Բաժիններ՝

«Հայաստանում սոցցանցերով դավաճանությունների պատճառով ամուսնալուծությունների տենդենց կա». Հոգեբան

«Ընկեր կամ ապագա զուգընկեր ընտրելուց պետք է հաշվի առնել ռեզոնանսային համակարգը. դրա մեջ մտնում են և՛ սոցիալական, և՛ ինտելեկտուալ, և՛ սեռական, և՛ հուզական ռեզոնանսները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Էլոնա Ավետյանը:

Նրա խոսքով՝ եթե զույգերից երկուսն էլ դա հաշվի են առնում, ու երկուսի նպատակները համընկնում են, այդ դեպքում շատ ամուր ընտանիք կստեղծվի. «Կոնֆլիկտի պատճառ կարող է լինել այն, որ զույգերն ընդհանուր ապագա, նպատակ չունեն: Լինում է, որ նոր են ամուսնանում, սկզբնական շրջանում էմոցիոնալ ոլորտը վառ երևում է, ժամանակ է անցնում, ու դա հանգում է: Այստեղ պատճառն այն է, որ զույգերը միմյանց հետ աշխատանք չեն տանում հարաբերությունների պահպանման համար: Միգուցե սկզբից հավանում են արտաքին տեսքը կամ որևէ այլ գործոն, բայց ժամանակ է անցնում, և դա հանգում է, պետք է ավելի խորքային մտածել: Դրա համար մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս, որ և՛ ֆիզիոլոգիապես, և՛ հոգեբանորեն ճիշտ է, որ մարդիկ 25 տարեկանից հետո ամուսնանան»:

Հոգեբանը նկատեց, որ ծնողների բաժանումը միշտ ազդում է նաև երեխաների հոգեվիճակի վրա. «Բաժանումը նման է փոքր մահի, դա երեխաների համար ևս մեծ հոգետրավմա է: Նրանք կարող են շատ բարդույթներ ունենալ: Ես ունեցել եմ այցելուներ, որոնց երեխաների մոտ նույնիսկ կակազություն էր սկսվում, եթե դեռահասներ են լինում, դառնում են կոնֆլիկտային»:

Հարցին, թե՝ համաձա՞յն է, որ այսօր հայ երիտասարդները շատ անլուրջ են վերաբերվում իրենց զուգընկերոջն ընտրելու հարցին, Է. Ավետյանն այսպես պատասխանեց. «Մեծ մասը կախված է մեր հայկական մենթալիտետից: Այստեղ էլի միջամտում են ծնողները, մինչև հիմա մնացել է այն, որ ծնողն է ընտրում զուգընկերոջը, կամ որոշում են, որ տվյալ ընտանիքի հետ պետք է բարեկամական կապ պահեն, և այլն, ու դա խանգարում է: Այստեղ երևում է, որ զույգերից երկուսն էլ հասուն չեն»:

Ըստ հոգեբանի՝ երբ ծնողներն աղջկան կամ տղային ստիպում են ամուսնանալ՝ ասելով՝  «արդեն տարիքդ անցել է», և այլն, վտանգները բավականին լուրջ են. «Կան երիտասարդներ, որոնք զոհաբերում են իրենց հանուն նրա, որպեսզի ընտանեկան կոնֆլիկտներ չառաջանան, բայց արդյոք երջանիկ կլինե՞ն: Եթե մասնագետներին լսենք, ավելի լավ է՝ մարդը մնա միայնակ և երջանիկ, փայլ լինի աչքերի մեջ, քան զույգով ու տառապանքի մեջ»:

Հոգեբանը նկատեց նաև, որ կան զույգեր, որոնք նախօրոք ամուսնական պայմանագրեր են կնքում, ինչը, ըստ նրա, նորմալ ու գրագետ մոտեցում է, բայց «Հայաստանում դա շատ հազվադեպ է պատահում»:

168.am-ի հարցին՝ իսկ դրա անհրաժեշտությունը կա՞, Է. Ավետյանն այսպես պատասխանեց. «Անհրաժեշտությունը, կարծում եմ, կա, որպեսզի հետագայում էլ շատ դեպքերում աղջիկներն իրենց զոհ չզգան ու մնան, այսպես կոչված, կալանքի տակ»:

Հոգեբանի խոսքով՝ սոցցանցերով դավաճանությունների պատճառով ամուսնալուծությունների տենդենց կա. «Մոտ 20-30 տոկոսը սոցիալական ցանցերն են բերում ամուսնալուծության»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս