«Դա կոսմետիկ լուծում է, տուժելու են նրանք, ովքեր լավ էին սովորում». Արեն Մանուկյանը՝ Զինծառայության մասին նոր օրենսդրական կարգավորումների մասին
«Այն մարդիկ, որոնք կարողացել են խուսափել Զինված ուժերում ծառայելուց, այս օրինագծից հետո ևս չեն կորցնելու այդ հնարավորությունը ու նորից խուսափելու են ծառայելուց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանուն գիտության զարգացման 2017 թվականի նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանը՝ խոսելով Զինծառայության մասին նոր օրենսդրական կարգավորումներով ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններն իրականացնելու մասին:
Հիշեցնենք, որ նոր օրենքով 18 տարեկան բոլոր տղաները պարտավոր են բանակ զորակոչվել։ Տարկետում կտան նրան, ով կորոշի, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 2-ի փոխարեն՝ 3 տարի ծառայել՝ որպես սպա: Դրա համար նա ստանալու է աշխատավարձ և պետությունից լիովին փոխհատուցում թե՛ իր բակալավրիատի ուսուցման, թե՛ հետագայում նաև մագիստրատուրայի համար:
Նախագծով նպատակային ուսումնառությունը սահմանվում է այսպես՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետին կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող քաղաքացուն՝ եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին:
Սույն կետի համաձայն՝ քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալու օրը։ Այսինքն՝ եթե ուսանողը ցանկանում է տարկետման իրավունքից օգտվելով՝ ավարտին հասցնել ուսուցումը, ընդունվել ասպիրանտուրա, ու 27 տարին լրանալուց հետո ընդհանրապես ազատվել զինծառայությունից, այս օրենքով չի կարող։
Ս. Բալդարյանի խոսքով՝ եթե նախկինում կոռուպցիան տարկետման իրավունքի շրջանակներում էր, ապա այժմ շատ հանգիստ ձևով կարող է տեղափոխվել բուժհաստատություններ: Հիշեցնենք, որ Պարտադիր զինծառայությունից տարկետում է տրամադրվում նաև առողջական և ընտանեկան վիճակի պատճառով, եթե քաղաքացին ընտրվել է ԱԺ պատգամավոր, ՀՀ կառավարության որոշմամբ և նպատակային ուսումնառության համար։ «Կարծում ենք՝ սոցիալական արդարության սկզբունքը միանշանակորեն չի ապահովվելու ներկայացվող օրինագծի ընդունման դեպքում»:
Հանուն գիտության զարգացման 2004 թվականի նախաձեռնության անդամ Արեն Մանուկյանի խոսքով էլ՝ ակնհայտ է, որ բոլոր համակարգերում էլ կա կոռուպցիա: Նա կարծում է՝ փորձում են դա մոնոպոլիզացնել, որ մի տեղում համակարգված լինի:
«Համակարգային լուծում չեն տալիս, դա կոսմետիկ լուծում է, տուժելու են նրանք, ովքեր լավ էին սովորում: Կռուպցիայի դեմ պայաքելու համար ուրիշ տեղից պետք է սկսեն, և ոչ թե՝ այս համակարգը վերացնեն: Այս ռազմահայրենասիրական պաթոսը, որ ստեղծել են, ավելի վտանգավոր է, որովհետև հետագայում դեգրադացնելու է ամբողջ հասարակությանը, տանելու է երկիրն ավելի ավտորիտար ռեժիմ, այդ ամենն ավելի կառավարելի են դարձնելու հասարակությանը, որը շարժվելու է այնպես, ինչպես ձեռնտու է իշխանություններին»,- նշեց Ա. Մանուկյանը: