Կոս կղզում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան. ԱԳՆ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության տվյալներով՝ Հունաստանի Կոս կղզու մոտակայքում գրանցված երկարաշարժի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգից:

«Ըստ Հունաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Կոս կղզու մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Էգեյան ծովում՝ Թուրքիայի և Հունաստանի ափերին մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Հիմնական հարվածը ստացել են թուրքական զբոսաշրջային Բոդրում քաղաքը և հունական Կոս կղզին: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.7 բալ: Էպիկենտրոնը գտնվել է Բոդրումից 10.3 կմ, իսկ Կոսից՝ 16.2 հեռավորության վրա: Առաջին ցնցումներից հետո գրանցվել են մի քանի հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը եղել է 5.1 մագնիտուդով: Սեյսմոլոգները հայտնել են Էգեյան ծովում ոչ մեծ ցունամիի մասին: Նախնական տվյալներով՝ Կոս կղզում մահացել է երկու մարդ, տուժել են 120-ը: Կղզու վրա քանդվել են մի շարք շինություններ: Թուրքական Բոդրումում բժշկական օգնության համար դիմել է 70 մարդ: Թուրքական NTV-ն հայտնում է, որ մարդիկ հիմնականում կոտրվածքներ և կտրվածքներ են ստացել շինությունների պատուհաններից դուրս թռնելու հետևանքով:

Տեսանյութեր

Լրահոս