««Ելքը» ցանկանում է հակառուսական հենքի վրա ձևավորել սեփական քաղաքական դեմքը». Կոնստանտին Զատուլին
Հարցազրույց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հետ
– Պարոն Զատուլին, «Ելք» դաշինքը հանդես է եկել ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու նախաձեռնությամբ: Խորհրդարանական խմբակցությունն առաջարկել է հանձնաժողով ստեղծել` քննարկելու համար ԵԱՏՄ-ի բոլոր դրական ու բացասական կողմերը, նախատեսվում են նաև լսումներ: ԵԱՏՄ-ում ինչպե՞ս են վերաբերվում այս գործընթացին:
– Ես ամբողջ ԵԱՏՄ-ի համար պատասխան տալ չեմ կարող, այդ հարցը կարելի է ուղղել նաև Հայաստանի պաշտոնյաներին, քանի որ ձեր երկիրն էլ ԵԱՏՄ անդամ է:
Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի ջանքերին` կազմաքանդելու բոլոր այն կառույցները, որոնց Հայաստանն անդամակցում է, կամ առնվազն, չգիտեմ ինչպես անվանել` «Արմսիտ» թե «Երևանսիտ», ինչպես «Բրեքսիտն» էին կոչում, ապա, իմ կարծիքով, եթե մի քիչ օբյեկտիվ լինենք, «Ելքի» ներկայացուցիչները, բացի միությունից դուրս գալուց, որևէ այլ բան չեն առաջարկում:
Այսինքն` Հայաստանի համար ո՞րն է այլընտրանքն այսօր այն ամենին, ինչ կապված է եվրասիական ինտեգրման հետ: Եվրոատլանտյան ինտեգրացիա՞ն է: Դե ինչ, Հայաստանն արդեն եղել է ԵՄ-ի հետ ասոցիացման և ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի ստորագրման ուղու վրա, բայց հետաձգել է այդ պայմանագրի կնքումը: Որքանով ինձ հայտնի է, մոտական ժամանակներում Հայաստանը դժվար թե կարող է հուսալ դառնալ ԵՄ անդամ: Այնպես, ինչպես շատերը` սկսած Ուկրաինայից: Եվ ես կասկածում եմ, որ կարող է հույս ունենալ անդամակցել ՆԱՏՕ-ին, առավել ևս՝ հուսալ, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Հայաստանի սահմանները և հանդես կգա նրա տարածքային ամբողջականության երաշխավորի դերում, եթե Հայաստանը հայտնվի վտանգի առջև:
Մենք պարզ պատկերացնում ենք, թե որտեղից է գալիս Հայաստանի պատմական սպառնալիքը, և Հայաստանի տարածքում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը կոչված է սառը ջուր լցնել նրանց վրա, ով կցանկանա հակահայկական հիստերիա բարձրացնել ու դավեր նյութել Հայաստանի դեմ:
Եթե «Ելք» դաշինքն ինչ-որ ավելի լավ բան առաջարկի Հայաստանի համար, ապա, կարծում եմ, այդ լսումների մեջ ինչ-որ իմաստ կլինի: Հակառակ դեպքում՝ դա պարզապես ցանկություն է՝ ցուցադրել ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հանդեպ սեփական անհարգալից վերաբերմունքը և սեփական բացասական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ` որպես այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ի հիմնական նախաձեռնող և մասնակից: Այսինքն, պարզ ասած, դա ցանկություն է՝ խզել Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող սերտ կապերը: Բայց եթե «Ելք» դաշինքը կայանալու այլ հնարավորություն չունի, քան Հերոստրատի նման ինչ-որ բան հրկիզելը, ապա այդ դեպքում էլեկտորալ տեսանկյունից՝ նրանք շատ ճիշտ են վարվում:
– Այդ գործընթացն ինչպե՞ս կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա:
– Ես դեռևս չեմ տեսնում որևէ գործընթաց: Այդտեղ տեսանելի է միայն մեկ քաղաքական կուսակցության ցանկությունը` ձևավորել սեփական քաղաքական դեմքը հակառուսական հենքի վրա: Նման փորձեր մենք շատ ենք տեսել տարբեր երկրներում, բայց առավել վառ օրինակն Ուկրաինան է: Ես ուզում եմ հարց ուղղել նրանց` գուցե որևէ մեկը Հայաստանում ոգեշնչվո՞ւմ է Ուկրաինայի օրինակով, որն այսօր ամենավառ կերպով հակառուսական քաղաքականության գիծ է տանում այս ամբողջ տարածաշրջանում: Գուցե Ուկրաինայի ճակատագիրը, որ նման իրավիճակում է հայտնվել, նախանձելի՞ է, և պետք է շուտափույթ կերպով ներգրավվե՞լ համանման աշխատանքում: Կարո՞ղ են «Ելքի» ներկայացուցիչները պատասխանել այս հարցերին:
– Հայաստանի իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարումները, Հայաստանի անվտանգությունն ու ԵԱՏՄ-ում անդամությունը սերտորեն փոխկապակցված են: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
– Կարծում եմ` աշխարհում ամեն ինչն է փոխկապակցված: Ձեր նշածը գուցե ֆորմալ առումով փոխկապակցված չէ, բայց կարծում եմ, որ այդ հարցում արժե վստահել Հայաստանի իշխանություններին, նրանք գրագետ և կոմպետենտ մարդիկ են և ամեն ինչ հիանալի հասկանում են` ի տարբերություն այլոց:
– Նոյեմբերին Հայաստանը նախատեսում է Եվրամիության հետ ստորագրել նոր պայմանագիր: ՀՀ և ԵՄ պաշտոնյաները վստահեցնում են, որ փաստաթուղթը լիովին համատեղելի է Հայաստանի այլ պարտավորությունների հետ: Ձեր կարծիքով` խոչընդոտներ իսկապես չկա՞ն:
– Այդ հարցը ևս ճիշտ կլիներ ուղղել Հայաստանի պաշտոնյաներին, որոնք տեղյակ են բանակցություններից: Ինձ համար ակնհայտ է, որ այն փաստաթուղթը, որը ժամանակին բանակցության առարկա էր Հայաստանի և Եվրամիության միջև, այն Հայաստանին ծանրաբեռնում էր պարտավորություններով` փոխարենը՝ համարժեք իրավունքներ չտալով: Պարտավորությունները վերաբերում էին ոչ միայն տնտեսական ոլորտին, թեև թվում էր, թե խոսքը գնում է ազատ առևտրի մասին, բայց իրականում խնդիրը վերաբերում էր նաև անվտանգության ոլորտին և այլ հարցերի:
Եվ իրականում շատ քչերն էին նեղություն կրել ամբողջությամբ կարդալու այդ բազմաէջանոց փաստաթուղթը: Օրինակ` Ուկրաինայում անգամ նախկին նախագահ Յանուկովիչը մինչև վերջին պահը չէր հետաքրքրվում, թե ինչ է պատրաստվում ինքը, ըստ էության, ստորագրել:
Եվ ահա պայմանագիրը տիպային էր, և որպես տիպային փաստաթուղթ՝ այն, իմ կարծիքով, որոշակի խնդիրներ էր առաջացնում, թեև ընդհանուր առմամբ Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի հանդեպ, ԵՄ-ի հետ ինչ-որ հարաբերություններ զարգացնել ցանկացող երկրների հանդեպ հետևյալն է` եկեք քննարկենք այդ հարցը և գտնենք փոխընդունելի որոշումներ, որպեսզի որևէ մեկին որևէ բան չարգելվի:
Մենք, օրինակ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ չենք պահանջել հրաժարվել ԵՄ-ի հետ համագործակցության որևէ տարբերակից: Հակառակը` հենց Եվրամիությունն է իր նախկին ղեկավարներից ոմանց շուրթերով, մասնավորապես` Բարոզուի, որն այն ժամանակ ղեկավարում էր ԵՄ գործադիր մարմինները, «կամ-կամ»-ի պայման առաջադրել: Այսինքն` կա՛մ ԵՄ հետ ասոցացումն էր, կա՛մ ԵԱՏՄ անդամակցությունը, և ահա ընտրեք, եթե ուզում եք ասոցիացվել ԵՄ-ի հետ, ուրեմն ոչ մի անդամություն ԵԱՏՄ-ի հետ չի կարող լինել: Այդ նրանք էին իրենց Արևելյան գործընկերության շրջանակներում բավականին ագրեսիվ` մտածելով, որ այդ տեսակետից Ռուսաստանն ի սկզբանե պարտվում է որևէ այլ մրցակցության մեջ:
Բայց մենք ապրում ենք այս տարածաշրջանում, որը մեզ շնորհվել է Աստծո կողմից, պատմությամբ և աշխարհագրությամբ: Եվ այս տեսակտից, ինչպես ասում է ռուսական ասացվածքը` «За морем телушка – полушка, да рубль перевоз», այսինքն` տնտեսական գործընթացներ կազմակերպելու, տարածքային ամբողջականություն, քաղաքական կայունություն և անվտանգություն ապահովելու ԵՄ-ի ջանքերը, ամբողջ հարգանքի պարագայում էլ, ակնհայտորեն անվաբարար են, քանի որ խոսքը գնում է այլ տարածաշրջանի մասին:
Օրերս ելույթ էր ունենում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և ասում էր, որ ցավում է Մյանմայի իրադարձությունների, փախստականների արտաքսման համար, բայց ոչինչ անել չի կարող: Պարոն Յունկերը շատ իրատեսական մարդ է, և իսկապես ԵՄ-ն, բացի ցավելուց, ոչինչ անել չի կարող Մյանմայում:
Ես կարծում եմ, որ Հայաստանը, իհարկե, Մյանմա չէ, շատ հեռու է այդպիսի իրադարձություններից, բայց եթե Մյանմայի նման իրադրություն ստեղծվի, Եվրամիությունը կրկին ոչինչ չի կարողանա անել, բացի միայն ցավակցելուց` ի հեճուկս այն իրողությունների, որ առկա են ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածքում, որտեղ կան ԵԱՏՄ-ն, այլ տեսակի միություններ, երկրներ, որոնք դրանց անդամակցում են, և երկրներ, որոնք չեն անդամակցում:
Հետխորհրդային տարածքում նա խաղացող չէ, նա միայն հայտարարում է իր մասին, միայն հավակնում է ճակատագիր կերտողի այդ դերին այս տարածաշրջանում, բայց կարծում եմ, դա նրա մոտ դեռևս չի ստացվում: Հատկապես, կրկնեմ, եթե ուշադրություն դարձնենք Ուկրաինայի, Մոլդովայի և այլ երկրների ճակատագրերին, որոնք առնվազն պաշտոնական մակարդակով իրենց հեռանկարը կապում են Եվրամիության հետ:
– Ի՞նչ եք մտածում Ադրբեջանի շուրջ զարգացող միջազգային սկանդալի` «Ադրբեջանի լվացքատան» հետաքննության մասին, որի կապակցությամբ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել և կոչ արել բացահայտել Բաքվի կողմից փողերի լվացման փաստերը, մինչդեռ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանը ՌԴ-ի դաշնակիցն է:
– Թե ի՞նչ է հայտարարել Զախարովան, ինձ չի հետաքրքրում, դա ինձ համար գործողությունների ուղեցույց չէ, տիկին Զախարովան տալիս է իր գնահատականները: Ինչ վերաբերում է բնորոշմանը, որ Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է, որքան ես տեղյակ եմ, դա սկզբունքորեն բոլորովին կապ չուներ «Ադրբեջանի լվացքատան» հետ: Ընդհանրապես, մեզ մոտ դիվանագետները հենց դիվանագետ են, որպեսզի կոմպլեմենտար հայտարարություններ անեն գործընկերության, համագործակցության մասին:
Մենք այսօր, գտնվելով գուցե պատերազմից հետո ամենադժվար հարաբերությունների մեջ ԱՄՆ-ի հետ, հայտարարում ենք` «մեր ամերիկյան գործընկերները», ինչը երկրում շատերի կողմից ընդունվում է շատ տարօրինակ կերպով, որովհետև թվում է, թե մենք գրեթե դաշնակիցներ ենք ԱՄՆ հետ:
Բայց դա այդպես չէ, դա դիվանագիտական էթիկա է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, իհարկե, մեր հարաբերություններն այնպիսին չեն, ինչպես ԱՄՆ-ի հետ այս պահին, բայց մենք Ադրբեջանի հետ հարևաններ ենք, ինչը կարևոր է, մենք չենք ցանկանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարդացում մի շարք պատճառներով, քանի որ Ռուսաստանում կա ադրբեջանական սփյուռք, ինչպես կա մեծ հայկական սփյուռք, մենք չենք ցանկանում ինչ-որ բախումներ տեղափոխել ռուսական հողի վրա, մենք չենք ցանակնում, որ հետ կանգնելով Ադրբեջանից, նրան դրդենք համախոհներ փնտրել այլ տեղերում և ագրեսիվություն դրսևորել, այդ թվում նաև՝ մեր դաշնակիցների հանդեպ, ինչպես Հայաստանն է:
Բայց պետք է ընդգծեմ, որ մենք Ադրբեջանի հետ լրիվ այլ որակի հարաբերություններ ունենք, քան Հայաստանի հետ: Ադրբեջանի հետ միասին մենք ԱՊՀ կազմում ենք, բայց այն չի մտնում ո՛չ ԵԱՏՄ-ի, ո՛չ էլ ՀԱՊԿ-ի մեջ: Այսինքն` ո՛չ տնտեսական, ո՛;չ ռազմաքաղաքական միության մեջ մենք Ադրբեջանի հետ չենք մտնում: Բայց մնացած դեպքերում կարող եք հնարավորինս լավ խոսել ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, եթե դա օգուտ է գործին:
Իսկ խնդրի էությունը շարադրված է պաշտոնական փաստաթղթերում, որոնք բոլորին հայտնի են: ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի պայմանագրերում արտացոլվում են միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունները: Վերջերս ՌԴ նախագահը Դումա է ուղարկել ԵԱՏՄ շրջանակներում Մաքսային միության մասին բազմաչարչար փաստաթուղթը: Ադրբեջանն այնտեղ չկա, իսկ Հայաստանը կա: Կարող եք ինքներդ դատել, թե Ադրբեջանն ինչ չափով է Ռուսաստանի դաշնակիցը: