ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է նախատեսում. ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է նախատեսում, որի մասին հայտարարությունները համընկել են Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելու հետ։ Որոշ փորձագետներ այս այցի և պատժամիջոցների նոր փաթեթի հայտարարման միջև ուղիղ կապ են տեսնում։ Կարծիքներ կան, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին հայտարարելը լրացուցիչ ճնշման և կոշտ դիրքորոշման ցուցիչ է։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց, որ կապ չի տեսնում Զարիֆի այցի և պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ հայտարարության մեջ, քանի որ, ըստ նրա՝ այդ փաթեթը մեկ օրում չի մշակվում, քննարկվում և ընդունվում։ Բայց ԱՄՆ ընդհանուր քաղաքականության համատեքստում, նրա խոսքով՝ այս պատժամիջոցների փաթեթը «տրամաբանական» է թվում։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ նոր վարչակարգը փորձում է Իրանի նկատմամբ ճնշման ծավալները որոշակիորեն ավելացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերը, չնայած՝ Արևմուտքի զանազան «կանխարգելիչ» գործողությունների, ուժեղանում են։ Դա ստիպված էր խոստովանել նաև ԱՄՆ պետքարտուղարն իր հարցազրույցներից մեկում։ Բնական է, որը ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ որպես կարևորագույն ճնշման լծակ՝ դիտարկում է հենց պատժամիջոցների հանգամանքը։ Իրանի դիրքերը որոշակիորեն թուլացնելու, նրանից զիջումներ կորզելու նպատակով նմանատիպ քաղաքականություն այժմ իրականացվում է»,- պարզաբանեց իրանագետը։

Նրա համար, ըստ նրա՝ շատ ավելի կարևոր է, որ պատժամիջոցները չունենան միջազգային բնույթ. «Իրանին ամենևին ձեռնտու չէ միջազգային պատժամիջոցների ռեժիմում գտնվելու հանգամանքը։ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները, չնայած՝ ազդեցություն ունենում են իրանական թե՛ ներքաղաքական, այսպես ասած՝ խոսույթի վրա, թե՛ նաև տնտեսության որոշ հատվածների վրա, բայց այսուհանդերձ, այդքան էլ նշանակալի և զգալի չեն։ Հետևաբար՝ իրանցիները հիմնականում աշխատում են միջազգային պատժամիջոցներից խուսափելու ուղղությամբ. հատկապես այն պատժամիջոցներից, որոնք վերաբերում են տնտեսական ոլորտին»։

Ոսկանյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները հիմնականում վերաբերում են Իրանի ռազմաարդյունաբերությանը, առանձին անհատների տեղաշարժերին և մի քանի այլ ոլորտների, որոնք Իրանի համար կենսական նշանակություն չունեն. «Մինչդեռ միջուկային ծրագրի հետ կապված նախկին պատժամիջոցների միջազգային հատվածն էական ազդեցություն էր թողնում իրանական տնտեսության վրա և նաև՝ ընդհանուր երկրում հոգեբանական իրավիճակի վրա, ինչից իրանցիները կարողացան հաջողությամբ դուրս գալ՝ կնքելով Վեցնյակի հետ համաձայնագիր, և այս պահին էլ իրականացնելով այդ համաձայնագիրը՝ դրա տառին և ոգուն համաձայն»։

Անդրադառնալով Զարիֆի այցին, իրանագետը նկատեց՝ բազմաթիվ փորձագետներ Իրանի ԱԳ նախարարին գնահատում են՝ որպես չափազանց լուրջ դիվանագետ, որը կարողանում է նաև միջազգային ասպարեզում ազդել հասարակական տրամադրությունների վրա՝ թե՛ իր վարքագծով, թե՛ իր հռետորական ունակություններով. «Եվ նման բարձր ամբիոնից նրա ելույթը, ակնհայտ է, որ Իրանին բերելու է օգուտներ։ Այս առումով՝ մենք գործ ունենք իրանական դիվանագիտության, թերևս, ամենապայծառ դեմքերից մեկի հետ, որը հստակորեն կարողանում է սեփական պետության շահերն առաջ տանել և ազդել նաև Իրանի շուրջ զարգացումների վրա, ինչը, բնականաբար, չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին»։

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի վերլուծաբան, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, իրանագետ Աննա Գևորգյանի կարծիքով՝ եթե անգամ նախապես պլանավորված չէր, որ հենց Զարիֆի այցի ժամանակ է լինելու պատժամիջոցների նոր փաթեթի մասին հայտարարությունը, այդ կապը փորձելու են տեսնել և՛ փորձագետները, և՛ Իրանի հասարակությունը, և՛ ԱՄՆ-ի հասարակությունը։ Ըստ նրա՝ դիվանագիտության մեջ էլ նման քայլերը նաև հոգեբանորեն ճնշում գործադրելու շատ լուրջ լծակներ են։

Բայց, ըստ իրանագետի՝ այն, թե Զարիֆն ԱՄՆ-ում ինչ հաջողություններ կգրանցի, այս պահին շատ ավելի կարևոր է, քան այդ պատժամիջոցների փաթեթի քննարկումը, որովհետև դրանք նորություն չեն։

«Հիմա շատ ավելի կարևոր է, թե Զարիֆն ինչպես կկարողանա ընդհանուր սեղանի շուրջ բանակցությունները շարունակել և ցույց տալ, որ դեռևս հնարավորություն կա ընդհանուր լեզու գտնելու։ Զարիֆի այցի հետ կապված նախ՝ պետք է անպայման ուշադրություն դարձնել և հիշել, որ անձերի խնդիրը շատ մեծ ազդեցություն է թողնում բանակցությունների վրա։ Զարիֆն իր պաշտոնավարման 4 տարվա ընթացքում ցույց է տվել, որ իր մոտ հաջողվում է հարթել այդ ճգնաժամային իրավիճակները»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Ա. Գևորգյանն ընդգծեց, որ Զարիֆի այցի հետ կապված սպասելիքներն այն են, որ բանակցությունների արդյունքում հնարավոր լինի ցույց տալ՝ Թրամփի նախընտրական և հետընտրական շրջանների այդ կոշտ դիրքորոշումները չեն կարող ազդել այդ համապարփակ ծրագրի իրագործման վրա, որովհետև, ըստ էության, դա միայն իրանաամերիկյան ծրագիր չէ. «Այստեղ ներգրավված են նաև մյուս երկրները, և ետ քայլ անել հնարավոր չէ։ Մոգերինին էլ այդ մասին հայտարարել է, որ ԵՄ-ն էլ ամեն ինչ անելու է, որ ծրագիրն իր վերջնական նպատակին հասնի։ Եվ, ըստ էության, ամենակարևոր սպասելիքն այդ ազդակն է. այսինքն՝ Զարիֆը ստանա այդ ազդակն Ամերիկայից, որ ինքն էլ հնարավորություն տեսնում է, որ ամերիկացիները չշարունակեն այդ ծրագրի իրականացումը կասեցնելու քաղաքականությունը»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից հայտարարված պատժամիջոցների նոր փաթեթին ու դրանց կարևորությանը, իրանագետն ասաց, որ դրանք էական են նախ և առաջ՝ հոգեբանական, հասարակության մեջ մեկուսացված լինելու մթնոլորտն ընդգծելու տեսանկյունից. «Բացի դրանից՝ դրանք ոչ միայն ռազմաքաղաքական են, այլև որոշակի առումով՝ նաև տնտեսության վրա են ազդում. ոչ այն չափով, որքան միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները, բայց այնուամենայնիվ, ունենում են իրենց ազդեցությունը։ Տարատեսակ դեղերի ներմուծումից սկսած և տարբեր կենցաղային իրերի արտադրությամբ վերջացրած՝ դրանք ունենում են իրենց ազդեցությունը տնտեսության վրա։ Եվ այս իմաստով կարևոր է գոնե թույլ չտալ, որ պատժամիջոցներն ավելացվեն»։

Աննա Գևորգյանի կարծիքով՝ ամերիկյան կրթության, Արևմուտքի կողմից հասկացված և ընդունված լինելու, իր կապերի, դիվանագիտական հմտությունների շնորհիվ՝ Զարիֆը կարող է հաջողություններ գրանցել ԱՄՆ-ում. «Անկախ նրանից, որ քաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում ավելի շատ է հակաիրանական դառնում հենց ԱՄՆ-ի գլխավորությամբ, բայց հնարավոր է, որ դիվանագետի մասնակցությամբ դա մի փոքր մեղմվի»։

Տեսանյութեր

Լրահոս