Սամվել Ալեքսանյանը գնել է Հովիկ Աբրահամյանի ընկերությունները. վերջինս կապիտալը տեղափոխում է Գերմանիա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնում է Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի մի մասը, մասնավորապես՝ «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»։ Երեկ մեր լուրը պաշտոնապես հաստատեցին:

Օլիգարխին պատկանող ընկերությունից՝ «Ալեքս տեքստիլի» մարկետինգային հարցերով պատասխանատու Քրիստինա Ներսեսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ տրիկոտաժի ֆաբրիկայի տարածքը մոտ մեկ-երկու ամիս առաջ է գնվել: «Նպատակը տնային տեքստիլի արտադրություն սկսելն է: Արտադրվելու է սրբիչ, ինչպես նաև կտորեղենի արտադրություն է լինելու»,- ասաց ընկերության մենեջերը՝ հավելելով, որ մինչև այս տարվա վերջ կամ գուցե հաջորդ տարվա սկիզբ պլանավորում են սկսել արտադրությունը:

Գրել էինք նաև, որ Ալեքսանյանը ձեռք է բերել Աբրահամյանին պատկանող մեկ այլ՝ «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարանը» ևս: Այս մասով էլ հաստատեցին մեր տեղեկությունը՝ մեզ փոխանցեցին, որ «Մեխզավոդը» գնվել է, այն վատ վիճակում է և այժմ վերանորոգվում է։ Թե երբ կվերագործարկվի, հայտնի չէ, բայց «մեծ թվով աշխատատեղեր կբացվեն»։ Հիշեցնենք, որ այս ձեռնարկությունները պատկանում էին ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով, ըստ լուրերի, կապիտալը տեղափոխում է Գերմանիա՝ պատրաստվում է այնտեղ բիզնես ծավալել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս