Բաժիններ՝

Թուրքիայի մեջլիսի լիագումար նիստում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը

Թուրքիայի սահմանադրական հանձնաժողովի կողմից ընդունված, մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը, որն այսուհետ արգելելու է նաև ամբիոնի մոտից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, քննարկման է դրվել լիագումար նիստում: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Փաթեթին դեմ հանդես եկող քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Օզգյուր Օզելը, մոտենալով ամբիոնին, ի նշան բողոքի այն ծածկել է սև կտորով: Պատգամավորը հայտարարել է, որ ներկայացվող առաջարկը հակասահմանադրական է: «Դուք այս առաջարկով խլում եք պատգամավորների խոսքի ազատությունը: Սա մեջլիսը 250 տարով հետ կտանի»,- հայտարարել է պատգամավորը:

Ներքին կանոնակարգի մասին օրենքների փաթեթի քննադատությամբ են հանդես եկել նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները: Պատգամավոր Միթհաթ Սանջարը նշել է, որ ներկայացվող առաջարկը երկու նպատակ ունի. «Առաջինը՝ խորհրդարանում ընդդիմությանը չեզոքացնելն է, առանց ընդդիմություն խորհրդարան ստեղծելը: Երկրորդ նպատակը միաձայն խորհրդարան և հետևաբար միաձայն հասարակություն ստեղծելն է»:

Մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթի պաշտպանությամբ են հանդես եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Հուլիսի 25-ին մեջլիսը կշարունակի փաթեթի շուրջ քննարկումները:

Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողով ներկայացված օրենքների փաթեթը ենթադրում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Որպես «վիրավորանք» են ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթները հնչեցնելուն:

Ըստ փոփոխությունների՝ պատգամավորները կուսակցության խմբակցության առաջարկները ներկայացնելիս առավելագույնն ունենալու են հինգ րոպե: Այն պատգամավորները, ովքեր ընտրվելուց հետո մեջլիսում չեն երդվի, չեն կարողանա օգտվել իրենց իրավունքներից:

Օրենքը խախտող պատգամավորներին նախատեսվում է ժամանակավոր հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպես նաև պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մոր 12 հազար թուրքական լիրա (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):

Փոփոխությունների այս առաջարկին դեմ են հանդես եկել քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Վերջինիս հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով 2017 թվականին պատժվել էր մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, փոփոխությունների առաջարկն անվանել է «ԱԶԿ-ԱՇԿ ազգայնական ավտորիտար կոալիցիայի առաջարկ»:

Օրենքների փաթեթը քննադատել էր նաև քեմալական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը՝ նշելով, որ դրանցով պարզապես փորձ է արվում մեջլիսում լռեցնել ազգային փոքրամասնությունների ձայնը: «Անկասկած, ոչ ոք չպետք է և չի վիրավորի թուրք ժողովրդի պատմությունն ու համատեղ անցյալը: Սակայն ի՞նչ կասեք մյուս ազգերի համար: Օրինակ հայ ժողովրդի պատմությունը կարելի՞ է վիրավորել»,- ասել էր պատգամավորը:

Գարո Փայլանը 2017 թվականի հունվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառից: Այն բանից հետո, ինչ Փայլանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս