Սահմանադրական դատարանը Ավետիսյանների սպանության գործով անսպասելի որոշում է կայացրել. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ավետիսյանների սպանության գործով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն այսօր անսպասելի որոշում է կայացրել:

Բանն այն է, որ սույն թվականի հունիսի 13-ին Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի կողմից ներկայացված դիմումը, որով վերջիններս վիճարկում են քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որի ուժով տուժողների քաղհայցը թողնվել էր առանց քննության: Գործով առաջին նիստը պետք է տեղի ունենար վաղը ժամը 10:00-ին:

Սակայն երեկ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը ՍԴ-ից ստացել է որոշում՝ գործի վարույթը կարճելու մասին:

Գործով դատավարության պատասխանող կողմ էր ներգրավվել ՀՀ Ազգային ժողովը, Կառավարությունը եւ Դատական դեպարտամնետը:

«Անսպասելիորեն ՍԴ-ը կայացրել է գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում, այն էլ փաստացի դատական նիստի նախաշեմին. նիստը պետք է տեղի ունենար վաղը: ՍԴ-ն հանկարծ պարզել է, որ տվյալ դեպքում առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մեր կողմից բողոքարկվել էր վերադասության կարգով (վերաքննիչ դատարանը թողել էր առանց քննության, պատճառաբանելով, որ այդ որոշումը ենթակա չէ բողոքարկման), բողոքարկվել է ընդհանուր դատավճռի հետ միասին»,- ասաց Կիվիրյանը:

Տուժող կողմը տվյալ դեպքում գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376․1 հոդվածն իր բովանդակությամբ հակասում է ՀՀ Սահմանադրության 61 եւ 63 հոդվածներով նախատեսված դրույթներին: Ավելի վաղ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել քաղաքացիական հայցն ընդունել վարույթ, իսկ հետագայում հրաժարվել էր վարույթ ընդունել` այդ մասով կայացնելով որոշում, որը վերաքննության կարգով բողոքարկվել էր:

Վերաքննիչ քրեական դատարանը վերաքննիչ բողոքը թողել էր առանց քննության, նշելով, որ այդ որոշումը ենթակա չէ բողոքարկման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376․1 հոդվածով չի նախատեսվում այդ որոշման բողոքարկման հնարավորություն: Եթե ՍԴ-ն գտնում էր, որ տվյալ դեպքում այստեղ սահմանադրականության հարց չի բարձրացվում, կարող էր ընդհանրապես դիմումը վարույթ չընդունել, սակայն ընդունել է վարույթ եւ նշանակել դատական նիստ: Երեք պետական մարմին նաեւ եզրակացություն են տվել այդ հարցի առնչությամբ: Կառավարության կողմից ներկայացվել էր դիրքորոշում՝ փաստելով, որ այո՛, այդ որոշումը ենթակա էր բողոքարկման: Իրապես կարեւորում էինք ՍԴ-ի կողմից այս հարցի առնչությամբ կայացվելիք որոշումը, ընդ որում` իրավական զարգացման տեսանկյունից, սակայն տեսանք, թե ինչպիսի դիրքորոշում արտահայտեց ՍԴ-ն։ Նշենք, որ ՍԴ-ի կողմից, բարձրացված հարցի առնչությամբ ակնկալվող որոշումը կարող է հիմք հանդիսանալ՝ վերանայման վարույթ հարուցելու համար»,- մեր զրույցում ասաց Արամազդ Կիվիրյանը:

Հարցին, թե ՍԴ այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ տեսնում է, փաստաբանն ասաց, որ սա այն գործն է, որտեղ քաղաքական ենթատեքստ չէր կարող չլինել: Դրա վառ ապացույցն է այն հանգամքը, որ քաղհայցը որեւէ ձեւով քննության առարկա չդարձավ: «Ընդունվեց վարույթ եւ անօրինական ձեւով որոշում կայացվեց վարույթ չընդունելու վերաբերյալ»,- ասաց Կիվիրյանը: Մեր հարցին, թե որոնք են լինելու հետագա գործողությունները, Արամազդ Կիվիրյանն ասաց, որ պատրաստվում են քաղհայցի մասով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հայցով Ավետիսյանների իրավահաջորդները ՌԴ-ից պահանջում էին 450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս