«Ոնց որ անապատի մեջ ջուր ուզեք». Գյումրիում գրեթե վառելափայտ չկա
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացումը պատուհաս է դարձել գյումրեցիների համար: Գյումրիում ոչ միայն գրեթե վառելափայտ չկա, այլև եղածն էլ բանի պետք չէ. վաճառքը կազմակերպվում է Անտառավան թաղամասից, մեծամասամբ՝ կաղնեփայտ է, որի մեկ խմ-ի գինը տատանվում է 23000-25000 դրամի սահմաններում: Սա՝ այն դեպքում, երբ ամռան սկզբին դեռ հնարավոր էր ավելի բարձր ջերմատվությամբ հաճարենի գնել՝ 17000-18000 դրամի սահմաններում: Գյումրիում չկա նաև բարձր ջերմատվությամբ բոխի և հաճարենի ծառատեսակների վառելափայտ:
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում, պայմանավորված որոշ բնակարաններում առկա տեխնիկական ոչ բավարար պայմաններով, ոչ բոլորն են գազ օգտագործում, սակայն այլընտրանքային վառելիք ձեռք բերելն էլ իրենց համար դժվար է:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, շատ դեպքերում բնակարանը կամ տնակներն էլեկտրաէներգիայով տաքացնելն անհնար է, քանի որ բավական մեծ ծախսերի հետ է կապված: Ոչ բոլոր ընտանիքներն իրենց կարող են թույլ տալ ամսական 30000-40000 դրամ վճարել և էլեկտրաէներգիայով բնակարանը տաքացնել: Մեծ սեփական տներն էլ էլեկտրաէներգիայով տաքացնելու դեպքում ծախսերն ավելի մեծ կլինեն:
Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանից Գյումրի վագոններով քարածուխ է գալիս: Ինչպես մեզ տեղեկացրեցին Գյումրու երկաթուղային կայարանից, ածուխն արդեն Փոթի է հասել, որը, սակայն, նախատեսված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի կարիքները բավարարելու համար:
Գյումրեցի Վանիկ Մաթևոսյանի խոսքով, երբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս տարվա հուլիսից խստացրեց ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, դա ունեցավ նաև իր բացասական հետևանքները.
«Գյումրի գրեթե փայտ չեն բերում, եղածն էլ բավական թանկ արժե: Ձմռան համար մի 4 խմ փայտ է հարկավոր, մի խմ-ն 23000 դրամով հաշված՝ համարյա գազի գին կլինի: Եթե հնարավոր լիներ՝ այդքան գումարով գազ կվառեի, բայց տան տեխնիկական պայմանները բավարար չեն այն գազիֆիկացնելու համար»,- ասաց նա:
Մեր մեկ այլ զրուցակից էլ փաստեց, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ որպես վառելիք՝ միայն գազը սպառվի. «Իրենց ձեռնտու չէ, որ ածուխ կամ լավ որակի փայտ բերեն Ռուսաստանից, միայն գազ են առաջարկում վառել»:
Իսկ ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվում Գյումրիում սոցիալապես անապահով ընտանիքներին՝ մասնավորապես՝ տնակներում բնակվող ընտանիքներին վառելափայտով օգնելու համար:
«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ 100 ընտանիքի վառելափայտ արդեն տվել են:
«Մնացածին էլ կամաց-կամաց, ամենածայրահեղ վիճակում գտնվողներին, որովհետև այս տարի անցած տարվա պես վառելափայտ տալու հնարավորություններ չունենք: Շատ սոսկալի վիճակ է: Ե՛վ փայտն է թանկ, և՛ մարդիկ են անպատրաստ: Փայտը ոչ միայն թանկ է, այլև չկա, ոորովհետև ծառերը հատելու արգելանք են դրել: Բայց պետությունը նրա համար է, որ մի բանն արգելելու դեպքում՝ այլընտրանք առաջարկեն մարդկանց: Գազի սպառման համար կառավարությունը բնակչությանը որոշակի արտոնություններ է տալիս, սակայն հաշվի չի առնում, որ Շիրակի մարզում սոցիալապես անապահով մոտ 5000 ընտանիք վառելիքի այլընտրանքային միջոց չունի, իրենք տունը փայտի վառարաններով են տաքացնում: Այդ մարդիկ ի՞նչ պետք է անեն, ինչպե՞ս պետք է ապրեն: Նաև աղբ են վառում, բայց մասսայական արտագաղթի պատճառով՝ որպես կենցաղային վառելիք ծառայող աղբը ևս պակասել է»,- ասաց Վահան Թումասյանը:
«Շիրակ» կենտրոնի ղեկավարի խոսքով, իրենք անցած տարի 1850 ընտանիքի վառելափայտ են տվել: Ընտանիքներ կան՝ 3-4 ամսվա կամ 1 ամսվա համար:
«Այս տարի վառելափայտը թանկացել է, անապահով ընտանիքներին շատ չենք կարող տալ: Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետարանին, ապա անցած տարի իրենք չեն իրականացրել նման ծրագիր, այս տարի էլ մտադիր չեն իրականացնելու: Սա ոչ միայն քաղաքապետարանի, այլև կառավարության, մարզպետարանի խնդիրը պետք է լինի: Իրենք խնդիրը մարդկանց «Շիրակ» կենտրոն ուղղորդելով են ուզում լուծել, բայց մեր կենտրոնը կառավարական կազմակերպություն չէ: Մենք սոցիալապես ամենածանր վիճակում գտնվող ընտանիքներին կարող ենք օգնել, բայց ոչ ամբողջ քաղաքին կամ մարզին: Նման հնարավորություններ մենք չունենք: Մեր մեծահարուստների մեծամասնությունն էլ չի ցանկանում օգնել անապահով ընտանիքներին: Եթե ամեն հարուստ մի 5 ընտանիքի օգներ, խնդիրը կկարգավորվեր: Հայաստանի խնդիրն այն է, որ փողը կուտակվելով մի քանի հոգու մոտ՝ շրջանառություն չի կատարում»,- հավելեց Վահան Թումասյանը:
Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետարանին, տարբեր տարիների այս կառույցը Գյումրու անապահով ընտանիքներին վառելափայտով օգնելու ծրագիր է ունեցել, այդ ծրագիրն իրականացնելու համար քաղաքային բյուջեից տարեկան որոշակի գումար է հատկացվել:
Դեռևս 2014 թվականին Գյումրու քաղաքապետարանը, հագուստի, սննդի, վառելիքի տեսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն է ցուցաբերել՝ քաղաքային բյուջեից հատկացնելով 40 մլն դրամ գումար:
Այժմ քաղաքապետարանը բավարարվում է միայն անապահով ընտանիքներին 10000-ական դրամներ հատկացնելով:
Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանն անապահով ընտանիքներին վառելափայտ հատկացնելու ծրագիր չունի, քանի որ բյուջեում գումար չկա:
«Եթե գյուղերում ծառերի էտից գոյացած ճյուղեր եղան, դա կարող է հատկացվել անապահով ընտանիքներին»,- ասաց Սոնա Առաքելյանը:
Անահիտ Սիմոնյան
Լուսանկարները՝ «Շիրակ» կենտրոնի