Հնդկաստանի նախագահ է դարձել Ռամ Նաթ Քովինդը
Ռամ Նաթ Քովինդը, որին առաջադրել էր կառավարող Բհարաթիա ջանաթա պարտին (ԲՋՊ, Հնդկաստանի ժողովրդական կուսակցություն), ընտրվել Է Հնդկաստանի նախագահ: Այս մասին հաղորդել է ընտրական հանձնաժողովը: NDTV հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Քովինդը հավաքել է քվեատուների ձայների ավելի քան 65 տոկոսը:
Քովինդը դարձել է 1950 թվականից ի վեր երկրի 14-րդ նախագահը, երբ Հնդկաստանում սահմանվել է նախագահի պաշտոնը: Բացի դրանից Քովինդը դարձել է դալիթներից սերած երկրորդ նախագահը. Հնդկաստանում այսպես են կոչում անձեռնմխելիների ստորին կաստաների անդամներին: Երկրի գործող նախագահ Փրանաբ Մուքերջիի լիազորությունները լրանում են հուլիսի 24-ին, պետության ընտրյալ ղեկավարը պաշտոնը կստանձնի հաջորդ օրը:
Ռամ Նաթ Քովինդը ծնվել է 1945 թվականին Բրիտանական Հնդկաստանի Միացյալ Նահանգներում (այժմ Ութար Փրադեշի նահանգ) դալիթների ընտանիքում: Առեւտրի եւ իրավունքի բակալավի աստիճան է ստացել Քանփուրի համալսարանում, այնուհետեւ 16 տարի փաստաբան է աշխատել Դելիի Բարձր դատարանում եւ երկրի Գերագույն դատարանում:
1994 թվականին Ութար Փրադեշի նահանգից ընտրվել է խորհրդարանի վերին պալատում, դրա անդամ է եղել մինչեւ 2006 թվականի մարտը: 2015 թվականի օգոստոսին նշանակվել է Բիհարի նահանգի նահանգապետ (այժմ հեռացել է պաշտոնից նախագահի թեկնածու առաջադրվելու պատճառով): Ամուսնացած է, ունի որդի եւ դուստր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: