Ստամբուլում ձերբակալված իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են
Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Իրավապաշտպանները հուլիսի 17-ին ցուցմունք են տվել Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում, ինչից հետո որոշում է կայացվել նրանցից 6-ին կալանավորելու, իսկ չորսին պայմանականորեն ազատ արձակելու վերաբերյալ:
Կալանավորված իրավապաշտպանների թվում են նաև Amnesty International-ի երկու աշխատակիցները:
Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորմանն աջակցելու» մեջ:
Թուրքիայի իրավապահ մարմինները հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների: Իրավապաշտպանները հյուրանոցներից մեկում մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մի ծրագրի, երբ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են ներկաներից ավելի քան տասին: Ձերբակալվածներին չեն ասել, թե ինչ մեղադրանքով են տարվում ոստիկանական բաժանմունք: Հուլիսի 11-ին հայտնի է դարձել նրանց կալանքի ժամկետը ևս մեկ շաբաթով երկարաձգելու որոշման մասին:
Կատարվածի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել միջազգային Amnesty International կազմակերպությունը, որը խորը մտահոգություն է հայտնել ակտիվիստներին անհիմն պատճառներով ձերբակալելու առնչությամբ: Կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:
Միացյալ Նահանգները ևս մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ՝ կոչ անելով ազատել իրավապաշտպաններին ու պահպանել Թուրքիայի սահմանադրությամբ երաշխավորված ազատությունները: