«Եթե օգնում են մարդկանց, փորձում են դա անել՝ առանց վերելակը բացելու, ասում են՝ եկեք մենք ձեզ գրկենք, բարձրացնենք»
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող 668 ավտոբուսներից 25-ի վրա վերջին 2-3 տարիների ընթացքում վերելակներ են տեղադրել, բայց այս պահին միայն 7-ն են աշխատում, թվով 18-ը սարքին չեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը։
Նրա խոսքով՝ վերջին երեք տարիների ընթացքում տարեկան 10 ավտոբուս էր հարմարեցվում, բայց 2016 թ. քաղաքապետարանը սկսել է նվազեցնել համարեցվող՝ վերելակներով կահավորվող ավտոբուսների թիվը 10-ից հասցնելով 5-ի։
«Սա ևս շատ մեծ խնդիր է. ստացվում է, որ մենք 41 ավտոբուսային երթուղիներում ընդամենը 3 երթուղի ունենք կահավորված 7 ավտոբուսով։ Երկու օր առաջ հանձնաժողովի նիստում ինձ հավաստիացրին, որ սեպտեմբերին բոլոր վերելակները սարքին կլինեն, կաշխատեն, այսինքն՝ մենք սպասում ենք, որ սեպտեմբերին գոնե այս 25 ավտոբուսների վերելակները աշխատեն, բայց եթե նույնիսկ այս վերելակներն աշխատեն, դրանք շատ չնչին թիվ են կազմում, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդու, մասնավորապես՝ տեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացու կյանքում որևէ փոփոխություն բերեն»,- նկատեց Զ. Բաթոյանը։
Նրա խոսքով՝ մյուս ամենալուրջ խնդիրը տեղեկատվության բացակայությունն է. այդ ավտոբուսների մասին չկան չվացուցակներ, մատչելի որևէ աղբյուր, որտեղից մարդը կկարողանա տեղեկանալ՝ որ ավտոբուսը որ կանգառում կլինի որ ժամին։ Խոսելով կանգառների խնդրից՝ Զարուհի Բաթոյանն ասաց.
«Կա 834 կանգառ, որից մոտ 350-ն ունեն կանգառասրահներ, բայց դրանցից ես ինքս գոնե մեկը չեմ տեսել, որ մատչելի լինի սայլակ օգտագործող մարդուն։ Եթե որևէ հրաշքով ես հայտնվեմ կանգառում և սպասեմ այն հույսով, որ լինելու է ավտոբուս, օրինակ՝ անձրևի դեպքում, ես չեմ կարող նույն իրավունքից օգտվել, ինչ մյուս քաղաքացիները»։
Հուլիսի 24-ին Երևանի քաղաքապետարանում աշխատանքային քննարկման ժամանակ Զարուհի Բաթոյանն առաջարկություններ է ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ եղել են հետևյալ կետերը.
«Պետք է հարմարեցնել տարեկան նվազագույնը 50 ավտոբուս։ Գումարը, որը տրամադրվում է ավտոբուսը վերելակով կահավորելու համար, աստղաբաշխական չէ. յուրաքանչյուր վերելակի համար տրամադրվում է 4 մլն դրամ»։
Հաջորդ առաջարկն է՝ ստեղծել կոնկրետ չվացուցակ հարմարեցված ավտոբուսների համար. «եթե ընդհանուր բոլորի համար չկա, ապա այդ ավտոբուսների համար պարտադիր պետք է լինի և պետք է լինի հասանելի։ Պետք է ապահովել վերելակների տեխնիկական սպասարկումը։ Ընդամենը երեք տարվա ընթացքում տեղադրված վերելակների կեսից ավելին չեն աշխատում այսօր։ Պետք է հարմարեցնել կանգառասրահները»։
Զ. Բաթոյանի առաջարկությունների մեջ տեղ է գտել նաև վարորդների համար դասընթացների կազմակերպումը, որովհետև, նրա խոսքով՝ մենք ականատես ենք լինում դեպքերի, երբ վարորդներն իրազեկ չեն, բացասական վերաբերմունք, վարքագիծ են դրսևորում կամ ավտոբուսը չեն կանգնեցնում, կամ չեն մոտենում, իսկ եթե օգնում են մարդկանց, փորձում են դա անել՝ առանց վերելակը բացելու, ասում են՝ եկեք մենք ձեզ գրկենք, բարձրացնենք։
«Համընդհանուր դժգոհության ալիքը վտանգավոր է, մարդիկ դժգոհում են, և պետք է իրավիճակը փոխել։ Այն քայլերով, որոնցով առաջնորդվում է Երևանի քաղաքապետարանը, հնարավոր չէ դժգոհությունները կանխել, կամ այնպես անել, որ մարդիկ իրենց լիարժեք զգան իրենց մայրաքաղաքում»,- նշեց Զարուհի Բաթոյանը։
Ասուլիսին ներկա Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ նկատեց, որ Երևանի քաղաքապետարանը 840 հազար եվրո է վճարել բրիտանական կազմակերպությանը՝ քայլեր իրականացնելու, նախագիծ ներկայացնելու քաղաքային տրանսպորտի բարելավման ուղղությամբ:
«Դեկտեմբերից դիմում եմ քաղաքային իշխանությանը և բրիտանական ընկերությանը՝ հնարավորություն ստեղծել հանդիպել այդ մարդու հետ։ Բրիտանացի մասնագետին անձամբ դիմել եմ, միշտ շտապում է, ասում է՝ ես մեկնում եմ։ Պարզվում է՝ դա ընկերություն չէ, այլ ընդամենը մեկ մարդ։ Մի մարդն ինչպե՞ս կարող է քննարկել կամ կազմակերպել այս հսկայածավալ աշխատանքը։ Այդ քննարկումների ժամանակ ներկա են լինում նաև տեղացիներ, բրիտանացին շտապում է Լոնդոն, բա հայերն ո՞ւր են, ինչքա՞ն կարելի է պարտիզանական ձևով աշխատել»,- ասաց պարոն Պողոսյանը։
Նա առաջարկում է փոխել կազմակերպաիրավական ձևը, ստեղծել բաց բաժնետիրական ընկերություն, որի բաժնետերերը կլինեն և՛ քաղաքային իշխանությունները, և՛ գծատերերը։
Ռոզա Հակոբյան