ԵՊՀ-ում առաջին անգամ անցկացվել է #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնը
Աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող «ՌՈՒՍԱԼ» ընկերությունը և Երևանի պետական համալսարանը համալսարանի տարածքում անցկացրեցին «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնը:
«ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» ինտերակտիվ գիտական ցուցահանդեսը ներառում է գործունեության տարբեր ոլորտներ:
Գիտափառատոնի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, «Ռուսալ Արմենալ» գործարանի գլխավոր տնօրեն Ադոլֆ Զալցմանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հանրապետության մի շարք դպրոցների աշակերտներ և այլք:
Ադլոֆ Զալցմանը բացման խոսքում նշեց, որ իրենք նպատակ ունեն ուսանողների և աշակերտների, ինչպես նաև՝ բոլոր հետաքրքրվողների համար հասանելի դարձնել գիտության տարբեր ոլորտները՝ գյուղատնտեսությունից՝ բարձր տեխնոլոգիաներ:
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի խոսքով՝ գիտափառատոնը հետաքրքիր է բոլոր ուսանողների համար՝ չնայած բնագիտական ուղղվածությանը: Ըստ Ռուբեն Մարկոսյանի՝ փառատոնը բացառիկ է հայկական բուհերի համար և նպատակ ունի երիտասարդների շրջանում սեր արթնացնել դեպի գիտությունը:
Գիտափառատոնի ընթացքում խոսվում էր 4 հիմնական ուղղության մասին՝ «Գյուտարարություն», «Գիտություն», «Տեխնոլոգիաներ», «Ռոբոտաշինություն»: Յուրաքանչյուր ոլորտ ներկայացված էր առանձին տաղավարով: Առանձին տաղավարով ներկայացված էր նաև «Ալյումինի արտադրությունը»:
«Գյուտարարություն» հատվածում մասնակիցների համար անցկացվել են միկրոէլեկտրոնիկայի վերաբերյալ վարպետության դասեր, «Գիտություն» հատվածում՝ տարաբնույթ փորձեր և ցուցադրություն: Մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև փորձել խորտիկներ՝ մոլեկուլյալ խոհանոցից:
Գիտափառատոնի ընթացքում տեղի ունեցան ոչ միայն ցուցադրություններ, այլև վարպետության դասեր:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հայկ Իշխանյանը վարպետության դասի շրջանակներում կատարեց ինտերակտիվ փորձեր: Հայկ Իշխանյանի խոսքով՝ ընտրվել էին այն փորձերը, որոնք հնարավոր էր ներկայացնել բեմից:
Կատարվող փորձերին մասնակցում էին նաև ներկաները: Հայկ Իշխանյանը նշում է, որ գիտական փորձերն այնպիսին են, որ ամեն անգամ զարմացնում են անգամ ֆիզիկոսներին, և մասնակիցների արձագանքը շատ նորմալ է:
«Գալիքի բժշկությունը» խորագրի ներքո բժիշկ-թերապևտ Ալեքսեյ Վոդովոզովը խոսեց գիտության վերջին նորարարությունների մասին, ինչպես նաև ներկայացրեց վերջերս կատարված փորձերը:
Ալեքսեյ Վոդովոզովը նշում է, որ բժշկությունն այն ոլորտն է, որտեղ անընդհատ կատարվում են փոփոխություններ, որտեղ անընդհատ պետք է նոր բան ստեղծել, որպեսզի դիմակայես նոր մարտահրավերների:
Ըստ Ալեքսեյ Վոդովոզովի՝ բժշկության ոլորտում հիմա պետք են նաև այլ մասնագիտությունների տեր մարդիկ՝ մաթեմատիկոսներ, գիտնականներ, ինչպես նաև՝ հումանիտար ուղղություններում աշխատող մասնագետներ:
Գիտափառատոնի ընթացքում մեծ հետաքրքրություն էր առաջացրել ARLOOPA-ի տաղավարը: Ընկերության ներկայացուցիչները ներկայացնում էին AR/VR տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները կրթական ոլորտում:
Նշենք նաև, որ միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը: Նախարարը ոչ միայն շրջել է տաղավարներով, այլև մասնակցել է վարպետության դասերի և ֆիլմերի ցուցադրությունների:
Սիրարփի Աղաբաբյան