Բաժիններ՝

Քրեական գործեր՝ ԴԱՀԿ պաշտոնյաների կողմից կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի ու Կոտայքի մարզային քննչական վարչություններում հարուցված երկու քրեական գործերը:

Այսպես, քրեական գործերից մեկի նյութերի համաձայն, Իջևան քաղաքի բնակիչ Տիգրան Պապյանը 2014թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում մասնատել և վաճառել է բանկում գրավադրված` 1.800.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ford transit» մակնիշի ավտոմեքենան: Այնուհետև, դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում, որոշում է կայացվել Տ. Պապյանի ավտոմեքենայի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին: Այդ նպատակով 17.06.2017թ.-ին հիշյալ քաղաքացու բնակարան է այցելել ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողը, ով, առանց ավտոմեքենան տեսնելու, կազմել է արգելանք դնելու մասին արձանագրություն, որում ներառել է փաստացի գոյություն չունեցող` Տ. Պապյանի կողմից մասնատված և վաճառված «Ford transit»-ը գույքագրելու և արգելանքի վերցնելու կեղծ տեղեկություններ:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և քաղաքացու կողմից գրավադրված` բռնագանձման ենթակա գույքն օտարելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Մյուս քրեական գործով ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Եղվարդ քաղաքի բնակչուհի Թեհմինա Պետրոսյանը դիմում բողոք է ներկայացրել Կոտայքի մարզի դատախազություն այն մասին, որ 05.03.2017թ.-ին օրինական ուժի մեջ մտած դատավճռով` նախկին ամուսնուց ալիմենտի կայուն դրամական գումարի բռնագանձման որոշում է կայացվել ամսական 50.000 դրամի չափով: Սակայն դրա վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի ընթացքում Թ. Պետրոսյանը հարկադիր ծառայությունից իրեն ուղարկված համապատասխան որոշումներում կեղծիքներ է հայտնաբերել. մասնավորապես, պարզել է, որ ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողը նշված որոշումներում ներառել է կեղծ թվագրումներ և անձնային կեղծ տվյալներ, որի հետևանքով չի բռնագանձվել ամիսներով կուտակված` 350.000 ՀՀ դրամի չափով ալիմենտի պարտքը, ու Թ. Պետրոսյանին պատճառվել է գույքային վնաս:

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Հաշվի առնելով, որ այս քրեական գործի նյութերում ևս առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը նույնպես ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս