ԵՀ-ն Հունգարիայի նկատմամբ հետաքննություն է սկսել «օտարերկրացի գործակալների» մասին օրենքի պատճառով
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Հունգարիայի նկատմամբ հետաքննություն է սկսել այդ երկրում ընդունված «օտարերկրացի գործակալների» մասին օրենքի պատճառով: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը հուլիսի 13-ին տարածվել է Բրյուսելում։
«Եվրահանձնաժողովը գործարկում է Հունգարիայում դրսից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքի խախտման հետաքննության ընթացակարգ»,- նշված է փաստաթղթում:
«Մենք ուշադրությամբ ուսումնասիրեցինք նոր օրենքը եւ հանգեցինք այն եզրակացության, որ այն չի համապատասխանում Եվրամիության օրենսդրությանը: Մենք ականկալում ենք, որ Հունգարիայի կառավարությունը երկխոսություն կսկսի (ԵՀ-ի հետ), որպեսզի հնարավորինս շուտ լուծվի այս հարցը: Մենք Հունգարիայի իշխանությունների արձագանքին ենք սպասում մեկ ամսվա ընթացքում»,- ընդգծել են Եվրահանձնաժողովում:
Հունիսի 16-ին Հունգարիայի նախագահ Յնոշ Ադերն ստորագրել է խորհրդարանի ընդունած օրենքը, որը ոչ կառավարական կազմակերպություններին պարտավորեցնում է հայտնել արտասահմանից իր ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկատվությունը: Օրենքը չի ազդի ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքի վրա, բայց պետությանը թույլ կտա տեսնել եւ վերահսկել «օտարերկրացի գործակալների» գործունեությունը:
Յուրաքանչյուր ոչ կառավարական կազմակերպություն պարտավոր է գրանցվել, նշել արտասահմանյան ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաեւ իր փաստաթղթերն ուղեկցել «արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպություն» կից գրությամբ: Նոր միջոցը նպատակամղված է այն կազմակերպություններից լրացուցիչ հաշվետվության ստացմանը, որոնք արտասահանից տարեկան ավելի քան 7,2 միլիոն ֆորինտ (23,4 հազար եվրո) են ստանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: