: Ծրագրի շրջանակներում հանրապետությունում մոտ 60000 երեխա է սնվում՝ Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից, մոտ 27000 երեխայի պարագայում ազգային ծրագրով պետբյուջեից է իրականացվում ֆինանսավորումը:
Հաջորդ տարվա սեպտեմբերից Շիրակի մարզում ծրագիրն իրականացվելու է պետբյուջեի կողմից: 4 մարզում անցում ենք կատարել տաք սննդի, հաջորդը լինելու է Շիրակի մարզը: Վերջին 4 տարիների ընթացքում պետբյուջեից հատկացվել է 4.5 մլն դոլարին համարժեք գումար՝ ազգային ծրագրի իրականացման համար»,- ասաց Բագրատ Եսայանը:
Արդյո՞ք ռիսկեր չկան, որ երեխաների սննդի կազմակերպման համար դպրոցների տնօրենները լրացուցիչ գումարներ կվերցնեն երեխաների ծնողներից և հաշվետու չեն լինի, թե այդ գումարներն ինչ նպատակներով են օգտագործելու՝ հարցրեցի Բագրատ Եսայանին:
«Ծնողական ներդրումները ոչ միայն թույլատրված են, այլև խրախուսվում են: Այդպիսով երեխաների սնունդն ավելի բազմազան կլինի: Այլ հարց է, որ դպրոցների տնօրենները պետք է հաշվետու լինեն երեխաների ծնողներին: Ծնողական համայնքի ներգրավում և հաշվետվողականության մեխանիզմի ներդնում:
Միայն այդ ձևով կարելի է վստահություն ստեղծել: Նշեմ, որ դպրոցներում կան սոցիալապես շատ ծանր վիճակում գտնվող ընտանիքներ, և դպրոցների տնօրենները նման ընտանիքներից գումար չեն վերցնում, ծնողական ներդրումներն էլ կամավոր են: Սակայն միայն մեկ երեխայի մեկանգամյա սննդի համար տրվող 140 դրամով երեխայի սնունդն աղքատ կլինի»,- ասաց Բագրատ Եսայանը:
Նա նշեց, որ Շիրակի մարզի թիվ 1 տարածաշրջանային քոլեջում խոհարարների վերապատրաստման դասընթացներ են անցկացվում:
«Գնացեք, տեսեք, թե մեր խոհարարներն ինչպես են սնունդ պատրաստում: 260 գրամ սնունդ ամեն երեխային՝ կաղամբով, ոսպով, և մյուս 20 անուն սննդամթերքներով երեխաներին կարողանում են ապահովել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Արգամ Թամրազյանի խոսքով, 2017 թվականի սեպտեմբերի 4-ից Տավուշի մարզի գրեթե բոլոր դպրոցներն անցել են Ազգային սնունդ ծրագրին: Կառավարությունը յուրաքանչյուր երեխայի սննդի համար 140 դրամ է տրամադրում, որից 120-ն ուղղվում է աշակերտի սնվելուն, 20 դրամը՝ սննդի օգնականներին: Երեխաների համար աղցաններ, մրգերից հյութեր են պատրաստվում:
Գյումրու «Արարատ» կրթահամալիրի տնօրեն Քրիստինե Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծնողները վճարունակ չեն, «խեղճուկրակ» մարդիկ են. «Այնքան նուրբ բաներ կան, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել, դրանցով պետք է զբաղվել»:
«Մենք ունենք երկու խնդիր՝ երեխային տալ առավելագույն կալորիա և բազմազան սննդամթերք: Դպրոցներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից առողջական ռիսկերի գնահատում դեռ չի իրականացվել: Եթե դա իրականացվի՝ դպրոցներում երեխաներին տրվող սննդի մենյուն էլ կարող է ձևափոխվել: Օրական երեխային բաժին ընկնող սննդի 35 տոկոսը պետք է բաժին ընկնի դպրոցական սննդին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Ինչ վերաբերում է ալյուրի հարստացմանն արհեստական վիտամիններով, ինչպես վստահեցնում են ոլորտի պատասխանատուները, Հայաստան որևէ հարստացված սննդամթերք չի մտել, դպրոցներում ևս այդպիսի սննդամթերք չի տրվել:
Անահիտ Սիմոնյան