Բաժիններ՝

Ժողովրդագրական ճգնաժամին ընդառա՞ջ

Բնակչության բնական աճն այն կարևոր բաղադրիչներից է, որն ապահովում է հասարակության բնականոն զարգացումը և հնարավորություն է տալիս դրա հիման վրա կատարել ռազմավարական կանխատեսումներ: Ոչ մի երկիր չի կարող ծրագրավորել իր հետագա սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումն առանց հստակ ժողովրդագրական քաղաքականության, որի նշանակությունը ժամանակակից աշխարհում գնալով աճում է:

Աշխարհի բազմաթիվ երկրներում գործում են ծնելիության խրախուսման բազմաթիվ ծրագրեր: ՀՀ-ում ևս գոյություն ունի ծնելիության խրախուսման 2016-2018թթ. միջնաժամկետ ծրագիր, որի բաղադրիչներից մեկն էլ երրորդ երեխայի ծննդյան դեպքում 1 մլն դրամով խրախուսումն է: Գործում է նաև ծննդաբերական սերտիֆիկատների տրամադրման քաղաքականությունը: Մշակվել է նաև նորաստեղծ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը, որը, սակայն, միջոցների սղության հետևանքով դեռևս չի գործում:

Ինչպես ցույց են տալիս խորհրդային տարիներին անցկացված մարդահամարները, Հայաստանի բնակչությունը բնականոն աճ է գրանցել, որը տարեկան կտրվածքով կազմել է մոտ 1,5 տոկոս:

Այսպես, անցյալ դարի 80-ական թվականներին Խորհրդային Հայաստանի բնական աճի տեմպերը բավականին բարձր էին, որի բարձրակետը 1986թ. էր, երբ գրանցվեց 20-րդ դարի Հայաստանի ժողովրդագրական դիտումների ամենաշատ ծնելիության ցուցանիշը՝ 81.192 երեխա: Ըստ վիճակագրական տվյալների՝ 1985-1991թթ. Հայաստանում ծնվել էր 544.654 երեխա:

Կարդացեք նաև

Ծնելիության այս բարձր ցուցանիշը կտրուկ փոփոխվում է Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած: Պատճառները սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացումն էր, Սպիտակի աղետալի երկրաշարժը, շրջափակումը և Ղարաբաղի համար մղվող ազատագրական պատերազմը:

Եթե 1992թ. Հայաստանում ծնվել է 70.581, 1997թ.՝ 43.929, ապա 2001թ. այդ թիվն իջավ մինչև 32.065 երեխայի: Ընդհանուր առմամբ, ՀՀ անկախության առաջին տասնամյակում ծնվել է 464.457 երեխա, մահացությունը կազմել է 247.064 մարդ, իսկ բնական աճը՝ 217.443 մարդ:

Պետք է նշել, որ 1992-2001թթ. նախորդ տասնամյակի համեմատ բնական աճը կրճատվել էր 5,3 անգամ: Բնակչության բնական աճի դինամիկան, սկսած 1992թ.-ից, անընդհատ նվազել է, որն արտագաղթի հետ ավելի է ազդել բնակչության թվաքանակի փոփոխությունների վրա:

Ծննդաբերության տարեցտարի նվազման պատճառները ոչ միայն պետք է փնտրել վերարտադրողական տարիքի մարդկանց զգալի հատվածի բացակայությամբ, այլև այդ ժամանակահատվածում հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի խորապատկերին:

Սպասվում էր, որ 2001թ. Հայաստանում իր ամենացածր կետին հասած ծնելիությունն աճ պետք է գրանցեր, քանի որ ակտիվ ամուսնական տարիք էին մուտք գործում 20-րդ դարի 70-ական թվականների վերջի և 80-ականներին ծնված սերունդը, որոնց թիվը զգալիորեն գերացանցում էր 60-70-ականների ծնվածների թվին:

Ըստ կանխատեսումների՝ տարեկան պետք է ծնվեին առնվազն 50-60 հազար երեխաներ: Սակայն այդ կանխատեսումները լիովին չարդարացան: Եթե 2002թ. Հայաստանում ծնվել էր 32.380 երեխա, ապա 2010թ. այդ ցուցանիշը հասավ 44.800-ի, իսկ արդեն 2011թ.-ից սկսեց նվազել: Չնայած 2002-2011թթ. գրանցված ծնունդների թվաքանակի աճին, այն 1992-2001թթ. համեմատ կրճատվել էր 1.2, իսկ բնական աճի ցուցանիշը 1.8 անգամ: Պատճառն այն էր, արտագաղթի հետևանքով հայ երեխաների մեծ մասը ծնվել էր արտերկրում, իսկ դա բավականին պատկառելի թիվ է կազմում: Եվ եթե 20-րդ դարի առաջին տասնամյակում Հայաստանում գրանցվեր  միջինը 50-60 հազար ծնունդ, ապա դա կարող էր որոշակի կայունություն հաղորդել ժողովրդագրական գործընթացներին, որը 2011թ. սկսած միայն հետընթաց է արձանագրում:

Սակայն այս իրողության բացակայությունը մոտակա տասնամյակներում բացասաբար է ազդելու ժողովրդագրական գործընթացների վրա: Հայկական ընտանիքը, որը 20-րդ դարի 80-ական թթ. միջինը բաղկացած էր 4,7 մարդուց, այսօր կազմում է ընդամենը 3,3 մարդ: Վերջին տասնամյակում քիչ է այն ընտանիքների թիվը, որտեղ երեխաները քանակը անցնում է երեքից:

Խզվել է երեխաներ ունենալու հաջորդականությունը: Եթե մինչ անկախությունը դա կազմում էր 2-3 տարի, ապա ներկայումս 4-7տարի: Իսկ երրորդ և ավելի երեխաներին շատ քիչ ծնողներ են ներկայումս գնում: Եթե 1997թ. ծնունդների ընդհանուր թվաքանակում 24,7 տոկոսը եղել են 3 և ավելի ծնված երեխաները, ապա 2015թ. տվյալներով այդ ցուցանիշը նվազել է մինչև 19 տոկոսի:

Բարվոք չէ նաև բնական վերարտադրության վիճակը: Վերարտադրողական տարիքում գտնվող կանայք ունենում են միջինում 1,6 երեխա, այն դեպքում, երբ պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է ունենալ 2,1 երեխա:

Պետք է նշել, որ ներկայումս Հայաստանը մուտք է գործել ժողովրդագրական գործընթացների նոր փուլ: Եվ արդեն իսկ զգացնել են տալու վերջին տասնամյակների անբարենպաստ միգրացիոն և ժողովրդագրական գործընթացները:

2011թ. Հայաստանում անցկացված մարդահամարը ցույց տվեց, որ էականորեն վատթարացել են Հայաստանի բնակչության սեռատարիքային ցուցանիշները: Թեև 2001թ. համեմատ 2011թ. 0-4 տարեկանների խմբում մոտ 4 տոկոսի աճը խոսում էր ի նպաստ ծննդաբերության ավելացման, սակայն այդ ցուցանիշը 80 տոկոսով զիջում էր 1989 թվականին, որը խոսում է ժողովրդագրական խորը անկման մասին: 5-9 տարեկանների խմբում վիճակն ավելի անհանգստացնող էր: 2001-2011թթ. ընթացքում նրանց թիվը պակասել էր 80542-ով: Իսկ 10-14 տարեկանների մոտ այդ ցուցանիշն ավելի բարձր էր՝116.400 երեխա: 15-19 տարեկանների թիվը նվազել էր 41314-ով:

Այս ժողովրդագրական իրավիճակը իսկապես մտահոգիչ է, և մոտակա տարիներին խնդիրներ է առաջ բերելու ինչպես բանակի թվակազմի համալրման, այնպես էլ հանրակրթական և բարձրագույն ուսուցման համակարգում: Այսպես, 2012թ. համեմատ 2019թ. բանակ զորակոչվող երիտասարդների թիվը կնվազի 30 տոկոսով, և դա այն դեպքում եթե բացառենք արտագաղթը: Բարձրագույն ուսումնական ոլորտում 2016թ. համեմատ 2017թ.-ին դիմորդների թիվը նվազել է 1500-ով և մոտակա տարիներին այդ ցուցանիշը դեռևս նվազելու է:

Ժողովրդագրական հաջորդ ցավալի խնդիրն այն է, որ Հայաստանում կտրուկ ավելացել է 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվը: Եթե 1979թ. նրանք կազմել են բնակչության 7,9 տոկոսը, 1989թ.՝ 9,2, ապա ներկայումս նրանց թիվն արդեն իսկ գերազանցում է 15 տոկոսը: Եթե Հայաստանից շարունակվող արտագաղթը չդադարի, և տեղի չունենա ծնելիության ցուցանիշի աճ, ապա մոտակա տասնամյակում 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվը կգերազանցի 20 տոկոսը, որը կհասցնի նրան, որ Հայաստանը կունենա “ծերացող” հասարակություն, որը հղի է տնտեսական և սոցիալական անդառնալի հետևանքներով:

Իսկ դա կարող է տեղի ունենալ նաև այն հանգամանքով պայմանավորված, որ ներկա ժողովրդագրական ժամանակահատվածում ամուսնական ակտիվ տարիք են մուտք գործում նախորդ դարի 90-ական թթ. ծնված սերունդը, որոնց թիվը մոտ 40 տոկոսով ավելի քիչ է, քան 1980-ականներին ծնվածներինը: Դրա ապացույցն է նաև այն, որ 2016թ.-ին 2012թ. համեմատ Հայաստանում ծնունդների թիվը նվազել է 4,6 տոկոսով, մահերի թիվն ավելացել է 2, իսկ բնական աճն պակասել է 6 տոկոսով: Ծնելիության հետագա նվազումը և մահերի թվի ավելացումը կարող է հանգեցնել նրան, որ արդեն իսկ 2025թ. մահերը Հայաստանում կգերազանցեն ծնունդներին և բնական աճը կունենա բացասական ցուցանիշներ: Այս հանգամանքը էլ ավելի կարող է խորացնել  ժողովրդագրական բացասական վիճակը և արագացնել բնակչության թվաքանակի նվազումը:

 Հետազոտության ամբողջական տարբերակը հասանելի է ՄԱՀՀԻ կայքում

Արտակ Մարկոսյան
Պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս