Ինչու Ռուսաստանը թույլ կտա ստորագրել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը. մեկնաբանում է գերմանացի եվրոպագետը
«Ռուսաստանին նույնիսկ ձեռնտու է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը մի քանի պատճառներով»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը:
Հիշեցնենք, որ Յոհաննես Հանը՝ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարը, Հայաստանում է՝ Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ։ Մինչ այցը հանձնակատարը հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հստակություն չէր հայտնել ՀՀ-ԵՄ նախաստորագրված համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: «Ինչ վերաբերում է նոր Համաձայնագրի ստորագրմանը, հիմա այն արդեն նախաստորագրված է, եւ մենք համոզված ենք, որ հաջորդիվ ստորագրումն է, ինչպես ասացի՝ հնարավորինս շուտ։ Ստորագրումը բխում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերից»,- ասել էր նա։
Երևանում Յոհաննես Հանի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ըստ էության փորձել էր հստակեցնել ստորագրման ժամկետը: Նա նշել էր, որ Հայաստանը սերտ կապեր ունի ԵՄ-ի հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Նալբանդյանն ասել էր, թե Բրյուսելում նոյեմբերին կայանալիք ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ԱլԳ գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է լինել։
Սյուզան Ստյուարտն ասաց, որ Հանի այցը Երևան կարևոր հանգրվան էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար ԱԼԳ գագաթաժողովին ընդառաջ, քանի որ Հայաստանը վերջնական ներկայացրեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ իր պատկերացումը:
Ստյուարտի կարծիքով, պատահական չէին Հանի անորոշ մեկնաբանություններն այս այցից առաջ: Ըստ գերմանացի քաղաքագետի, ԵՄ-ն ակնկալում էր հստակություն և ցանկություն Հայաստանից, քանի որ Հայաստանը նախկինում հրաժարվել էր ասոցիացումից, ինչը թույլ չի տալիս ԵՄ-ին լիովին վստահել հայկական կողմին:
«Այսօր Հայաստանն ու Եվրամիությունը հարաբերությունների այլ փուլում են, որտեղ, ես վստահ եմ, ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրման արարողությունը չի տապալվի, քանի որ երեք տարի առաջ իրավիճակն Արևելյան գործընկերության գոտում այլ էր, իսկ ներկայումս՝ այլ: Այս տարիների ընթացքում Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը, ԵՄ-ն դա ընդունեց, ԵՏՄ-ն փորձում են զարգացնել, ստացվում է, որ այս փաստաթղթի ստորագրմամբ ԵՏՄ-ն համագործակցության որոշակի ձևաչափ կհաստատի ԵՄ-ի հետ, ինչը հետաքրքիր փորձառություն կլինի և ԵՄ-ի, և ԵՏՄ-ի համար:
Ռուսաստանը փաստաթղթին դեմ չի գնա, ավելին, թույլ կտա ստորագրել, քանի որ Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է, իսկ այդ կառույցն ըստ էության անիմաստ է: Արգելափակելով Հայաստանի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Ռուսաստանը յուրովի պատժեց ԵՄ-ին և Ուկրաինային, քանի որ ԵՏՄ-ն կազմավորելիս Ռուսաստանը մեծ հույսեր էր կապում առաջին հերթին՝ հենց Ուկրաինայի հետ: Այսօր տարածաշրջանում իրավիճակն էականորեն փոխվել է: Ուկրաինան պարտադրել է իր ինտեգրացիոն ուղղությունը: Կարևոր է նաև այն փաստը, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը մշակելիս Հայաստանը պարտավորություններ չի ստանձնել այն ոլորտներում, որոնցում պարտավորություններ ունի ԵՏՄ շրջանակում: Այս բոլոր կետերն էական դրական ֆոն են ստեղծում համաձայնագրի ստորագրման համար»,- ասաց գերմանացի եվրոպագետը:
Վերջինս տեղեկացրեց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն, փաստաթուղթը նման չէ ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրին, փաստաթուղթն Ասոցացում չէ, սակայն քաղաքական որոշ կետեր ստորագրվելիք փաստաթղթում պահպանվել են առանց փոփոխությունների, մեծ մշակումներ են անցել առևտրատնտեսական հարաբերությունների համար նախատեսված կետերը, որոնք էապես կրճատվել են այս փաստաթղթում: Ստյուարտի խոսքով, փաստաթղթում ներառված են ըստ էության համագործակցության հնարավոր բոլոր ոլորտները, որոնցում Հայաստանը պետք է որոշակիորեն հարմարվի ԵՄ չափանիշերին, այլապես այս համաձայնագիրն անիմաստ կլինի: «Չեք կարող ասել, որ սա թույլ փաստաթուղթ է, պարզապես սրա բոլոր կետերի իրականացման արդյունքում Հայաստանը չի ասոցիացվի ԵՄ-ին, այլ կխորացնի իր համագործակցությունը ԵՄ-ի հետ բոլոր ոլորտներում: Սրան Ռուսաստանը դեմ չէ»,- ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբանը: